Aravot.am-ը փորձեց կապվել «Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը Դանիայում ներկայացնող Արամ MP3-ի հետ՝ պարզելու թե ինչո՞վ էր պայմանավորված իր մասնակցությունը, նաեւ այն, թե արդյոք Արամ MP3-ին չի՞ վախենում այն քննադատություններից, որ, որպես կանոն, մեզ մոտ ամեն մասնակցի ցուցաբերած մասնակցությունից լինում է: Սակայն նրա հետ կապվել չհաջողվեց, չպատասխանեց հեռախոսազանգերին:
Փոխարենը` մեզ հետ զրույցում «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը ասաց, որ Արամ MP3-իմենեջերային աշխատանքներով զբաղվում է «Վիտամինի» Վլադը, սակայն նա եւս հարցազրույց չի տալիս:
Իսկ մեր հարցին պատասխանելով՝ Գոհար Գասպարյանն ասաց. «Չեմ ուզում իր փոխարեն պատասխանել, բայց դա ցանկացած արտիստի համար էլ նորմալ է: Մեր արտիստներն այնքան են քննադատվել, որ կոփվել են: Մենք դեռ կունենանք պաշտոնական հանդիպումներ, որտեղ կունենաք հնարավորություն նրան հարցեր տալու համար: Բայց այժմ չենք կենտրոնանում նման բաների վրա, աշխատում ենք երգի ընտրության վրա: Համենայնդեպս պետք է նշեմ, որ ինտերնետում բոլորը շատ ոգեւորված են, որ Արամն է գնալու «Եվրատեսիլ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ