Լրահոս
Օրվա լրահոսը

Ներիշխանական «ռազբորկաները», Ռոբերտ Քոչարյանի իրական թիրախն ու ԲՀԿ-ի հետ կապը

Հունվար 08,2014 17:38

«Ռոբերտ Քոչարյանը ոչ մեկին էլ թիրախ չի ընտրել»,-Aravot.am-ի հարցին ` Ռոբերտ Քոչարյանն ինչո՞ւ է քննադատության թիրախ ընտրել հենց Տիգրան Սարգսյանին, այն դեպքում, երբ երկրում բազում այլ հրատապ հարցեր կան`Մաքսային միության անդամակցում, գազային համաձայնագիր և այլն, այսպես պատասխանեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը այն կարծիքին չէ, թե Ռոբերտ Քոչարյանը վարչապետին քննադատելով՝  վարչապետի պաշտոնի համար հայտ է ներկայացնում. «Առավել ևս, որ որպես օրենք չի լինում այնպես, որ ով ցանկանում  է վարչապետ դառնալ՝ վարչապետին է քննադատում: Սա պատասխան էր վարչապետի` ասուլիսի ընթացքում արած հայտարարությանը»:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, թե «ՀՀ-ում կարծես ընդունված է վարչապետին քննադատելը»: Այս առիթով մեր այն դիտարկմանը, թե առաջին հայացքից Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի` վարչապետի հասցեին ուղղված քննադատության բառապաշարը կարծես համընկնում է, պարոն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց. «Եթե փորձում են Քոչարյանին կապել ԲՀԿ-ի հետ, ապա նույն կերպ կարող են նրան կապել ՀՀԿ-ի հետ, մեծ տարբերություն  չկա, մանավանդ, եթե հիշենք նրա հարցազրույցը, որտեղ նա ասում էր, թե 2007-ի ընտրությունների ժամանակ իշխանական բոլոր ցուցակները իր հետ համաձայնեցված են եղել»:

Արմեն Մարտիրոսյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը համարում է «ներիշխանական պարզաբանումների` «ռազբորկաների» արդյունք և ոչ ավելին» ու հավելում. «Եթե Ռոբերտ Քոչարյանը ողջ իշխանությանն ու նախագահին քննադատեր, մեր վերաբերմունքն այլ կլիներ, չէ՞ որ վարչապետը իշխող մեծամասնության քաղաքականությունն է  իրականացնում և նախագահի հանձնարարականներ կատարում»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի` «Հայաստանում ռեսուրսը բավականին քչացել է, ուստի եկել է այն իրավիճակը, երբ  սահմանափակ ռեսուրսների համար պայքար է գնում: Իսկ Քոչարյանը ոչ թե պայքարում է վարչապետի պաշտոնի համար, այլ ռեսուրսների համար, քանի որ ռեսուրսներին տիրապետելու համար պարտադիր չէ վարչապետ լինել»:

ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ կապված փոխանցեց հետևյալը. «ԲՀԿ-ն ամենևին էլ առաջին օրն ու տարին չէ, որ քննադատում է վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, տապալված տնտեսության, սոցիալ-տնտեսական քաղաքականության պատճառով ՀՀ քաղաքացու վատթարացող կենսակերպի պատճառով քննադատում ենք սույն կառավարության, վարչապետի գործունեությունը` նրա ծրագրից սկսած և այս պահի դրությամբ իրականացվող գործունեությամբ հանդերձ: ԲՀԿ-ն ունի իր ուրույն քաղաքական կուրսը` ՀՀ-ում քաղաքացու կյանքի որակի փոփոխմանն ուղղված: Եվ եթե դրան որևէ  բան խանգարում  է, դա պիտի դառնա քննադատության թիրախ»:

Մեր հարցին, թե տպավորություն է ստեղծվում, որ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՀԿ-ի բառապաշարում վարչապետի քննադատության պարագայում համընկնումներ կան, պարոն Ուրիխանյանն այսպես արձագանքեց. «Դե հիմա…ԲՀԿ-ի քաղաքական կուրսը որևէ մեկի համար նորություն չէ, ու եթե 2009-ից քննադատում եմ այս վարչապետին ու այս կառավարությանը, և որևէ մեկը հանկարծ երբևէ զարմանք է հայտնում, ապա այդ զարմանքը զարմացնում է ինձ»:

Մեր հարցին` Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցով հավակնություններ չի՞ դրսևորում վարչապետ դառնալու համար, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Ավելի լավ կլինի դիմեք իր կողմից լիազորված անձանց»:

Մեր մյուս հարցին` իսկ ԲՀԿ-ին ունի՞ հավակնություններ վարչապետի պաշտոնի հետ կապված: Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ն այլընտրանքային նախընտրական և ընթացիկ ծրագրով, ուրույն քաղաքական կուրսով ու գործունեությամբ քաղաքական կուսակցություն է և ունի հավակնություններ քաղաքական դաշտում: Բայց որևէ պաշտոն` գործադիրում, թե առհասարակ, մասնավորապես վարչապետի պաշտոնը, մեզ համար երբևէ չի կարող լինել ինքնանպատակ: Դա միջոց է երկրում կյանքի որակ ու կերպ փոխելու համար: Եթե իրավիճակը կարող է փոխվել, մենք միշտ էլ ասել ենք, որ կարող ենք այդ հարցը մեզանում քննարկել»:

Մեր դիտարկմանը, թե այժմ շատ է խոսվում վարչապետի պաշտոնանկության մասին, ուստի ԲՀԿ-ն ունի՞ իր երեք հավանական թեկնածուները վարչապետի պաշտոնի համար, պարոն  Ուրիխանյանը այսպես արձագանքեց. «Ես ԲՀԿ 35 պատգամավորներից մեկն եմ ու ընդամենը ԲՀԿ խոսնակը: Այս պահի դրությամբ այդ հարցի վերաբերյալ միայն անձնական կարծիք կարող եմ հայտնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. kamo says:

    Ներիշխանական <> պատճառով է, որ կորցրինք Բագրատունիների թագավորությունը, հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին ու բռնեցինք արտագաղթի ճանապարհը` Հայաստանը թողնելով թյուրքերին, մոնղոլներին, թաթարներին և այլ քոչվոր ցեղերի: Ժողովուրդը լավ գիտի իր գլխի գալիքը ու ոչ մի հույս չի կապում կողոպուտով ու թալանով իշխանության եկածների հետ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031