Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը սոցիալական ցանցերով չափից ավելի տարվածությունը համեմատել է «ծուռ հայելիների թագավորության մեջ խորասուզման հետ»: Ռուսական Ուղղափառ եկեղեցու ներկայացուցչի կարծիքով՝ սոցիալական ցանցերում շփումը վկայում է մարդկանց հոգեւոր ճգնաժամի մասին: Այսպիսի կարծիք, ըստ RBC.ru կայքի, պատրիարքը հայտնել է «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված ամանորյա հարցազրույցի ընթացքում:
«Ես գիտեմ մարդկանց, որոնք օրերով նստում են համակարգչի էկրանի կամ պլանշետի դիմաց եւ խորասուզվում այդ իրականության մեջ: Մարդը սկսում է վիրտուալ ապրել: Զարգանում են վիրտուալ սիրավեպեր, ողբերգություններ, հակամարտություններ: Մենք խորասուզվում ենք ծուռ հայելիների թագավորություն»,- հայտարարել է նա եւ հավելել, որ դա «մտածելու թեմա է» առաջին հերթին եկեղեցու համար, քանի որ եկեղեցին է կրում մարդկանց հոգեւոր վիճակի պատասխանատվությունը:
Ըստ РИА Новости գործակալության՝ պատրիարք Կիրիլը հարցազրույցի ընթացքում նաեւ խոսել է Եվրոպայում վերջերս ընթացող որոշ քաղաքական գործընթացների, այդ թվում՝ միասեռ ամուսնությունների մասին: Նրա խոսքերով՝ օրենսդրական մակարդակով մեղքի արդարացումը կարող է քայքայել ցանկացած հասարակություն:
«Մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ ամբողջ մարդկության պատմության մեջ առաջին անգամ մեղքը ստանում է օրենսդրական արդարացում: Երբ մեղքը բավարարվում է պետության ուժով: Իսկ եթե չի բավարարվում, ապա գովազդվում է կառավարության կողմից, որոնք հղում են կատարում մարդու ազատության վրա: Երբ մեղքը դառնում է վարքականոն, հասարակությունը դադարում է կենսունակ լինել»,- «Ռոսիա» հեռուստաընկերության հաղորդավար Դմիտրի Կիսելեւի հետ ամանորյա հարցազրույցում հայտարարել է պատրիարք Կիրիլը:
Կարդացեք նաև
Անդրադառնալով աշխարհի վերջին՝ պատրիարքը նշել է, որ «աշխարհի վերջը», որի մասին իրեն հաճախ են հարցնում, «հասարակության այն վիճակն է, երբ չարն ավելի շատ է, քան բարին: Դեռ բարին ավելի շատ է, քան չարը, մարդիկ ունեն ապրելու ներուժ: Հասարակության, քաղաքակրթության մոտ կա կյանքի ներուժ: Եթե չարը շատանա, ապա այն կտրուկ կտարածվի, ինչպես մանրէները արյան մեջ եւ կքայքայի մարդկային քաղաքակրթությունը, հետեւաբար՝ կբերի աշխարհի վերջին»,- վստահ է պատրիարքը:
Նա նաեւ կարծում է, որ պահպանողականությունը չի խոչընդոտում հասարակության զարգացմանը եւ «իր բնությամբ կրոնական է»: Պատրիարքն ընդգծել է, որ պահպանողական մարդը, որը պահպանում է «հիմնարար արժեքները, որոնք Աստված ներդրել է բնության մեջ եւ ընդհանրապես իր բոլոր արածներում», կարող է լինել եւ լիբերալ տնտեսագետ եւ լիբերալ քաղաքական գործիչ: