«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի Կապան տեղամասի «Չանախչի» կայանի ջրատարից բաժանորդի առանձնատուն գնացող խողովակաշարին առաջացած վթարի հետեւանքով սառցե մեծ բլուրներ են առաջացել Նորաշենիկ համայնքի տարածքում՝ կոմբինատի պոչամբարի խողովակաշարի մոտակայքում: Վարորդները նշում են, որ երթեւեկությունը դրանից չի տուժել, քանի որ սառցե բլուրները մոտ 70 մ հեռու են գտնվում ճանապարհից: Օրեր շարունակ խողովակաշարից հոսող ջրից սառցե բնական բլուրներն անտարբեր չեն թողնում ճանապարհի երկայնքով երթեւեկող բնակիչներին, ովքեր մի պահ կանգ են առնում ու հիանում վերջիններիս տեսքով:
«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանի խոսքով՝ վթարը տեղի է ունեցել դեկտեմբերի 30-ին, տոներից հետո այն կվերացվի: «Վթարը շատ փոքր է, եւ ոչ թե վթարվել է Չանախչիի ջրատարը, այլ՝ ջրատարից բաժանորդի տուն գնացող բարակ խողովակը: Այդ բարակ խողովակն է սառչելուց վնասվել, հոսող ջուրն էլ սառը եղանակից սառույց է դարձել: Տոներից հետո էքսկավատորը կտանենք սառույցը կջարդենք ու վթարը կվերացնենք: Մենք որոշեցինք վթարը վերացնել տոներից հետո, քանի որ այն վերացնելու համար պետք է կայանի աշխատանքը դադարեցնեինք 12 ժամով: Արդյունքում մեկ օր բաժանորդներն առանց ջրի կմնային Նոր տարվան ընդառաջ: Կայանի ջրից սպասարկվում են Սյունիք գյուղական համայնքն ու Կապանի կոմբինատը: Ջրագրաֆիկի խախտում չի եղել, ջրի կորուստն է շատ քիչ է», – նշեց պարոն Գեւորգյանը:
Ինչպես տեղեկացանք՝ այդ տարածքում տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվածք ստացողներ եւ տուժածներ չեն եղել:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Լուսանկարները` henaran.am-ի