Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ

Հունվար 06,2014 18:33

Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Ս. Ծնունդն ու Հայտնությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Ծննդյան հանդիսավոր Ս. Պատարագը մատուցվեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ: Որպես  առընթերականեր Սրբազան հորը սպասավորում էին արժանապատիվ Տ. Շահե քահանա Հայրապետյանն ու արժանապատիվ Տ. Կարապետ քահանա Կարապետյանը:

Հընթացս Ս. Պատարագի Սրբազան հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի` Ս. Ծննդյան ուղերձը, ուր մասնավորապես ասվում է. «Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս, Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված  մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը: Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ` բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից և մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրանազանցությամբ Աստծո դեմ ելած նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու և Աստծո որդեգիրները դարձնելու: «Ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» (Սաղմ. ՃԽԲ 8), ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում` հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը»:

Ս. Պատարագի ավարտին Տ. Նավասարդ Սրբազանը կատարեց  ջրօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Ս. Խաչով և Սրբալույս Մյուռոնով  օրհնված հրաշագործ ջուրը բաժանվեց ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի:

Դեռ նախորդ երեկոյից մարդիկ իրար ողջունում են «Քրիստոս  ծնաւ  եւ  յայտնեցաւ: Օրհնեալ  է  յայտնութիւնն  Քրիստոսի:  Ձեզ  եւ  մեզ  մեծ  Աւետիս» ասելով:

Հիշեցնենք, որ երեկ` հունվարի 5-ի երեկոյան Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Ս. Պատարագ:

Առաջնորդանիստ Ս. Սարգսի եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց  գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Ճրագալույցի Ս.Պատարագին  ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Ծննդյան ամփոփում է հունվարի 13-ին` Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնին: Ըստ ավանդույթի, ծնողները ութ օրական Հիսուսին տարան տաճար` ընծայաբերեցին Աստծուն, անվանակոչեցին ինչպես Գաբրիել հրեշտակապետն էր պատվիրել ու եբրայական օրենքներով թլպատեցին:

Վաղը` հունվարի 7-ը, ինչպես բոլոր տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները, հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց: Այդ օրը Ս. Պատարագի ավարտին  բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների:

 

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031