Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Բաղդասարյան. «Դատախազությունը հանցագործության մեջ կասկածվողների խոսնա՞կն է»

Հունվար 08,2014 17:19
Gexam Bagdasaryan

«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը չի կարծում, թե նախաքննության ավարտից առաջ իմաստ ունի ենթադրություններ անել։ Խոսքը ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի դեմ տարեվերջին կատարված մահափորձի մասին է:

Այնուհանդերձ, Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը քաղաքակա՞ն, թե՞ անձնական բնույթի էր, Ձեր կարծիքով: Եթե քաղաքական` ապա ու՞մ եւ ինչի՞ համար էր դա պետք, պարոն Բաղդասարյանը մի քանի վերապահում արտահայտեց. «Ինձ համար անհասկանալի է առաջին հերթին ԼՂՀ դատախազության «գերօպերատիվ» աշխատանքը։ Նախաքննությունը դեռ շարունակվում է, իսկ ԼՂՀ դատախազությունն արդեն աշխարհով մեկ է արել հանցագործության մեջ կասկածվողների վարկածն առ այն, որ իրենք «Վիտալի Միխայիլի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով»:

Մեր զրուցակիցը մի բան էլ չի հասկանում. «Եթե հանցագործության մեջ կասկածվողները մեկ այլ՝ ավելի կեղտոտ հիմնավորում բերեին իրենց քայլի, ապա դատախազությունը նույնկերպ լիազորված էր լինելու հրապարակելու ու տարածելու՞ այդ հիմնավորումը։ Դատախազությունը հանցագործության մեջ կասկածվողների խոսնա՞կն է»։

Այսքանից հետո, մեր զրուցակցի գնահատմամբ, ուղղակի որպես փարիսեցիություն է հնչում դատախազության այն հիշեցումը, որ հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` ուժի մեջ մտած դատավճռով:

«Կատարվածը միանշանակ ու անվերապահորեն քաղաքականացնելը ևս տեղին չէ։ Կարծում եմ, շուտով ջրերը կպարզվեն, և կհասկանանք, թե ինչ է կատարվել»,- ասաց Գեղամ Բաղդասարյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Հարություն Մանսուրյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031