«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի շրջանակներում գործող ճաշարան այցելում են նաեւ ընտանիքներով:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության շրջանակներում Վանաձորում գործող բարեգործական ճաշարանում սնվում են 146 վանաձորցի:
Հ/կ-ի Լոռու համայնքային կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանի համոզմամբ՝ ճաշարան այցելող մարդիկ ունեն շփման, հոգեբանական ու սոցիալական աջակցության կարիք:
«Աշխատատեղեր չլինելը, սոցիալական ծանր վիճակը այս մարդկանց ստիպում են իրենց գոյությունը պահպանելու համար սնվել ճաշարանում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է նա` նկատելով, որ այդկերպ գոնե մարդիկ կարողանում են որոշակի գումար հետ գցել` ձմռանը տաքանալու համար:
Ճաշարան այցելում են տարեցներ, երիտասարդներ, ովքեր ունեն հաշմանդամություն, ճաշարան այցելում են նաեւ բազմազավակ ընտանիքներ:
«Երկրաշարժից հետո, երբ Խորհրդային միությունը փլուզվեց, եւ բազմաթիվ աշխատատեղեր վերացան, դրա հետ կապված` մարդիկ մեծ խնդիրների առաջ կանգնեցին: Եթե նախկինի պես աշխատատեղեր շատ լինեին, հաստատ հիմա բոլորը, նույնիսկ տարեցները պատրաստ են աշխատելու»,-ասում է Սյուզաննա Քոչարյանը:
Նա նկատում է, որ թեեւ ճաշարան այցելող մարդկանց մոտ ինքնավստահության պակաս է նկատվում, այնուամենայնիվ, տարիների կտրվածքով նրանց հոգեբանության մեջ դրական տեղաշարժեր են նկատվում:
«Աղքատությունը ճնշող է, եթե մարդը նորմալ հագնված չէ, ու մտնում է մի տեղ, որտեղ բոլորը լավ են հագնված, բնականաբար, ճնշվում է: Թեեւ ինքնավստահության պակաս կա այս մարդկանց մեջ, անլիարժեքության բարդույթներ ունեն, այնուամենայնիվ, տարիների ընթացքում լավատես են դարձել եւ ձգտում են ակտիվանալու»,- եզրափակում է կենտրոնի սոցիալական աշխատող Սյուզաննա Քոչարյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային