«Իմ ընկերներն ինձ ասում են, որ դա քաղաքական ակցիա չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ, վերլուծաբան Իգոր Մուրադյանը հարցին`իր կարծիքով Վիտալի Բալասանյանի հետ կատարվածը քաղաքակա՞ն, թե՞ անձնական դրդապատճառներ ուներ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ անհայտ անձը մահափորձ է իրականացրել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ: «2013 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 18.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում, Վիտալի Միքայելի Բալասանյանին դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կյանքից զրկելու նպատակով, անհայտ անձն ապօրինաբար պահվող 600 գրամ տրոտիլային էկվիվալենտով պատրաստված ինքնաշեն պայթուցիկ սարք է տեղադրել վերջինիս անձնական օգտագործման «Նիսան Պատֆայնդեր» 45 SL 045 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով»,-ասված էր հայտարարության մեջ:
Ավելի ուշ, հայտարարվեց, որ ԼՂՀ իրավապահ մարմինների և ՀՀ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կատարված համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Միխայիլի Բալասանյանի հանդեպ մահափորձ կատարելու փաստով ի հայտ են բերվել գործով կասկածյալներ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Արա Ռաֆայելի Ավետյանը և Սերգեյ Բորիսի Հարությունյանը, ովքեր Վիտալի Բալասանյանի հետ գտնվում էին շարունակական վիճաբանությունների և անբարյացակամ հարաբերությունների մեջ` վերջինիս կողմից Արա Ավետյանի եղբոր` Սամվել Ավետյանին, ազատազրկման ձևով պատժի հետագա կրումից ազատելու խոստումը չկատարելու պատճառով։
Նկատենք, որ ի հեճուկս պաշտոնական վարկածի, որոշ վերլուծաբաններ, մասնավորաբար Հայկ Խանումյանը, կարծիք էր հայտնել, որ կատարվածը քաղաքական ենթատեքստ ունի:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում զարգացնելով թեման, Իգոր Մուրադյանը շարունակեց. «Ես հիմա այլ բաներով եմ զբաղվում, շատ չեմ հետաքրքրվել, բայց, որքան կարելի է հասկանալ, ոչ մի փաստ կամ նախանշան, որ դա քաղաքական ակտ է, առայժմ չկա: Ովքե՞ր են այդ մարդիկ… կարծես ձերբակալվածներ կան… չգիտեմ»:
Հետաքրքրվեցինք`ովքեր են իր ընկերները, որոնք զրույցներում իրեն հավաստիացրել են, որ դեպքը քաղաքական ենթատեքստ չունի, Իգոր Մուրադյանն ասաց. «Իմ ընկերները քիչ չեն, նրանք լավ եւ բարեխիղճ մարդիկ են, ովքեր նաեւ Բալասանյանի թիմակիցներից են»:
Վերլուծաբանն, այնուհանդերձ, վերապահումով խոսեց. «Հնարավոր է հետագայում ինչ-որ բաներ ի հայտ գան, ո՞վ գիտե» ու հավելեց.
«Հայաստանում քաղաքականության համար չեն սպանում, սպանում են փողի համար»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հայաստանում քաղաքականություն չկա և ոչ էլ հասկանում են, թե ի՞նչ է քաղաքականությունը: Որպես բանդիտա-չեկիստական Ռուսաստանի ֆորպոստ այնտեղ իշխում են հանցագործ գողական աշխարհի այլասերված օրենքները: Հայաստանը ջունգլի է, որտեղ մարիկ բնության բնազդներին ապավինելով տարերայնորեն սոսկ գոյության կռիվ են տալիս …