Լրահոս
Օրվա լրահոսը

2 զոհ եւ 2 վիրավոր ելքով վթարի մեղավորը հայտնաբերվել եւ կալանավորվել է

Հունվար 08,2014 18:03

Գյումրի քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված, վագոն-տնակում բնակվող Կարապետ Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2013թ մայիսի 26-ին « Մերսեդես Բենց» մակնիշի ավտոբուսով Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 88 կմ-ում, դեպի Վրաստանի սահմանի ուղղությամբ ժամում 70 կմ արագությամբ ընթանալիս թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 65 եւ 66 կետերի եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի պահանջներին հակասող գործողություններ, որոնց հետեւանքով ավտոբուսն ընկնելով սահքի մեջ եւ դառնալով անկառավարելի, դուրս է եկել հանդիպակած երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի բանուկ մասից դեպի ձախ, ենթարկվել է վթարի, որի հետեւանքով ուղեւորներ Ավետիք Թորոսյանը՝ տեղում, Լիանա Մկրտչյանը՝ հիվանդանոցում մահացել են, Ռուդիկ Խաչատրյանը ստացել է առողջության ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս, իսկ Հրաչիկ Խաչատրյանը՝առողջության միջին ծանրության վնաս:

Նախկինում դատված, դատվածությունը մարված Կ. Կոջօղլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը»): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կ. Կոջօղլյանը պատշաճ կերպով տեղեկացված լինելով Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Բերդի նստավայրում 2013թ. նոյեմբերի 14-ին նշանակված նիստի մասին, դատարան չի ներկայացել: Դատարանը նոյեմբերի 14-ին կայացրել է ամբաստանյալին բերման ենթարկելու որոշում:

Նշված որոշումը ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ուղարկելուց հետո, ամբաստանյալը դատական նիստի օրվա, ժամի եւ վայրի մասին տեղեկացվել է հեռախոսագրով, սակայն 2013թ. նոյեմբերի 26-ին նշանակված դատական նիստին դարձյալ չի ներկայացել:

Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է ամբաստանյալ Կ. Կոջօղլյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, փոխել եւ խափանման միջոցը ընտրել կալանավորումը, որոշման կատարումը հանձնարարել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնին, քրեական գործի վարույթը կասեցնել մինչեւ ամբաստանյալի հայտնաբերումը:

2013թ. դեկտեմբերի 9-ին «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից հեռախոսով դատարանին տեղեկացրել են, որ ամբաստանյալ Կ. Կոջօղլյանը գտնվում է այդ քրեակատարողական հիմնարկում: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում վերսկսվել է սույն գործով դատավարությունը, հերթական նիստը նշանակված է հունվարի 14-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031