Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Էլբակյան.«Հռոմի պապից ավելի կաթոլիկ կարծիքներ են հատնում». Hayeli.am

Հունվար 07,2014 18:02


Hayeli.am. Հարցազրույց դերասան Արմեն Էլբակյանի հետ:

Պարո՛ն Էլբակյան, անցնող` 2013 թվականին թեժ քննարկումներ էին գնում, թե Հայաստանի համար արտաքին քաղաքական ո՛ր վեկտորն է ճիշտ՝ դեպի Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան: Ի վերջո ընտրեցինք Մաքսային միությունն ու Ռուսաստանը: Անձամբ Ձեզ ո՞ր ուղղությունն է սրտամոտ:

Ես միշտ դեպի Հայաստան եմ գնում և նրանց հետ եմ, ովքեր ինձ հետ գնում են Հայաստան:

Իսկ ո՞ւր է գնում Հայաստանը:

Գնում է այնտեղ, ուր որ գնում է:

Քաղաքական այրերն արդեն հայտարարել են, որ գնում է Մաքսային միություն: Չե՞ք սիրում կարևոր որոշումները մեկնաբանել:

Չէ՛, չեմ սիրում, որովհետև նախ դա անշնորհակալ գործ է, երկրորդ՝ դժվար է ասել, թե ով է ճիշտը: Իսկ ես դրա մասնագետը չեմ:

Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին հետևո՞ւմ եք:

Ես հեղափոխություններ չեմ սիրում՝ սկսած Լենինից, Մարքսից ու կապ չունի Էնգելսից. չեմ սիրել հեղափոխություններ:

Իսկ 90-ականների սկզբի մեր հեղափոխությանը, երբ ձեռք բերեցինք անկախություն, ինչպե՞ս եք վերաբերվում:

Դե, դա ուրիշ հեղափոխություն էր: Դե, մեր ներքին ազգային արժանապատվության ձայնն էր, էդ հեղափոխությունը, այո՛, սիրում էի…Բայց դա կապ չունի այսօրվա հեղափոխությունների հետ: Ինձ համար, օրինակ, անհասկանալի է, թե ինչ է կատարվում այսօր Ուկրաինայում: Ուկրաինայի արևմտյան մասն ու արևելյան մասը միշտ էլ իրար մեջ կռիվ են ունեցել, գուցե հիմա դա ավելի է արտահայտվել: Բայց, ամեն դեպքում, շատ ցավալի է, որովհետև մարդիկ են զոհվում էնտեղ:

Ուկրաինայում զոհեր չեն եղել:

Դե, փա՜ռք Աստծո, որ չեն եղել: Բայց զոհերը մենակ ֆիզիկական չեն լինում, բարոյական զոհեր էլ կան: Ամեն դեպքում, դրանք շատ բարդ հարցեր են, Դուք ինձ շատ բարդ հարցեր եք տալիս/ծիծաղում է-խմբ./:

Լավ, բարդ հարցերից էլ չխոսենք: Անցնեք մեր դարդերին: Դերասանական ընտանիքից Վարդան Պետրոսյանի համար անցնող տարին շատ ողբերգական եղավ: Վարդանն այսօր կալանավայրում է գտնվում: Ձեր մոտեցումն ու գնահատականը կատարվածին:

Կատարվեց այն, ինչ որ կատարվեց: Շատ ցավում եմ, ես իրեն շատ սիրում եմ, ինքը հրաշալի մարդ է: Յուրաքանչյուր հետ էլ կարող է էդպիսի դեպք լինել: Ցավում եմ այն երիտասարդ երեխեքի կորուստի համար: Իսկ Վարդանի իրավունքների պաշտպանությամբ մտահոգվողներին ուզում եմ ասել, որ իրենք ավելի խանգարեցին Վարդանին, քան թե օգնեցին: Պետք չէր այդքան մեծ աղմուկ բարձրացնել: Չի կարելի նման բաների շուրջ այդպիսի մեծ աղմուկ բարձրացնել: Ընդհանրապես մեզանում սովորություն կա՝ ամեն ինչ սարքել բամբասանքի և հանրային քննարկման առարկա. դա շատ վատ բան է: Բոլորը ամեն ինչի մասին կարծիք են հայտնում, մասնագետ են, մասնագետ չեն՝ բոլորը ամեն ինչի մասին կարծիք ունեն: Հասկանում են այդ գործից, թե չեն հասկանում, բայց Հռոմի պապից ավելի կաթոլիկ կարծիքներ են հատնում: Դրա համար էլ ես չեմ սիրում կարծիքներ հայտնել, եթե մասնագետ չեմ: Եթե ես պիտի կարծիք հայտնեմ, որը գործի արժեք չպիտի ունենա, ու ոչ մի լսող էլ չպիտի լինի, ինչի՞պիտի կարծիք հայտնեմ: Եթե կարծիքներ հատնելուց հետո ոչ մի բարի բան տեղի չի ունենում, ի՞նչ իմաստ ունի այդ կարծիքները հայտնել:

Բայց երբ Դուք և Ձեր նման մյուս մարդիկ կարծիք չեք հայտնում, տպավորություն է ստեղծվում, թե մտավորականությունը հեռացել է հասարակությունից և շատ վաղուց տեղյակ չի, թե ժողովուրդն ի՛նչ խնդիրերով է ապրում:

Մտավորականության յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի իր դաշտն ու տեղը և արտահայտվելու իր ամբիոնը: Եթե մեր հասարակությունն ուզում է մտավորականության կարծիքն ու խոսքը լսել միայն ինտերնետում ու թերթերում, դա շատ սխալ է: Մեր մտավորականությունը գրականության մեջ է, թատրոնում է, կտավների վրա է: Ամեն մեկն իր գործն է անում. թող գան թատրոն, մեր ներկայացումները նայեն, բոլոր դարդերի ու հոգսերի մասին մենք խոսում ենք թատրոնում: Շատ կարևոր է տեսնել, թե ժամանակակից մտավորականը ինչպիսի՛ներկայացում է բեմադրում մեր օրերի մասին: Եթե մարդը չի գալիս Էլբակյանի թատրոն, նա որտեղի՞ց կարող է իմանալ Արմեն Էլբակյանի կարծիքը այս կամ այն խնդրի մասին: Հավատացե՛ք, հարցազրույցով հնարավոր չէ իմանալ, պետք է թատրոն գալ, որովհետև իմ բոլոր ներկայացումերը մեր օրերի և մեր իրականության մասին են:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բրավո Էլբակյան,քիթը չի խոթում այնտեղ,որտեղից վատ հոտ է գալիս:Միանգամայն համաձայն եմ,որ ամեն մարդ զբաղվի նրանով,որին լավ է տիրապետում:Թե չէ ամբողջ ազգով դարձել ենք վարչապետներ,դիվանագետներ,դատապաշտպաններ,քաղաքական գործիչներ,միջազգային հարաբերությունների մասնագետներ,ճարտարապետներ ….:Իսկ լրագրողներն էլ,եթե տրված հարցին իրենց ուզածով չես պատասխանում,կարող են կասկածել իշխանամետության մեջ,որ դու մտավոչրական ես:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031