Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը, որը նվիրված է Աստված որդու՝ Հիսուս Քրիստոսի ծննդյանը և Աստվածահայտնությանը (Մկրտությանը):
Նախկինում ընդհանրապես եկեղեցին Ս. Ծննդյան և Մկրտության տոները միասին էր տոնում: Սակայն Արտեմոնը դեկտեմբերի 25-ը հռչակեց որպես Տիրոջ Ծննդյան տոն, իսկ հունվարի 6-ը` Մկրտության:
Հնագույն ավանդությանը և ավետարանական հաշվարկներին հավատարիմ է մնացել միայն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոները։ Քրիստոսի Աստվածությունը ծննդյան օրից մինչև 30 տարեկան հասակըթաքնված էր, և միայն 30 տարեկան հասակում Հովհաննես առաքյալի քարոզչությամբ իր ծննդյան օրը Հիսուս Մկրտվեց Հորդանան գետում և լսվեց Աստված Հոր ձայնը. «Սա է իմ սիրելի որդին» և երևաց աղավնակերպ Սուրբ հոգին:
Հայերը Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը տոնում են հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից։ Սուրբ Ծնունդն սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին։ Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ։ Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում։Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն։ Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Մանուկ Հիսուսը։
Հունվարի 6-ին Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը։ Խաչովև Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի։
Ս. Ծննդյան տոնակատարությունների շարքում կատարվում է նաև Տնօրհնեքի արարողություն։ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո մարդիկ հոգևորականին իրենց տուն են հրավիրում` տոնի կենարար ավետիսը և աստվածային օրհնությունը ստանալու նպատակով։
Հունվարի 7-ը հանգուցյալների հիշատակության օր է` Մեռելոց։ Հունվարի 7-ին` Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմները։
Ս. Ծննդյան տոնի հանդիսություններն ավարտվում են հունվարի 13-ին` Տիրոջ Անվանակոչությամբ, որը նվիրված է Մանուկ Հիսուսին տաճարին ընծայելու, 8-րդ օրը թլպատելու և անվանակոչելու հիշատակին։
Քրիստոս Աստծու Ծննդյան եւ Հայտնության տոնը բոլոր տոների սկիզբն ու հիմքն է: Քրիստոսի Ս. Ծնունդով ծնունդ առան մյուս տոները:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ