Լրահոս
Օրվա լրահոսը

Դեպի «Ազատության» հրապարակ ճանապարհին

Հունվար 08,2014 10:49

«Քաղաքագիտական» նոր վերլուծություն ներկայացնելու անհրաժեշտություն գուցե էլ չլինի՞

 

Ամանորյա տոներից մեկ օր առաջ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը աշխուժություն է առաջացրել քաղաքական դաշտում: Հավանաբար, հենց այդ նպատակով էլ, ճիշտ ժամանակին հրապարակ նետվեց այդ հարցազրույցը:

1998-2008 թվականներին՝ Քոչարյանի իշխանավարման տասը տարիներին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Սարգսյանի կողմից այսօր վարվող քաղաքականության հատկապես՝ «անկում ապրող շինարարության ծավալներին» անդրադառնալը, բոլորն են հասկանում, որ Ռոբերտ Քոչարյանի համար ընդամենը առիթ էր պարզապես արտահայտվելու համար, մանավանդ որ սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանի իշխանությանը Ռուսաստանին «դավաճանելու» մեղադրանքը ավտոմատ դուրս էր եկել քարոզչական «զինանոցից»:

Ըստ շրջանառվող վարկածների՝ Քոչարյանի հարցազրույցը վարչապետի պաշտոնի հավակնության հայտ էր: Հնչում են ավելի համարձակ մտքեր, օրինակ՝ Մոսկվան ձգտում է Հայաստանում վարչապետ փոխել, կամ ռուսամետ ուժերը ցանկանում են Քոչարյանին վարչապետության մղել․․․

Կարելի է եւս մի քանի տարբերակներ ավելացնել: Սակայն, եթե ողջ քաղաքական դաշտը ներքաշվել է Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ բանավեճի մեջ, ապա սա բնավ էլ վարչապետի ու, մասնավորապես իշխանության խնդիրը չէ, որովհետեւ Սերժ Սարգսյանը հազիվ թե մեկ հարցազրույցով արտահայտված հայտով՝ Ռոբերտ Քոչարյանին որոշի նշանակել վարչապետ: Եվ առհասարակ, հաշվի առնելով Քոչարյանի նախկին փորձը՝ վարչապետից նախագահ անցումը, որեւէ նախագահ, դժվար թե համարձակվի Քոչարյանի հետ իշխանություն կիսել, որովհետեւ ինքը՝ Քոչարյանը, իշխանություն կիսող տեսակ չէ:

Քոչարյանի հարցազրույցից առավելապես պետք է որ անհանգստանային ընդդիմադիր դաշտի ուժերը, հատկապես նրանք, որոնք վերջին մի քանի տարիներին փորձել են տարանջատել ԲՀԿ-ին Ռոբերտ Քոչարյանից, իսկ նրան քաղաքականությունից հեռացած են համարել ու նրա վերադարձը՝ անհնարին:

Եթե Մոսկվան է Քոչարյանի ասպարեզ դուրս գալու գործընթացի հետեւում կանգնած, ապա նշանակում է, որ հարգարժան Վլադիմիր Վլադիրմիրովիչը Քոչարյանին է համարում որպես ռուսական գործոնի հետ հաշվի նստող ամենաարժանավոր «ընդդիմադիրը», այլ ոչ թե Սերժ Սարգսյանի իշխանությանը «այլընտրանք» հանդիսացող, բայց Սերժ Սարգսյանի կենացը Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ հոտընկայս խմող Գագիկ Ծառուկյանին, կամ նույնիսկ Դաշնակցությանն ու Կոնգրեսին:

Եթե Ռոբերտ Քոչարյանն ինքնաբուխ է որոշել արտահայտվել, ապա այս դեպքում նույնպես նրա «հայտը» առավելապես ընդդիմադիր դաշտին է ուղղված: Իսկ մնացյալ տեխնիկական հարցերը, ինչպես ասում եմ, թող ընդդիմադիրներն իրենք իրենց մեջ որոշեն՝ Քոչարյանին որպես ընդդիմադիր առաջնորդ ընդունո՞ւմ են, թե ոչ, զիջո՞ւմ են ընդդիմադիր դաշտը Քոչարյանին, թե ոչ: Բայց մինչ այժմ, Քոչարյանի հավակնությունների արտահայտմանն ի պատասխան կարծես, մտահոգություններ առանձնապես չեն հնչել ընդդիմադիր դաշտից:

Գուցե մեր ընդդիմադիրները հիմնավոր պատճառներ այլեւս չունե՞ն ընդդիմանալու Քոչարյանի թաքնված, հիմա արդեն՝ ոչ այնքան թաքնված հավակնություններին եւ այս անգամ գուցե «քաղաքագիտական» նոր վերլուծություն ներկայացնելու անհրաժեշտություն էլ չառաջանա՞․․․

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031