Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ամանորի շնորհավորական ուղերձը

Դեկտեմբեր 31,2013 22:48

Սիրելի արցախցիներ,

Թանկագին հայրենակիցներ,

Ահա եւ մենք հրաժեշտ ենք տալիս 2013 թվականին եւ պատրաստվում դիմավորել Նոր տարին, դիմավորել նոր սպասումներով ու հույսերով:

Բոլորիս ցանկությունն է, որ գալիք տարին լինի ավելի արդյունավետ, քան անցնողը, որ կարողանանք հասնել նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների, իրականանան մեր նպատակներն ու իղձերը՝ լինի դա անձնական, ընտանեկան, պետական թե համազգային:

Անցնող տարում մեր ժողովուրդը շարունակել է իր ստեղծարար աշխատանքը, գրանցել նոր հաջողություններ, էլ ավելի ամրապնդել Հայրենիքի ազատությունն ու անկախությունը: Ձեր յուրաքանչյուրի աշխատանքի շնորհիվ առաջընթաց ապրեցին տնտեսության տարբեր ճյուղերը, շահագործման հանձնվեցին կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ, մեկնարկ տրվեց ռազմավարական մի շարք ծրագրերի:

2013 թվականը եղել է նաեւ հոբելյանական տարի: Ազգովի տոնեցինք Արցախյան ազգային-ազատագրական շարժման 25-ամյակը:

Իհարկե, եղել են նաեւ դժվարություններ ու բացթողումներ, դեռեւս մնում են բազմաթիվ չլուծված խնդիրներ ու անելիքներ: Դժբախտաբար, ունեցել ենք նաեւ անդառնալի կորուստներ, մեր պետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհվել են քաջ հայորդիներ, ում հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:

Բայց մի բան հստակ է ու անփոփոխ. մենք հաստատակամ ենք եւ կշարունակենք անել հնարավորը Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման, մեր բնակչության կենսապայմանների բարելավման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման ուղղությամբ: Այս ամենին հասնելու համար պետք է աշխատենք ավելի ջանասիրաբար, միասին ու համախմբված, փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում: Դա է մեր առաջընթացի ամենահուսալի գրավականը եւ բնականոն զարգացման հիմքը:

Սիրելի հայրենակիցներ,

Տոնական այս օրը ուզում եմ առաջին հերթին հիշել մեր զոհված ընկերներին եւ շնորհավորել նրանց ընտանիքների Նոր տարին: Հավերժ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալներին:

Ուզում եմ շնորհավորել ներկա պահին դիրքերում եւ խրամատներում հարազատ երկրի անդորրը հսկող շարքային զինծառայողներին ու հրամանատարներին, մեր հերոսական բանակի ողջ անձնակազմին, մաղթել նրանց անփորձանք ծառայություն:

Շնորհավորում եմ մեր ողջ ժողովրդին, Հայաստանի եւ Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, ցանկանում եմ բոլորին խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն, բարօրություն ու մեծագույն հաջողություններ: Թող 2014 թվականը միայն ուրախություն ու լիություն բերի բոլորի ընտանիքներին:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031