«Եթե Հանրային խորհրդի բոլոր առաջարկությունները ընդունվեին, այդ ժամանակ նախագահ, կառավարություն, ԱԺ պետք չէր լինի, կստացվեր, որ Հանրային խորհուրդն է կառավարում երկիրը»,-Aravot.am-ի հարցին` արդյոք միտում չի՞ դառնում այն, որ Հանրային խորհրդի առաջարկները մերժվում են՝ այսպես պատասխանեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Հանրային խորհուրդը դիմել էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և վարչապետ Տիգրան Սարգսյանին ՝ մինչև հունվարի 1-ը Ազգային ժողովում արտահերթ նիստ գումարելու և «Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով: Իսկ Վազգեն Մանուկյանը շեշտել էր. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելուց առաջ արժի ևս մեկ անգամ քննարկել հարցը և կատարել բոլոր հնարավոր փոփոխությունները»:
Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հաշվի չառնելով բազմաթիվ քաղաքացիների դժգոհությունը, տարատեսակ բողոքի ակցիաների միջոցով դրսևորվող դիմադրությունը և Հանրային խորհրդի առաջարկները՝ օրենքը ստորագրեց:
Վազգեն Մանուկյանը շարունակում է մնալ նույն կարծիքին ու մեզ հետ զրույցում ևս մեկ անգամ ասաց. «Այնուամենայնիվ կարծում եմ, որ խնդիրներ առաջանալու են, և չնայած նախագահը ստորագրել է, բայց մենք կողմ ենք, որ օրենքը վերանայվի: Դա գործնականորեն բավականին դժվար կլինի, բայց փորձելու ենք նախագահի հետ հանդիպել, իրեն նորից ներկայացնել մեր առաջարկությունները, քանի որ մենք գրավոր ենք ուղարկել մեր առաջարկությունները»:
Կարդացեք նաև
Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե Հանրային խորհրդի առաջարկները հիմնականում մերժվում են, պարոն Մանուկյանն ասաց. «Բնական է, որ մի բան կընդունվի, ինչ որ բան` ոչ: Ինչ-որ փոփոխություններ կկատարվեն, դա ընթացիկ քննարկման նյութ կարող է դառնալ: Դեռ իմաստ ունի դա քննարկել, ձեռքերը ծալած չի կարելի նստել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ