Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, Tert.am-ի հետ զրույցում ամփոփելով անցած 2013 թվականը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից, այն մեկ բառով բնութագրեց՝ գորշ:
«Իսկ եթե ավելի հանգամանալից ասեմ, ապա հնարավոր չի Հայաստանում առանց լուրջ քաղաքական բարեփոխումների՝ տարին տարվա վրա ավելի բարվոք վիճակի հասնել մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից»,- ասաց Ավետիք Իշխանյանը, ավելացնելով, թե լավագույն դեպքում կարող ենք ասել, որ ոչ թե մարդու իրավունքների վիճակը բարելավվել է, այլ՝ բարձր աստիճանի զանգվածային խախտումներ են եղել այս տարի:
Ըստ Ավետիք Իշխանյանի՝ մի երկրում, որտեղ չկան իրականում լուրջ քաղաքական բարեփոխումներ, այն է՝ դատական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների անկախացում, մի երկրում «որտեղ ամեն ինչ ուղղահայաց կախված է մեկ մարդուց և կլանային համակարգից», որտեղ իշխանությունը սերտաճած է, ապա սպասել, որ հաջորդ տարում նախորդ տարվա համեմատ ավելի բարվոք կլինի մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից, միամտություն է:
Իրավապաշտպանի խոսքով՝ անցած տարվա ընթացքում տեղի ունեցած երկու ընտրությունները՝ ՀՀ նախագահի և Երևանի ավագանու, ոչ մի բարեփոխում չմտցրեցին ընտրական համակարգում: «Տարբեր մեթոդներով՝ վարչական, ֆինանսական և այլն, իշխանությունը հերթական անգամ վերարտադրվեց»,- ասաց Ավետիք Իշխանյանը:
Ինչ վերաբերում է հիմնարար իրավունքներին, ապա, ըստ նրա, չնայած առաջադեմ օրենսդրությանը, այս տարի բազմաթիվ քաղաքացիական ակցիաների ժամանակ ոստիկանության պահվածքը, ակտիվիստներին բերման ենթարկելը, անհայտ անձանց կողմից նրանց սպառնալն ու ծեծի ենթարկելը, և նրանցից ոչ մեկի պատժի չենթարկվելը, արձանագրում է այն փաստը, որ այդ օրենքը չի գործում:
Դեկտեմբերի 2-ին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը տեղի ունեցած բողոքի ակցիաներն ու ցուցարարների զանգվածաբար բերման ենթարկելը, ըստ Ավետիք Իշխանյանի՝ ապացույց էր, որ Հայաստանում խաղաղ հավաքների մասին օրենքը թղթի կտոր է իշխանությունների համար: «Քանի որ խաղաղ հավաքի ընթացքում 100-ից ավելի երիտասարդներ բերման ենթարկվեցին առանց որևէ պատճառաբանության»,-ասաց իրավապաշտպանը:
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ ինչպես նախորդ տարում որևէ ձեռքբերում չի նկատել, ընդհակառակը, խաղաղ հավաքների հարցում հետընթաց է արձանագրվել, այնպես էլ սպասելիքներ չունի, թե հաջորդ տարում այս ոլորտում լուրջ բարեփոխումներ կլինեն:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ևս այն կարծիքին է, որ 2013 թվականին մարդու իրավունքների հարցում առաջընթացի ուղղությամբ Հայաստանում որևէ փոփոխություն չի արձանագրվել թե՛ խոսքի ազատության, թե՛ ընտրական իրավունքների, թե՛ խաղաղ հավաքների ազատության բնագավառում:
«Ցավոք, այն համակարգային խնդիրները, որոնք տարիներով մնում են չլուծված՝ մարդու իրավունքների բնագավառում, անցած տարվա ընթացքում ևս այդ համակարգի փոփոխության առումով որևիցե քայլ չկատարվեց: Նույնիսկ մարդու իրավունքների ռազմավարությունը, որը հաստատվել էր Սերժ Սարգսյանի կողմից, և դրա իրականացմանն ուղղված գործողությունների պլանը, որը թեկուզ որոշ սահմանափակումներով և թերություններով նախատեսվում էր հաստատել գարնանը, մինչ օրս չի հաստատվել»,- խնդիրների մասին խոսելիս ասաց Արթուր Սաքունցը:
Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: