Անցյալ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արթիկի շրջանի Լմբատավանքի Սբ Ստեփանոս նախավկա եկեղեցու ներսում վերականգնման աշխատանքներ են ծավալվել: Խոսքը գնում է Է դարի հրաշաստեղծ որմնանկարների մասին: Անցյալ տարի, տողերիս հեղինակը, առիթ ունեցավ այցելել Լմբատավանքի «Կարմիր վանք» և զմայլվել հիասքանչ որմնանկարներով: Ազգությամբ բելգիուհի, իտալացի որմնանկարի վերականգնման մասնագետ Քրիստին Լամողեի ցանկությամբ ու հովանավորությամբ, հուլիս ամսին այցելեցինք Սբ. Ստեփանոս նախավկա եկեղեցի և որմնանկարների ու պատերի անմխիթար իրավիճակը արձանագրելով որոշում կայացվեց շուտով վերադառնալ և սկսել դրանց մաքրման ու ամրացման աշխատանքները:
ՀՀ Մշակույթի նախարարություն ներկայացվեց Լմբատավանքի Սբ Ստեփանոս նախավկա եկեղեցու որմնանկարների և պատերի կոնսերվատիվ վերականգնման նախագիծ որի հաստատումից հետո, ծրագրավորվեց գործնական ճամփորդություն դեպի Հայաստան, Իտալիայից տանելով այն ամենը, ինչ հարկավոր էր մաքրման ու վերականգնման աշխատանքները կազմակերպելու ու իրականացնելու համար: Վերականգնման գործընթացի նախապատրաստման, Արթիկում հանգրվանի, սննդի ու տրանսպորտի հարցերը հոգաց արթիկցի անհատ ձեռներեց Աղասի Աղաջանյանը: Աշխատանքների ընթացքում մեծ օգնություն ցուցաբերեցին նաև եկեղեցու հոգևոր հովիվ տեր Լևոնը, եկեղեցու պահակ Մանուկը, վարպետներ Անդրանիկն ու Արտակը: Փորձի փոխանակման ու խորհուրդների համար, շնորհակալ ենք նաև որմնանկարի փորձառու մասնագետ Արեգ Պետրոսյանին, որը այցելեց շին. հրապարակ ՀՀ Մշակույթի նախարարության հանձնարարությամբ: Աշխատանքների վերջում, պատիվն ունեցանք հանդիպել Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ սրբազանին, որն իր երախտիքի օրհնանքը հաղորդեց կատարված աշխատանքների համար:
Լմբատավանքի որմնանկարների հիմնական խումբը զետեղված է գլխավոր խորանի գլանաձև և երկկոր պատին` պատուհանի վերին շրջագծին հարակից, նրանից 145սմ ներքև, այժմյա վերականգնված բեմի մակերեսից 457սմ բարձրության վրա: Կիսաշրջանագծի հորիզոնական երկարությունը կազմում է 502սմ: Խորանի ուղղահայաց, գլանաձև, ներքին պատը հպվում է գմբեթարդի մեկ չորրորդ երկկոր մակերեսին պայտաձև անցումով, որի հետևանքով, գահին նստած և շատ վատ պահպանված Քրիստոսի մարմնի մի հատվածը և գլուխը, սահուն անցումից զուրկ են: Այս հատվածում, պատին ծեփված և որմնանկարի հիմք հանդիսացող սվաղի պահպանված շերտը խորանի ամբողջ տրամաչափով քիչ ներս է մնում:
Գմբեթարդների նմանատիպ պայտաձև թոխանցումները շատ բնորոշ են Զ-Է դարերի հայկական եկեղեցիներում: Հիմնական պատկերագրության կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի խորհրդանշեր, բոցի լեզուների ֆոնի վրա: Խորանին հարող պատերին պատկերված են դեպի կենտրոն շարժվող երկու հեծյալներ` Սբ Գևորգը ու Սբ Սարգիսը` ձեռքերին խաչափայտ: Ուշագրավ է, որ ձիերի սմբակների տակ չկան չար ուժերի մարմնավորումներ: Հատկապես լավ են պահպանված քառակերպերի պատկերները: Նրանց չորս ճերմակ թևերը ծածկված են բաց աչքերով, իսկ մարդկային դեմքերն օժտված են խոր արտահայտչականությամբ: Որմնանկարն ստեղծվել է գլխավորապես Եզեկիել մարգարեի տեսիլքի գրական հիմքի վրա և ոչ թե հայտնի պատկերագրության հորինվածքի ընդօրինակությամբ` դրանով իսկ ներկայանալով որպես Աստվածահայտնության տեսարանի պատկերագրական կառուցվածքի հայկական տարբերակ: Որմնանկարը մեծադիր չէ, կատարված է գծային գրաֆիկական եղանակով, սակայն ունի վառ գունահնչեղություն: Լմբատավանքի որմնանկարները հասուն գեղարվեստական միջավայրի ծնունդ են և սերտ աղերսներ ունեն Է դ. հայկական այլ որմնանկարների (Թալինի Կաթողիկե եկեղեցի, Կոշի Սուրբ Ստեփանոս վանք, Առուճի տաճար, Աշտարակի Կարմրավոր):
Որմնանկարների հատվածները պահպանվել են բավական վատթար վիճակում: Դրանք գնվում են գլխավոր խորանի գմբեթարդի ստորին հատվածում և հյուսիսային ու հարավային գմբեթարդների վերին հատվածներում: Որմնանկարները իրականացվել են պատին ամրացված սվաղի շերտի վրա: Որմնանկարի հատվածները ծածկված են կեղտի, փոշու ի հիմնականում մոմի մրով, որի պատճառով պատկերագրային տեսարանները աղոտ են: Գունաշերտի որոշ հատվածներ պոկվել ու թափվել են տեղի տալով պատի սվաղի հիմքի առաջ գալուն: Սվաղի պահպանված հատվածների եզրերը տասնհինգ տարի առաջ ամրացվել են շաղախով: Սվաղի շերտը տեղ տեղ ուռչել ու պոկվել է քարի երեսպատի հիմքից: Որմնանկարներից զեղծ պահպանված սվաղի շերտը, ամբողջովին սևացած է: Նույն վիճակում են նաև առանց սվաղի մնացած պատի տուֆե քարերի մեծամասնությունը:
Որմնանկարի կոնսերվատիվ վերականգնման միջամտության հիմնական նպատակը եղել է որմնանկարի ու պատի հատվածների մաքրում, ամրակայում, պահպանում ու մասնակի վերականգնում:
Գլխավոր խորանի հատվածի որմնանկարի ամբողջ մակերեսը և երեսպատի քարերը մաքրվել են թորած ջրի և բազիկա թևթև լուծույթով: Նախկինում վերականգնված ներկի շերտը մաքրելուց հետո, տվյալ հատվածները վերականգնվել են պահպանելով բնօրինակի համապատասխան երանգները: Այն հատվածներում ուր սվաղը պոկված է եղել պատի մակերեսից, կատարվել են ամրացումներ սրսկումների միջոցով միներալների հիմքից պատրաստված մածուկով: Սվաղի բացակայող փոքրաչափ հատվածներն ու անցքերը վերականգնվել են բնօրինակի նման մանր ավազի ու կրի շաղախից կազմված նույն երանգի, հատիկաչափի ու հարթության շաղախով: Սվաղի հատվածների ու գույնը թափած փոքր մասերի գեղարվեստական վերակազմությունը, իրականացվել է բնական հողի բարակ թաղանթի ներկի շերտի միջոցով: Մաքրման աշխատանքների վերջում, նկարազարդված ամբողջ մակերեսը ամրացվել է ռեզինի հատուկ, թույլ լուծույթի քսուկով: Տուֆե քարի մաքրումը այն հատվածներում ուր բացակայում է սվաղի շերտը, իրականացվել է հատուկ փոփոխական արագություն ունեցող էլեկտրական նայլոնի խոզանակի ու ջրացայտի միջոցով: Այն հատվածներում ուր ներկա էր քարի վրա ամրացված` սևացած պարաֆինի շերտը, կատարվել է մաքրում մեխանիկական միջոցներով:
Լմբատավանքի Սբ Ստեփանոս նախավկայի եկեղեցու որմնանկարները հսկայական նշանակություն ունեն հայ արվեստի ու մշակույթի համայնապատկերում: Նրանք բացառիկ են իրենց կատարման նրբության, գունային մեկնաբանման, արվեստագիտական ճաշակի ու կատարման վարպետության իմաստով: Որմնանկարների մաքրման, ամրացման, մասնակի վերականգնման ու կոնսերվացման աշխատանքները կշարունակվեն գալիք տարում: Մինչ այժմ կատարածը ընդամենը սկիզբն է այն մեծ աշխատանքի, որը անպայմանորեն իրեն շարունակությունը պիտի ունենա:
Արա Զարյան
Միրանո-Վենետիկ