«Դա կախված է նրանից, թե ինչքան խորը կգնա այս բարոյական և ինտելեկտուալ դեգրադացիայի պրոցեսը»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հրապարակային բանավեճը և պատասխանելով մեր հարցին` այս բանավեճը կարելի՞ է դիտարկել որպես ազդանշան Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Շարունակելով միտքը՝ փորձագետը նշեց նաև, որ հույս ունի, թե քաղաքացիները դա թույլ չեն տա:
Հիշեցնենք, որ Ամանորի նախաշեմին հրապարակված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոշտ քննադատության էր ենթարկել Տիգրան Սարգսյանին, ինչին պատասխանել էր վարչապետը:
Պարոն Մեհրաբյանին դեռ հայտնի չէ, թե այս բանավեճը գրոհի սկիզբն է, թե ուղղակի Ռոբերտ Քոչարյանը գնահատական է հնչեցրել: Նա այս առիթով ասաց. «Հնչեցված խոսքերը ոչ միայն միտված են նրան, որ հանրությանը ծանոթացնեն մտքերի ու մտադրությունների մասին, այլև թաքցնեն իրական մտքերն ու մտադրությունները»:
Մեր հարցին` կարծիքներ կան, թե Ռոբերտ Քոչարյանի «պլանկան» իջել է վարչապետի պաշտոնի մակարդակին, ինչի համար էլ այս հարցազրույցով երկրորդ նախագահը հայտ է ներկայացնում, պարոն Մեհրաբյանն այսպես արձագանքեց. «Սխալ կլինի այստեղ որևէ բան բացառել»:
Կարդացեք նաև
Հետաքրքրվեցինք` այս բանավեճում արդյոք պահպանվեցի՞ն կոռեկտության սահմանները, պարոն Մեհրաբյանը պատասխանեց. «Գնահատական հնչեցվեց, թե մենք գործ ունենք ինտելեկտուալ և բարոյական դեգրադացիայի հետ: Սակայն այդ դեգրադացիայի հետ մենք գործ ունենք սկսած այն ժամանակվանից, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ, և այն շարունակվում է մինչ օրս, երբ հնչեցվում է, թե քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ, երբ գնում են Մաքսային միություն: Սրանք բարոյական և ինտելեկտուալ դեգրադացիայի ցցուն օրինակներ են: Այդ դեգրադացիայի մասին խոսում են մարդիկ, ումից էլ այդ ամենը սկսվել է: Սա խոսում է ինքնաքննադատական որևէ տարրի բացակայության մասին»:
Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը սպասում է հարցազրույցի շարունակությանը` պատասխանելու այն հարցին, արդյոք Ռոբերտ Քոչարյանը որպես թիրախ ընտրել է վարչապետի պաշտո՞նը, թե՞ ուղղակի հանրությանն է այդպես ներկայացվել: Վարչապետի պաշտոնի հավակնությունների մասին ասաց. «Չեմ կարծում , որ վարչապետի պաշտոնի մակարդակը ցածր մակարդակ է մի մարդու համար, որն այս պահին պետական պաշտոն չունի: Կարծում եմ այստեղ մակարդակի խնդիր լինել չի կարող»:
Հրանտ Մելիք Շահնազարյանի կարծիքով` այսպիսով` քաղաքական դաշտը պատրաստվում է ապագա ընտրություններին և վարչապետը «հարվածը վերցրեց իր վրա»:
Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի մասին քաղաքագետը գերադասում է լռել ու պատճառաբանում, թե «Ռոբերտ Քոչարյանը դրա մասին որևէ հայտարարություն չի արել և իր մեկնաբանություններում նման ցանկություն չի տեսնում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ