Դորտմունդի «Բորուսիայի» խաղամակարդակի անկումը, ինչը թիմին ետ է մղել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնական, մենեջմենթի համար մտահոգվելու առիթ է դարձել: Թիմը, այդպես շարունակվելու դեպքում, կարող է հաջորդ մրցաշրջանում չորակավորվել Չեմպիոնների լիգա:
«Առայժմ մենք չենք արդարացնում այն սպասելիքները, որ ունենք Գերմանիայի առաջնության հետ կապված: Բունդեսլիգայի առաջնության երկրորդ շրջանում մենք պարտավոր ենք շատ ուժեղ ֆուտբոլ ցուցադրել», – մտահոգված է «Բորուսիայի» գլխավոր մենեջեր Միխայել Ցորկը: Եվ նրա մտավախություններն անհիմն չեն: Առավել եւս, որ Ռոբերտ Լեւանդովսկին պատրաստվում է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա» եւ ըստ լուրերի, հեռանալ պատրաստվում է նաեւ Մարկո Ռոյսը:
Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում դորտմունդցիներին շրջանցել է Մենխենգլադբախի «Բորուսիան», իսկ «Վոլֆսբուրգը», որը որոշ լրատվամիջոցների տեղեկություններով հետաքրքրված է Յուրա Մովսիսյանով, Յուրգեն Կլոպի թիմին զիջում է ընդամենը երկու միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ