Լրահոս
Օրվա լրահոսը

1in.am. Վիտալի Բալասանյանը ևս չգիտի իր դեմ մահափորձի պատճառը

Հունվար 06,2014 18:05

Եվ Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանում ոչ ոք չի շտապում վարկածներ շրջանառել ԼՂՀ նախագահի նախկին թեկնածու, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ իրականացված սպանության փորձի առնչությամբ:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել դեկտեմբերի 29-ին, երեկոյան: Բալասանյանի մեքենային ամրացված ինքնաշեն պայթուցիկը մեքենայից պոկվել էր շրջադարձի վրա արգելակելու ժամանակ: Ավելի ուշ պարզ դարձավ, որ այս գործով արդեն երկու ձերբակալված կա, երկուսն էլ Ստեփանակերտ քաղաքից են, բայց նրանց անունները նախաքննական մարմինը դեռևս չի հրապարակում՝ հղում անելով նախաքննական գաղտնիությանը:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ձերբակալվածները, որոնց բնակարանից խուզարկության ժամանակ որոշակի քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, Վիտալի Բալասանյանին ծանոթ են եղել, նրանք ճանաչել և շփվել են միմյանց հետ, բայց թե վերջիններս ինչ մասնակցություն են ունեցել սպանությունը կազմակերպելու մեջ, դեռ հայտնի չէ:

Բալասանյանի մտերիմներն ու ընկերները չեն բացառում որևէ վարկած, բայց չեն էլ հաստատում, որ դա բացառապես կարող է կապված լինել նրա քաղաքական գործունեության հետ:

«Այն, որ դա մահափորձ էր, 100 տոկոս է, բայց պատճառներն անհայտ են, ոչինչ ասել չեմ կարող, նախաքննություն է գնում: Ես համոզված եմ, որ իրավապահ մարմիններն ամեն ինչ անում են իրականությունը բացահայտելու համար: Արդեն մեկ շաբաթ է մեր բոլոր ընկերներով, Բալասանյանի հետ միասին գլուխ ենք ճաքացնում, թե ինչը կարող էր պատճառ դառնալ, բայց դեռ չենք գտել այդ հարցի պատասխանը: Բոլոր վարկածները հաշվարկում ենք, հերթով բացառում ենք, բայց դեռ որոշակի եզրահանգման չենք եկել: Բալասանյանն ինքը նույնիսկ չի կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր լինել մահափորձի պատճառը»,- Առաջին լրատվականի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը: Նա հավելեց, որ լիարժեք վստահում է իրավապահ մարմիններին, այնտեղ աշխատողները բոլորը իրենց մարտական ընկերներն են ու իրենց հետ արյուն են թափել, և հենց այդ հանգամանքն է իրեն վստահություն ներշնչում, որ գործն արագորեն և լիարժեք կբացահայտվի: Ըստ Բադասյանի՝ եթե անգամ սպանության փորձի պատճառները քաղաքական են, ապա դա ևս մի քանի ուղղություն ունի, որոնց մասին առայժմ չեն կարող խոսել գործի քննությանը չվնասելու համար:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, ապա Բադասյանը ևս հաստատեց, որ նրանք ճանաչել են իրար, բայց, նրա խոսքով, դա դեռ ոչինչ չի նշանակում: «Ես կոնկրետ չգիտեմ, մտերիմներ են եղել, թե ոչ, բայց ծանոթներ են եղել, բայց դե մենք Ղարաբաղում բոլորս էլ իրար ծանոթներ ենք, իրար ճանաչում ենք: Հետևաբար դա դեռ ոչինչ չի նշանակում՝ ձերբակալվածները Բալասանյանի մտերիմներն են, թե ծանոթները»:

«Սոցիալական արդարություն» կուսակցության նախագահ, «Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը ևս դժվարացավ մահափորձի հավանական վարկած կամ պատճառ նշել: Նրա խոսքով՝ մինչև Բալասանյանի դեմ մահափորձի պատճառների վերաբերյալ քննության ավարտը դժվար է հանդես գալ որոշակի եզրակացություններով: «Մի բան պարզ է` լինելով քաղաքական գործիչ, որը վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Լեռնային Ղարաբաղում փոխեց ներքաղաքական իրավիճակը և ցույց տվեց, որ ժողովուրդը ի վիճակի է հաղթել ատելի իշխանությանը, նրա դեմ մահափորձը ժողովրդի շրջանում գնահատվում է որպես տարօրինակ մի երևույթ, և բնական է, որ այն համեմվում է տարաբնույթ բամբասանքներով: Ես դժվարանում եմ ասել, թե ով կարող է լինել մահափորձի կազմակերպիչը, նամանավանդ Վիտալի Բալասանյանն իր դիրքորոշմամբ կարող էր ունենալ թշնամիներ հասարակության մեջ, բայց ես կրկնում եմ` անկողմնապահ ու հնարավորինս բաց և թափանցիկ քննությունը պետք է բացահայտի մահափորձի պատճառը և իրական կազմակերպիչներին»:

Օհանջանյանի խոսքով՝ քննության շահերից է բխում չհրապարակել ձերբակալվածների անունները, ինքը ևս գիտի այդ մարդկանց, բայց չի շտապում հրապարակել նրանց անունները: «Ես գիտեմ, թե ովքեր են ձերբակալվել, բայց քննության ընթացքին չխանգարելու նպատակով չեմ հրապարակի նրանց անունները: Ակնհայտ է, որ պայթուցիկ սարքերը և տրոտիլի քանակը խոսում են նրա մասին, որ դրանք պատրաստել են պրոֆեսիոնալներ: Որն է նպատակը` պարզ կլինի առաջիկայում»,- ասաց նա:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031