Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում ճրագալույցի Ս. Պատարագն, ըստ ավանդույթի, մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Պատարագիչը գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն էր: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ճրագալույցի Ս. Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տնօրհնեքի արարողություն կատարվեց:
Քանի որ Ս. Ծննդյան տոնին նախորդում է պահքի շրջանը, հավատացյալներից շատերը պահքից դուրս են գալիս Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում Ս. Հաղորդություն ստանալով:
Հունվարի 6-ին, Ս. Պատարագ է մատուցվում բոլոր եկեղեցիներում: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է Արարատյան Հայրապետակայն թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ:
Ս. Պատարագի ավարտին կատարվում է ջնօրհնեքի կարգ, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի` Հորդանան գետում Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով մկրտվելը և աշխարհին հայտնվելը:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան