Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո’չ վարչապետը, ո’չ նախագահը ճիշտ բնութագրումներ չեն տվել»

Հունվար 08,2014 18:21

Սահմանադրությունը սերունդների համերաշխություն է քարոզում, վարչապետն՝ առաջարկում` ամեն մարդ հույսն իր վրա դնի

«Պարտադիր կուտակային համակարգը տարածվում է միայն փոքրամասնության վրա: Պարտադիր վճարողներ են մոտ 250 հազ. հոգի, որը զբաղվածների նույնիսկ 25%-ը չի կազմում»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց տնտեսագետ Սամվել Ավագյանը: Վկայակոչելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե մեր պետությունը հրաժարվում է սերունդների համերաշխության սկզբունքից, քանի որ այլընտրանք չունենք, եւ մեջբերելով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Էկոնոմիկայի նախարարությունում հնչեցրած այն տեսակետը, թե «Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում», պարոն Ավագյանին խնդրեցինք մեկնաբանել վարչապետի եւ ՀՀ նախագահի խոսքերի հակասությունները: Ըստ Սամվել Ավագյանի` «Մնացած 75%-ը այս համակարգից դուրս է, օրինակ՝ գյուղատնտեսությունում 500 հազար զբաղվածները: Այդ 75%-ի կենսաթոշակի աղբյուրը պարզ չէ, քանի որ նրանց համար վճարումներ անողներ չեն լինի: Հավանաբար՝ նրանց կենսաթոշակը կծանրանա բյուջեի վրա, ինչը մաքուր իմաստով սերունդների համերաշխություն չէ, սակայն նաեւ կուտակային համակարգ չէ: Հետագայում մենք հնարավորություն կունենանք ավելի ճշգրիտ ձևակերպելու այդ նոր համակարգի բովանդակությունը, քանի որ կարծում եմ՝ մինչ այդ նորից փոփոխություններ կլինեն: Եթե այս ամենը ընդհանրացնենք 30 տարի հետոյի վրա՝ կստացվի, որ ո’չ վարչապետը, ո’չ նախագահը ճիշտ բնութագրումներ չեն տվել»:

Ներկայացնելով մի շարք հասարակական-քաղաքական գործիչների, իրավաբանների այն հիմնավորումներն էլ, թե կենսաթոշակային նոր համակարգը հակասահմանադրական է եւ հակասում է, մասնավորապես ՀՀ Սահմանադրության 36-րդ հոդվածին, որն, ըստ էության, պաշտպանում է յուրաքանչյուր ընտանիքում եւ քաղաքացիական հասարակությունում սերունդների համերաշխության գաղափարը, «Իրավունքի գերակայություն» հ/կ նախագահ Արտակ Զեյնալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դիմել են Սահմանադրական դատարան եւ բարձրացրել «Կուտակային կենսաթոշակների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ եւ 86-րդ հոդվածների դրույթների՝

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1, 3, 6, 8. 14, 14.1, 31, 34, 36, 37,42, 45, 48 եւ 117-րդ հոդվածների պահանջներին համապատասխանության հարցը:

Ըստ Արտակ Զեյնալյանի, օրենքի վերը նշված դրույթները համադրելով Սահմանադրության հետ եւ իրականացնելով պարզ վերլուծություն, կարող ենք եզրահանգել, որ սահմանելով անձի չհարկված աշխատավարձից պարտադիր կուտակային 5-10 տոկոս վճար, Օրենքի 7-րդ եւ դրա հետ թղթակցվող 45-րդ հոդվածներով խախտվում է Սահմանադրությամբ պաշտպանվող անձի սեփականության իրավունքը: Ա. Զեյնալյանի ներկայացմամբ, կուտակային վճարը գանձելու եւ մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելու օրենքով պարտադրվող նորմը հակասության մեջ է մտնում Սահմանադրության 45-րդ հոդվածի հետ, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Իրավաբան Զեյնալյանի վստահեցմամբ, օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասության մեջ է մտնում սոցիալական պետության Սահմանադրական համակարգի հետ եւ չի նպաստում Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացմանը:

Անդրադառնալով Սահմանադրության 36-րդ հոդվածին,  Ա. Զեյնալյանը նշեց. «Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչում կենսաթոշակների բաշխողական կամ սերունդների համերաշխության համակարգից պարտադիր անցում է կատարվում անհատական կամ «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգին, որն իր հերթին  հակասության մեջ է մտնում նաեւ Սահմանադրության 36-րդ հոդվածի հետ: Այս հոդվածի համաձայն,  չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների համար: Ըստ էության Սահմանադրության 36-րդ հոդվածը, հիմք ընդունելով Սահմանադրության նախաբանը, պաշտպանում է յուրաքանչյուր ընտանիքում եւ քաղաքացիական հասարակությունում սերունդների համերաշխության գաղափարը, որը կենսաթոշակային ապահովության ոլորտում, որպես անաշխատունակ անձանց սոցիալական պաշտպանության համակարգ, կիրառվում է որպես սերունդների համերաշխության սկզբունքի հիման վրա ձևավորված բաշխողական համակարգ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031