Aravot.am-ի հարցին, մի՞թե Հայաստանը այնքան հարուստ է, որ «Եվրատեսիլ – 2014» երգի մրցույթի համար նախատեսված ծախսերը խնդիր չեն մեզ համար, ինչպես օրինակ՝ այն 12 երկրների պարագայում (Խորվաթիա, Սլովակիա, Չեխիա, Լյուքսեմբուրգ, Բուլղարիա, Կիպրոս, Սերբիա, Մոնակո, Անդորրա, Թուրքիա Բոսնիա եւ Հերցոգովինա), որոնք հրաժարվել են իրենց մասնակցությունը ցուցաբերել այդ մրցույթին, պատճառաբանելով ֆինանսական հնարավորությունները, «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատասխանեց. «Խնդիրը ոչ թե հարուստ երկրի, կամ հնարավորությունների մեջ է, այլ նրա, թե որքանով է այդ մրցույթը պոպուլյար տվյալ երկրում եւ դրանից էլ կախված՝ տվյալ հեռուստաընկերությունը արդյոք պատրաստ կլինի՞ գումար ծախսել դրա վրա, թե՞ ոչ: Հիմա մեզ մոտ այս մրցույթը պոպուլյար է, այսինքն` արդարացվում է իր բոլոր սպասումները ամեն տեսակետից եւ մարդիկ սպասում են նրան: Այդ երկրներում մրցույթը կորցրել է իր վարկանիշը եւ մարդիկ մտածում են, որ իմաստ չունի այդքան գումար ծախսել նրա վրա, որը չեն դիտելու ու, հետևաբար ավելի լավ է այդ գումարը ծախսեն ֆուտբոլային ինչ-որ առաջնություն ցույց տալու համար, կամ մասնակցեն այլ միջոցառման: Գուցե իրենց մոտ ավելի պոպուլյար է տեղի երաժշտությունը եւ այլն, այսինքն` նայած երկիր, նայած վարկանիշ ու հետաքրքրություններ: Դրանք այն երկրներն են, որոնք ամեն տարի չեն մասնակցել «Եվրատեսիլին», մի քանի տարին մեկ են մասնակցություն ունեցել, օրինակ` Թուրքիան վերջերս լրիվ հրաժարվել է եւ էստաֆետը, կարելի է ասել, տվել է Ադրբեջանին»:
Հաջորդ հարցին էլ` ինչքա՞ն գումար է հարկավոր մասնակցության համար, Գոհար Գասպարյանը ասաց. «Ամեն երկրում այն տարբեր է, գումարի չափը չենք կարող հրապարակել, որովհետեւ Եվրոպական հեռարձակողների միությունը, երբ իրենց հետ պայմանագիր ենք կնքում, այնտեղ կարգ է, որ այդ թվերը ցանկալի է չհրապարակել, որովհետեւ ամեն երկիր տարբեր ծառայություններ է իրենցից վերցնում: Ու բացի այդ, չէ որ մենք միայն «Եվրատեսիլը» չէ, որ Եվրոպական հեռարձակողների միության հետ համագործակցում ենք: Ցանկացած հեռուստատեսություն, ինչպես օրինակ մերը, պլանավորել է այս տարվա գրաֆիկը եւ այդ ամենը հաշվարկել է, արդյոք կհերիքեն մեր ռեսուրսներն ու կկարողանանք դրա տակից դուրս գալ»:
Վերջում Գոհար Գասպարյանը հավելեց, որ «Եվրատեսիլը» մեր երկրում շատ են սիրում եւ դրան չմասնակցելը մեծ մինուս է մեր հանրային հեռուստաընկերության համար, որովհետեւ սա մեծ դաշտ է, որտեղ բոլոր հանրային հեռուստաընկերություններն են լինում ու այս դեպքում`«Ինչու չլինենք նաեւ մենք, երբ տարիներ շարունակ եղել ենք լավագույն տասնյակում ու ամենակարեւորը, որ ժողովուրդը սիրում է այն»:
Հիշեցնենք, որ մրցույթն այս անգամ անցկացվելու է Դանիայում, իսկ Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ին:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ