Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորային սկանդալում ներգրավված փաստաբան Նաիրի Մեհրեջի անունը շրջանառող նոր վարկածը իրատեսական չի համարում:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը տարեվերջյան ասուլիսում ի պատասխան Haynews. am-ի հարցի՝ ասել էր, թե «այդ կինը, որն իմ անունով Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն մահացած մարդկանց անունով: Եվ այդ կինը հենց նույն այն կինն է, որն օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած: Եվ ինձ համար նույնպես հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա, արդյոք դա նրա համար նույնպես անսպասելի տեղեկություն է, թե այս տեղեկության աղբյուրներում հենց իր անձն է կանգնած, և այս սկանդալային պատմությունն ունի քաղաքական ենթատեքստ»:
Ըստ «Հրապարակի»՝ Նաիրի Մերհեջեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հեռավոր զարմիկներից է
«Վարչապետը նոր վարկածներ է գտել, թող ինքն էլ ապացուցի: Ես անտրամաբանական եմ համարում այդ կնոջ մասնակցությունն այս պատմությանը ու չեմ հավատում դրա իրական լինելուն: Որովհետեւ Աշոտ Սուքիասյանը ժամանակին դատախազությանը նամակով հայտնել է, որ ինքն է գրանցել ընկերությունը, որ Կճոյանն ու վարչապետն իր բիզնեսին տանիք լինեն: Հիմա հեքիաթներ պատմելն անմիաստ է»,- ասաց պարոն Հայրապետյանը:
Կարդացեք նաև
Նա չի կարծում, թե փաստաբան Նաիրի Մեհրեջի ներգրավվածության վարկածը սկանդալային պատմության մեջ նպատակ ունի մեջտեղից հանել Աշոտ Սուքիասյանի անունը:
Պարոն Հայրապետյանն ասաց` չի էլ փորձի պարզել, թե ով է վարչապետի մատնանշած կինը եւ ինչու է նրա անունը հայտնվել օֆշորային սկանդալում. «Իմ ինչին է պետք, թող բացահայտի վարչապետը կամ նա, ում պատվին կպնում են: Թող Աշոտը չգրեր, որ ես եմ բացել, թող գրեր էդ կինն է բացել: Այդ կազմակերպության վրա մեծ գումարների շարժ է եղել: Առանց իրենց` վարչապետի, Նավասարդ Կճոյանի, էդ շարժը չէր կարող լինել: Ավելի լավ է` թող վարչապետն ասի` իրեն ով է խաբել, կամ ասի, որ սխալմունք է»:
Գործարարի համար անհասկանալի է` Նաիրի Մեհրեջի ու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի կապը: Մեր հարցին` հնարավո՞ր է պատգամավորին էլ են ուզում ներքաշել սկանդալում, ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, երբեւէ չեմ տեսել նրան, հետը որեւէ կապ չունեմ: Ոչինչ չեմ կարող ասել»:
Ինչ վերաբերում է վարչապետի պնդումներին, թե այդ ձեռնարկության գրանցման հետ որևիցե առնչություն չունի, որ այդ ձեռնարկության գրանցման ժամին ինքը Կիպրոսում չի եղել, պարոն Հայրապետյանն ասաց. «Ինքը կարող էր երաշխավորագիր տալ, չնայած Կիպրոսի դատախազը շատ պարզ ասաց, որ առանց մասնագետի, կամ տվյալ մարդու ներկայության կազմակերպություն հնարավոր չէ գրանցել: Հիմա ինչ նոր հեքիաթներ են պատմում»:
Նա գործը բացահայտված է համարում. «Վարչապետը զանգել է բանկ, բանկը բիզնես ծրագիր է կազմել առանց փաստաթղթի ու սխալ: Թղթերում նշել է, որ 800 կմ-ի վրա 10.000 տոննա ոսկի կա, 9 միլիոն 600.000 կառատ ադամանդ էլ` 10 մետր խորության վրա: Ո՞ւր է այդ փաստաթուղթը, թող բանկը պարզաբանի` որ փաստաթղթի հիման վրա է գրել: Իմ ունեցվածքը պետք է վերադարձնեն ու ներողություն խնդրեն եւ Աշոտից պահանջեն իրենց գումարները, ովքեր որ տվել են: Ես դիմելու եմ միջազգային բոլոր ատյաններին, քանի շուտ է՝ թող գան հետս խոսեն, պարզաբանեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ