Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Հակոբ քահանա Խաչատրյան. Շքեղ գերեզմանատներ կառուցելը ճիշտ ճանապարհ չէ

Հունվար 07,2014 12:31

Այսօր սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «Ֆորում» ակումբում խոսեց հանգուցյալների հիշատակության օրվա՝Մեռելոցի, եւ հին Նոր տարվա խորհրդից: «Ես կարծում եմ, որ մարդու ծննդյան օրվանից իր հետագա ողջ կյանքն ուղղված է որոշակի բաներ գտնելուն, ձեռք բերելուն, բայց մարդ իր ծնվելուց հետո որեւէ բան գտնելուց առաջ, պետք է ջանքերն ուղղի ունեցածը պահպանելուն: Քրիստոսն Ավետարանում ասում է՝ մանուկներին թողեք գան ինձ մոտ որովհետեւ իրենցն է երկնքի արքայությունը: Այստեղ այլաբանություն կա: Այսինքն երկնքի արքայությունը նրանցն է, ովքեր կյանքի տարատեսակ դժվարությունների բախվելով՝ չեն կորցնում իրենց ազնիվ, ճիշտ, մաքրամաքուր հատկանիշները: Սուրբ ծննդյան արարողությունը ուղղված է դրան, որ հասկանանք, թե որքանով ենք մեր մանկական հատկանիշները պահպանել կամ կորցրել»,-ասում է տեր Հակոբը: 

Նրա պատկերավոր խոսքով, տոները ո՛չ իրենց նշանակությամբ նշելը նման է նրան, որ մարդ մի դրամապանակ ունենա՝ սահմանափակ գումարով եւ այն անխնա մսխի:
Հոգեւորականը անդրադարձավ Ճրագալույցի խորհրդին, Մեռելոցին:
Ասաց, որ հինգ Տաղավար տոներին հաջորդում են Մեռելոցները: Նրա խոսքով, տարիներ շարունակ եկեղեցին հորդորում է սուրբ Ծննդյան օրը եկեղեցի չգնալ: «Հաջորդ օրն այն հույսով ենք գնում գերեզմանատուն, որ մահ եզրագիծը կամ վերջնագիծը չէ մեր կյանքի: Կա՛ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը եւ այն, որ պարտավորություններ ունենք մեր եկեղեցու, հայրենիքի հանդեպ: Գերեզմանատուն այցելելով հանգուցյալներին փոխանցում ենք, որ մահը չունի հաղթանակ, քանի որ Քրիստոս իր մահով ջնջեց մահը: Ինչ վերաբերում է գերեզմանատներում դրված տապանաքարերին, դրանք խորհրդանշում են Նոյյան տապանը, որը փրկեց ժողովրդին»:

Քահանան փաստում է՝ մարդիկ կան, որ շքեղ գերեզմանատներ են կառուցում կամ Ամանորի եւ այլ ուրախ օրերին գնում են գերեզմանատուն: Նրա խոսքով, սրանք ճիշտ ճանապարհ չեն հանգուցյալների եւ Աստծո հանդեպ պարտավորությունները կատարելու առումով, նախընտրելի ուղին աղոթքն է ու բարեգործությունը:

Տեր Հակոբը ցավով փաստեց, որ խորհրդային շրջանը որոշակի անջրպետ ստեղծեց եկեղեցու եւ ժողովրդի միջեւ՝ եկեղեցական տոները ոչ տոնելի էին դարձրել, հետագայում վիճակը ավելի բարելավվեց, ինչը դեռեւս բավարար չէ:

Հոգեւորականն ասում է, որ այս տարի ավելի շատ քաղաքացիներ են Ամանորը տոնել դրսում, եւ դա ամենեւին էլ այդ մարդկանց ֆինանսական ապահովվածության հավաստումը չէ: Ըստ բանախոսի, դա խոսում է այն մասին, որ փոխադարձ այցելությունների, առատ սեղանների մեջ այդ մարդիկ հոգեւոր բովանդակություն չեն գտնում, ուղղակի ներքին հոգեւոր պահանջ կա, որ այս արարողություններն իրենց հոգեւոր բուն նշանակության մեջ տոնվեն:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031