Հունվարի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:50-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Կարճաղբյուր ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել և կան զոհեր:
Ինչպես Վարդենիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը Վարդենիսի ոստիկանապետ Վալերի Բաղյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ նույն օրը ժամը 23:40- ի սահմաններում Կարճաղբյուր գյուղի բնակիչ 31 ամյա Արթուր Ասատրյանը վարելով Газ 3110 մակնիշի 09 OO 843 համարանիշի ավտոմեքենան Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհահատվածի 13-րդ կմ հատվածում, Կարճաղբյուր գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել մայթեզրին հարակից ծառին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդ Ա. Ասատրյանը և ուղևոր Կարճաղբյուր գյուղի բնակիչ 25 ամյա Կարեն Գևորգյանը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևոր նույն գյուղի բնակիչ 25 ամյա Արտաշես Ավետիսյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Մահացածներին և վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել գյուղացիները Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջների, ճանապարհային ոստիկանների և ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների հետ:
Կարդացեք նաև
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում