Լրահոս
Օրվա լրահոսը

Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին Հայրապետական պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում

Հունվար 06,2014 13:59

Հունվարի 6-ին` մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Պատարագի սկզբում հայրապետական խաչվառազարդ թափորը Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, արվեստաբան Հրավարդ Հակոբյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը: Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Ծննդյան Պատարագի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ավետեց Տիրոջ ծննդյան բարի լուրը և այդ առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց համայն հայությանը:

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

          Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Ես եմ ճանապարհն և ճշմարտութիւն և կեանք»

 (Յովհ. ԺԴ 6):

Սիրելի հավատավոր ժողովուրդ ի Հայրենիս, Արցախ և ի Սփյուռս.

Քրիստոսի` մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան բերկրանքով այսօր մեր ցնծագին գոհաբանությունն ենք բարձրացնում առ Աստված: Փառաբանում ենք մեր Փրկչին` Բեթղեհեմում ծնված  մանուկ Հիսուսին: Սուրբ Ծննդյան օրհնյալ օրը երկիրը երկինք դարձավ, և նրանում ծագեց Արդարության արեգակը` ճշմարտության լույսով լուսավորելու համար մարդկային հոգիները, որպեսզի ճանաչեն, տեսնեն ու գտնեն իրենց փրկությունը:

Աստծո Որդին խոնարհվեց երկնային բարձունքներից, մարդացավ ու աշխարհ եկավ` բանսարկուի խաբեությամբ դրախտից վտարված մարդուն ազատելու մեղքից և մեղք սերմանող սատանայի իշխանությունից: Եկավ, պատվիրանազանցությամբ Աստծո դեմ ելած նախաստեղծ մարդու կորուսյալ սերունդներին վերստին երկնքի արքայություն վերադարձնելու և Աստծո որդեգիրները դարձնելու: «Ցո՛յց տուր ինձ ճանապարհն այն, որով պիտի գնամ, քանզի դէպի քեզ, Տէ՛ր, բարձրացրի հոգիս» (Սաղմ. ՃԽԲ 8), ի պատասխան մարդկության այս աղերսի, որ սաղմոսերգուի շուրթերով երկինք էր բարձրանում` հնչեց մեր Փրկչի ձայնը. «Ես եմ ճանապարհը և ճշմարտութիւնը և կեանքը»:

Ճշմարտությունը և կյանքը Իր անձի հետ նույնացնելով` մեր Տերը ճշմարտությունը հավասար արժեք հռչակեց կյանքին: Նա ճշմարտության ճառագայթներով ցրեց մարդկային մոլորությունների ու մեղսագործությունների խավարը և պարգևեց մարդկանց Ճշմարտության Սուրբ Հոգին (Յովհ. ԺԴ 17), որպեսզի մարդկության ընթացքը հաստատվի խաղաղության ու արդարության, միմյանց հանդեպ սիրո և ազնվության վրա հիմնված կյանքի մեջ:

Տիրոջ փրկագործությամբ պարտություն կրած չարն այսօր էլ մոլեգնությամբ պատերազմում է մարդկային հոգիների համար, փորձելով մշուշով պատել Քրիստոսի բերած ճշմարտության լույսը« որպեսզի մարդիկ չտեսնեն դեպի երկինք տանող ճանապարհը և խաբեության որոգայթներում մոլորվելով` զրկվեն երկնային արքայության հավիտենական կյանքից: Չարը դադար չունի, գործում է օրնիբուն և գործում է մարդկանց միջոցով: Չարը ճանապարհ է հարթում, երբ կյանքում պակասում է նախանձախնդրությունը ճշմարտության հանդեպ, և սուտը գտնում է իր համակիրներին: Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից` կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների, կրոնի ընկալման մեջ կամայական ու շահախնդիր մեկնաբանությունները ծնունդ են տալիս աղանդների, մարդու իրավունքի պաշտպանության պահանջով պարտադրվում են երբեմն նաև հասարակության մտածելակերպին ու արժեհամակարգին անհարիր բարքեր: Այսպես է« որ աշխարհում բարոյականությունը տեղի է տալիս ապաբարոյականության առջև, խոսքի ազատությունը վերածվում է խոսքի սանձարձակության, վկայությունը` ճշմարտության խեղումի: Ճշմարտությունը նենգափոխելով քաղաքական շահերը հաճախ հակադրվում են արդարությանն ու խաղաղությանը, նյութականի մոլուցքը, եսակենտրոն ձգտումները` գթությանն ու մարդասիրությանը` աշխարհում բազմացնելով հակամարտությունները, վիշտը, կարիքն ու նեղությունները:

Կյանքն ալեկոծող այսպիսի իրողություններից աշխարհը կձերբազատվի, երբ մարդիկ ընդունեն Քրիստոսի ճշմարտությունը, երբ իրենց հավատավոր գործերով վկայեն Տիրոջ ներկայությունը և առաքյալի պես բարձրաձայնեն. «Իմ մէջ կայ Քրիստոսի Ճշմարտութիւնը» (Բ Կորնթ. ԺԱ 10):  Ճշմարտությունը կրելով միայն, մարդկությունը կարող է ապահովել կյանքի առաջընթաց, բարեփոխում, բարի արդյունք ու զարգացում, քանզի ոչինչ մնայուն չի կառուցվում խաբեության վրա, ոչ մարդկային հարաբերություններ, ոչ բարվոք հասարակական կյանք ու պետականություն: Երբ ճշմարտությունը մարդկանց մեջ չէ, արժեզուրկ են նվիրում, արդարություն, եղբայրսիրություն, բայց ճշմարտությամբ առնում են զորություն և գործի վերածվելու ուժականություն:

Մեր իրականության մեջ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, նույնպես, ցավոք, տեղ են գտնում վատաբանությունն ու բանսարկությունը, անտարբերությունը երկրի ընդհանուր բարիքի նկատմամբ: Նահանջ են ապրում ընտանեկան ավանդական արժեքները, դժվարությունների առջև` հանձնառության ոգին: Պատասխանատվությունը ստորադասվում է իրավունքին, անզուսպ պահվածքն ու վիրավորանքը ընկալվում է որպես քաջություն: Սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը հաճախ ի չարս է գործադրվում ճշմարտությունն աղավաղելու, կողմնակալ տեսակետներ տարածելու համար: Այսպիսի մտայնությանց մեջ սուտը քողարկվում է ճշմարտության դիմակով, բանավեճը դառնում է վիճաբանություն, քննարկումը վերածվում քամահրանքի ու դատապարտության խոսքի, որոնցից հեռանում է Աստծո ճշմարտության Հոգին, Աստծո իմաստությունը, և մենք դժվարանում ենք, այո, նույնիսկ դադարում ենք տեսնել բարին, արդարը, ու մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը և գալիքի հույսն ու լավատեսությունը:

Բեթղեհեմում ծնված Մանուկն է, սիրելի հավատավոր ժողովուրդ, ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը: Նրան պիտի ապավինենք, մեր սրտերում Նրա ճշմարտությունը կրենք, որ վերափոխվի մեր կյանքը, լցվի աներկյուղ վստահությամբ, դժվարությունները հաղթահարելու և ամեն բան Աստծո բարերար կամքով ուղղելու զորությամբ: Ճշմարտությունն ազատարար է: «Եւ կճանաչէք ճշմարտութիւնը« և ճշմարտութիւնը կազատի ձեզ» (Յովհ. Ը 32),- ասում է մեր Տերը: Ապրենք ու գործենք Քրիստոսի ճշմարտությամբ, Նրա խոսքն ու պատգամները դարձնենք մեր կյանքի խավարացիր լույսը, մեր հանդեպ Նրա սերն ու ողորմությունը` մեզ միավորող ուժը, ազգի միասնությունը կերտող զորությունը: Անխախտ ու ամուր պահենք մեր միաբանությունը, համերաշխության ոգին, խնամք տանենք և հոգանք միմյանց համար, մեր երկրի, հոգևոր և ազգային մեր կյանքի վերելքի համար: Միայն այսպես, միմիայն այսպես պիտի կերտենք շեն ու բարօր մեր Հայրենիքը: Միայն այսպես կարող պիտի լինենք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցը դարձնել մեր արդար դատի հաղթանակի հանգրվան և բարվոք, արդար լուծման առաջնորդել արցախյան հիմնախնդիրը: Այսպես կենսունակ պիտի պահենք Սփյուռքը, հույս ու ապավեն դառնանք և նեցուկ լինենք հակամարտության դժվարությունները կրող սիրիահայ մեր եղբայրներին ու քույրերին: Եվ թող մեր բոլոր գործերը Տիրոջով լինեն:

Այս մաղթանքով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին, Հայ Եկեղեցու ուխտապահ ու նվիրյալ ողջ հոգևոր դասին, մեր քույր Եկեղեցիների շնորհազարդ հոգևոր Պետերին:

Հայրապետական օրհնությամբ և Սուրբ Ծննդյան շնորհների հայցով ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին և առաջին տիկնոջը: Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Աստվածակառույց Սուրբ Էջմիածնից, մեր Տիրոջ և Փրկչի Իջման Սուրբ Սեղանից Սուրբ Ծննդյան ավետիսով Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում ի սփյուռս աշխարհի հավատավոր համայն մեր ժողովրդին:

Այս բերկրալի օրը հայցենք, որ Փրկչի Ծննդյան շնորհները մշտասփյուռ լինեն աշխարհում, և մարգարեի մաղթանքով` ճշմարտությունը և ողորմությունը հանդիպեն, արդարությունն ու խաղաղությունը համբուրվեն (Սաղմ. ՁԴ 11):

Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան լուսազարդյալ շողերը պայծառացնեն մեր Սուրբ Եկեղեցին, մեր Մայր Հայրենիքը, աշխարհասփյուռ հայ կյանքը, որ այն լինի փառաբանություն Բարձրյալն Աստծուն և պարգևի ազգիս մշտապես հոգևոր անհուն ուրախություն, և մենք այսօր և միշտ խնդությամբ ավետենք.

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

ձեզ և մեզ մեծ աւետիս:

Ս. Պատարագից հետո Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Ջրօրհնեքի արարողությունը: Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր Հայ Եկեղեցու մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը:

Ս. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության անդամներ, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Ս. Պատարագից հետո Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկաներին Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնի առիթով:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031