Aravot.am-ը տեղեկացրել է, թե ինչպես դեկտեմբերի 26-ին Հայաստանի տնտեսագիտական համալսարանում ծառայություն իրականացնող ոստիկանները եւ բուհի ուսխորհրդի ներկայացուցիչները՝ ռեկտոր Կորյուն Աթոյանի ցուցումով լրագրողներին խոչընդոտեցին լուսաբանել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությունը: Նաեւ հայտնել էինք, որ ոստիկանները չմիջամտեցին, երբ բուհի ուսանողները քաշքշում ու հայհոյում էին իրենց օրինական մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին:
Դրան հետեւեց ՀՀ Ոստիկանության արձագանքը, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ոստիկանությունն ուսումնասիրում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպին առնչվող նյութերը՝ հետագայում գնահատականներ տալու նպատակով։
Ու քանի որ այդ օրվանից բավական ժամանակ է անցել, Aravot.am-ը Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում են այդ ուսումնասիրությունները: «Դեռ շարունակվում են, ու քանի որ տոներ էին, վաղը կեսօրին որոշում կկայացվի»,-ասաց պարոն Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ տնտեսագիտական համալսարանում կատարվածի առնչությամբ վեց լրագրողական կազմակերպություն հանդես էր եկել հայտարարությամբ ՝ պահանջելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն՝ տեղի ունեցածի վերաբերյալ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից՝ քննել տնտեսագիտական համալսարանի ռեկտորի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու հարցը՝ ուսանողներին անբարո գործի մեջ ներքաշելու համար, իրավապահ մարմիններից՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ