Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՎԻՎ ԵՎ ՀՈՏ

Հունվար 08,2014 10:47

Արմեն ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ

Գլուխ երեսունհինգերորդ

ՀՈՎԻՎ ԵՎ ՀՈՏ

Եվ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «փաստորեն, արդեն տասնհինգ տարի է՝ Ջավախյանը տնփեսա չի», եւ Ջավախյանը ժպտալով տեր Մաղաքիային ասաց՝ «ճիշտը որ ուզում ես իմանաս, էս պահի դրությամբ էլ եմ տնփեսա», եւ տեր Մաղաքիան զարմացած հարցրեց՝ «ինչպե՞ս», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «Մետաքսի էս թազա տունն էլ ենք կնոջս անունով արել», եւ Բարդուղը ժպտալով Ջավախյանին ասաց՝ «փաստորեն, քո անունով ոչ մի սեփականություն չունես», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «իրա սեփականությունն իրա գրականությունն ա», եւ Ջավախյանը ժպտալով ասաց՝ «իմ զենքն իմ գրականությունն ա», եւ Անանիան փռթկացնելով ասաց՝ «էսսեն», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու քամահրանքով ասաց՝ «վերջերս ահագին սրամտացել ես», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «քեզ էլ որ խաշի չհրավիրեին, դու էլ կսրամտանայիր», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «դրանից չի», եւ Հայկունին հարցրեց՝ «բա ինչի՞ց ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ինքնավստահությունից ա» եւ մի քիչ էլ մտածեց ու արհամարհական Անանիային նայելով ավելացրեց՝ «մարդու ինքնավստահությունն ինչքան շատանում ա, էնքան ավելի հումորով ու սրամիտ ա դառնում», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու Ջավախյանին հարցրեց՝ «որ Ջոնը խաշի չի հրավիրել, դրանից ա՞ ինքնավստահությունն ավելացել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Հայկունուն ասաց՝ «որ Աբոն քո պատմվածքն էլ Թումանյանի «Գիքորի» հետ համեմատեր, քո ինքնավստահությունն էլ կավելանար ու կմեծամտանայիր», եւ Հայկունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես նախ պիտի պատմվածք գրեմ, որ Աբոն «Գիքորի» հետ համեմատի կամ չհամեմատի», եւ Արիկը ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «որ Աբոն քո պատմվածքը Թումանյանի «Գիքորի» հետ համեմատեր, չէիր մեծամտանա՞», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «Աբոն չի կարա Ջավախյանի պատմվածքը Թումանյանի «Գիքորի» հետ համեմատի», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ չի կարա», եւ Հայկունին փռթկացնելով ասաց՝ «որովհետեւ Ջավախյանինը ոչ թե պատմվածք ա, այլ՝ էսսե», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Աբոն չի կարա իմ էսսեն Թումանյանի «Գիքորի» հետ համեմատի, բայց զատո ի՛նձ կարա Թումանյանի հետ համեմատի», եւ Աբոն ժպտալով Ջավախյանին ասաց՝ «քո որոշ գրածներն էլ կարամ «Գիքորի» հետ համեմատեմ», եւ Անանիան փռթկացնելով Աբոյին ասաց՝ «ոչ թե իրա գրածները պիտի «Գիքորի» հետ համեմատես, այլ՝ իրան», եւ Ջավախյանն արհամարհական նայեց Անանիային ու ասաց՝ «դու էլ պակաս Գիքոր չես», եւ Անանիան մի քիչ մտածեց ու քմծիծաղով Ջավախյանին ասաց՝ «որ մի քիչ կենտրոնանաս ու ոչ վաղ անցյալդ հիշես, կհասկանաս, որ դու ավելի Գիքոր ես», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ արածդ լավություններն ամեն օր էրեսովս տաս», եւ Անանիան մի քիչ մտածեց ու Ջավախյանին ասաց՝ «ոչ մի անգամ էրեսովդ չեմ տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ էլ քեզ լավություն եմ արել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լափ էլ արել ես», եւ Հայկունին Անանիային ասաց՝ «ինքը միշտ էլ խոստովանել ա, որ էն ամենադժվար տարիներին իրան ֆինանսապես քոմագ ես արել», եւ Արիկը փռթկացնելով ասաց՝ «էդ մասին նույնիսկ պատմվածք ա գրել», եւ Անանիան արհամարհական նայեց Ջավախյանին, հետո Արիկին ասաց՝ «սխալ բաներ ա գրել», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լափ էլ ճիշտ բաներ եմ գրել», եւ Անանիան տհաճությամբ նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «ճիշտը ո՞րն ա», եւ մինչ Ջավախյանը կմտածեր, Հայկունին փռթկացնելով ասաց՝ «ճիշտը մեկն ա», եւ Արիկն ավելացրեց՝ «ճիշտը հիվանդանում ա, բայց չի մեռնում», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «արդեն լրիվ գողականի անցաք», եւ Բարդուղը ժպտալով տեր Մաղաքիային հարցրեց՝ «էդ գողականից էլ ե՞ս ջոկում, տեր հայր», եւ տեր Մաղաքիան ամոթխած ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քիչումիչ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ժողովրդի հովիվն ամեն ինչից էլ պիտի գաղափար ունենա», եւ Բարդուղն ասաց՝ «էդ որ ասում են ժողովրդի հովիվ, հեչ դուրս չի գալի», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին հարցրեց՝ «որ ասեին ժողովրդի չոբան, դուրդ կգա՞ր», եւ Բարդուղը լրջանալով ասաց՝ «ես լրիվ լուրջ եմ ասում», եւ Սերոբն ասաց՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք, էրկուսն էլ սխալ են», եւ Բարդուղը Սերոբին հարցրեց՝ «բա ճիշտը ո՞րն ա», եւ Սերոբը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ճիշտը երեւի հոգեւոր հովիվն ա», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հոգեւոր հովիվն էլ ա նույն բանը», եւ Սերոբը հարցրեց՝ «ո՞նց ա նույն բանը», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «եթե տերտերներին հովիվ ես անվանում, փաստորեն, մեխանիկորեն ընդունում ես, որ ժողովուրդը ոչխար ա», եւ Հայկունին ժպտալով Բարդուղին ասաց՝ «ցավոք սրտի, իմ ու քո ընդունելով կամ չընդունելով չի», եւ Արիկը փռթկացնելով Բարդուղին հարցրեց՝ «քեզ որ փրկիչ ենք անվանում, ճիշտ ե՞նք անում», եւ Բարդուղը զարմացած հարցրեց՝ «ինձ ո՞վ ա փրկիչ անվանում», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «մեր էս կամպանիայում քեզ բոլորս էլ փրկիչ ենք անվանում», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեռ առնելու համար եք ինձ փրկիչ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «համ էլ՝ մեր կամպանիան չափանիշ չի», եւ տեր Մաղաքիան Արիկին նայելով ասաց՝ «մեր բոլորիս փրկիչը Հիսուսն է», եւ Բարդուղը ժպտալով տեր Մաղաքիային հարցրեց՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ, տեր հայր», եւ տեր Մաղաքիան հարցրեց՝ «ի՞նչը» եւ Բարդուղը ժպտալով ասաց՝ «էդ հովվի ու չոբանի մասին որ ասում եմ», եւ տեր Մաղաքիան մի քիչ մտածեց ու ներողամտորեն ժպտալով Բարդուղին ասաց՝ «անցանկալի խոսակցությունների մեջ ներգրավվելու ցանկություն չունեմ», եւ Բարդուղը ժպտալով տեր Մաղաքիային հարցրեց՝ «վախենում ե՞ս», եւ տեր Մաղաքիան նայեց ժամացույցին ու ժպտալով ասաց՝ «ուշանում եմ, Բարդուղ եղբայր» եւ ժպտալով ավելացրեց՝ «ծառայության եմ», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ժողովուրդն իրան ա սպասում», եւ Անանիան ավելացրեց՝ «հավատացյալ ժողովուրդը», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու փռթկացնելով տեր Մաղաքիային ասաց՝ «գնա հասի հոտիդ, հովիվ ջան», եւ Անանիան Բարդուղին ասաց՝ «մենք էլ ենք իրա հոտը», եւ Բարդուղը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ինձ հոտի անդամ չեմ համարում», եւ Անանիան ժպտալով Բարդուղին ասաց՝ «քո համարելով կամ չհամարելով չի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «եթե քեզ հոտի անդամ չես համարում, էդ դեռ չի նշանակում թե՝ հոտի անդամ չես», եւ Հայկունին ժպտալով ասաց՝ «ցանկացած հոտի մեջ էլ մոլորված ոչխարներ պատահում են», եւ տեր Մաղաքիան ժպտալով ասաց՝ «Բարդուղ եղբայրը հովվի դերին է հավակնում», եւ Անանիան միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «հովվինը ոչ թե դեր ա, այլ՝ առաքելություն», եւ Ջավախյանը զարմացած նայեց Անանիային ու ժպտալով ասաց՝ «ահագին բան գիտես, ադա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով Ջոնին ասաց՝ «իզուր էլ էս մարդուն խաշի չէիր հրավիրել», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «քո փոխարեն իրան պիտի հրավիրեի», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու քմծիծաղով ասաց՝ «հաջորդ անգամ սխալդ կուղղես», եւ Ջոնն արհամարհական նայեց Ջավախյանին ու քամահրանքով ասաց՝ «էդ արդեն իմ գործն ա»:

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031