Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին նախագահ դառնալու համար կաշկանդում է միայն մարտի 1-ը՞

Հունվար 08,2014 15:08

Aravot.am-ը քաղաքագետ Գագիկ Համբարյանից հետաքրքրվեց, թե իր կանխատեսմամբ՝ հնարավո՞ր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, և եթե վերջինս նորից հավակնի նախագահի պաշտոնին, չի՞ արժանանա այն նույն դիմադրությանը, ինչին ինքն իր թիմակիցներով 2008 թվականին արժանացրեց ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

«Ընդհանրապես ասեմ, որ բոլորի թեկնածության առաջադրումը նախագահական ընտրություններում հնարավոր է, քաղաքականության մեջ անհնարին բան չկա, բայց խնդիրն այն է, որ գրեթե բոլոր հնարավոր թեկնածուները ունեն իրենց կաշկանդող հարցերը: Ռոբերտ Քոչարյանի պարագայում մարտի 1-ի դեպքերն են, սա միակ խանգարող և խոչընդոտող հանգամանքն է նրա համար: Այլ առումներով ինքը բավական հաջողակ նախագահ է եղել. իր կառավարման տարիներին հաջողվել է բավական տնտեսական աճ ապահովել Հայաստանում: Իրեն հաջողվել է վարել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն: Չխոսենք այն մասին, թե դա ինչպես էր թույլ տրված Ռուսաստանի կողմից, դա այլ հարց է, միայն փաստենք, որ նրան հաջողվում էր բալանսի մեջ պահել Հայաստան-Իրան, Հայաստան-Արևմուտք, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները: Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին բավական լավ հարաբերություններ էին Սփյուռքի հետ, մեզ համար շատ կարևորագույն մի ոլորտ, մի օղակ: Շնորհիվ դրա, Ռոբերտ Քոչարյանին հաջողվեց Հայաստանում իրագործել «Լինսի» հայտնի ծրագիրը, որով մեծ ներդրումներ արվեցին աղետի գոտում, բնակարանաշինության ոլորտում, ամբողջ Հայաստանի Հանրապետությունում վերականգնվեցին ճանապարհներ, մշակույթի տներ, դպրոցաշինություն սկսվեց, և այլ ծրագրեր:

Նորից եմ կրկնում՝ միակ կաշկանդող փաստը Ռոբերտ Քոչարյանի համար մարտի 1-ի դեպքերն են, որն այսօր էլ դեռ փակված թեմա չէ, և նրա ընդդիմախոսները հենց դա էլ օգտագործում են, որովհետև այդ դեպքերը բարդվեցին հենց նրա վրա»,- ասում է քաղաքագետը:

Ըստ նրա, Ռոբերտ Քոչարյանը եթե փորձի առաջադրել իր թեկնածությունը՝ հաստատ դիմադրության կարժանանա, քանի որ Սերժ Սարգսյանն էլ աչքի տակ ունի իր թեկնածուին, որը կլինի գործող իշխանությունից և կհամապատասխանի Սերժ Սարգսյանի ծրագրերին ու նպատակներին:

«Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մեծ շանսեր ուներ իշխանափոխություն կազմակերպելու հրապարակի միջոցով , բայց կորցրեց իր շանսը: Վերջիվերջո իր հանրահավաքներին քիչ զանգված չէր գնում և այդ զանգվածին ինքը չկարողացավ օգտագործել»,- ասում է Գագիկ Համբարյանը:

Մեր այն հարցին` եթե այդ նույն վիճակում հայտնվի Ռոբերտ Քոչարյանը, նրան կհաջողվի՞ վերցնել նախագահի աթոռը, քաղաքագետն ասաց. «Հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի կամային դրսեւորումները, այն, որ ինքը բավական սիրում է իշխանությունը՝ կարող է և հաջողվի, ինչո՞ւ ոչ: Իշխանությունը շատ քաղցր է ու հզոր, և շատ քչերն են, որոնք կարող են ամեն ինչի վրայով չանցնել հանուն իշխանության: Ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը նախ պետք է պարզաբանի իր դերակատարությունը մարտի 1-ի պահով, հետագայում նոր մտածի իշխանության գալու մասին իր թիմով»:

Մեր զրուցակցի կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը դեմ չէ նախագահ Սերժ Սարգսյանին, նա դեմ է վարչապետին: Իսկ թե ինչո՞ւ հենց հիմա նորից հիշեց վարչապետին , ըստ նրա, դա պայմանավորված է Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարած այցով:

«Այստեղ կարևոր է նշել, որ չնայած գործող իշխանությունը մի մեծ թիմ է, բայց այնտեղ կան ուղղություններ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում է ռուսամետ ուղղությունը, և նա ինքնըստինքյան ավելի շատ պիտի քննադատի արևմտամետ և Արևմուտքի հետ սերտ հարաբերություններ ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նաև արտաքին շահերի բախումը այս պարագայում բավական մեծ է», -ասում է Գագիկ Համբարյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կրկին նախագահ դառնալու համար, այս ոճռագործին ոչ մարտի 1–ն է կաշկանդում, ոչ էլ այլ բան,
    բացի՝ ազգի, ժողովրդի ստրկամտությունը իր վրայից թոթափելուց։ Եթե մինչև 2018 թ.ը աղետալի
    հրաշքով ձգվի այս երրորդ նախագահ կոչեցյալի թագավորությունը, ապա նրա նախորդ ոճռագործի
    պլանները լիովին ի կատար կածվի, քանի որ Հայաստանը կլինի բացարձակ մի գավառ, որին ղեկավարել էլ պետք չէ։ Իրականության մեջ այն գոյություն ունի Աֆրիկական մի շարգ երկրներում, իսկ պարզվում է, որ մենք նրանցից շատ չենք առավել, ուղղակի միայն ցանկանում ենք։ 5000 դրամի
    կաշառքը, մեր ազգի ճակատին դաճում է մեր ով լինելը, որի հաջորդ քայլն էլ շատ սառնասիրտ՝
    երկիրը վաճառելն էր Պուտինին, այլ՛ ոչ Ռուսաստանին։ Այնպես որ այս երկու այլասեռվածները իրենց շուրջ հավաքեցին իրենց նմաններին, որոնց համար ցանկացած սրբություն կարելի է վաճառել,
    գնորդ հայտնվելու դեպքում։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031