Ինչպես տեղեկացրել ենք, երեկվանից լարված իրավիճակ է Գյումրու «Շիրակ» օդանավակայանում. ուղևորները, Մոսկվայից ժամանելով Գյումրի, տեսել են, որ իրենց ուղեբեռը չկա: Վերջիններս սկսել են վիճաբանել պատասխանատուների հետ ու կոտրել օդանավակայանի ապակիները: Այս առիթով նյութեր են նախապատրաստվում ոստիկանությունում:
Ու քանի որ Գյումրի-Մոսկվա ու հակառակ ուղղությամբ չվերթը իրականացնում են ռուսական «Վիմավիա» ու «Ուրալավիա» ընկերությունները, տվյալ դեպքում իրականացրել է «Ուրալավիա»-ն, Aravot.am-ը կապվեց Գյումրիում վերջինիս ներկայացուցիչ Դավիթ Հայրապետյանի հետ` ճշտելու, թե ո՞րն է պատճառը: Նա պարզաբանեց, որ պատճառը եղանակն է, ընկերությունը մտածել է ուղևորների անվտանգության մասին:
Ըստ պատասխանատուի, եթե ամառային տաք եղանակներ լինեին, միգուցե 4,5 տոննա ուղեբեռ տեղափոխելն էլ խնդիր չլիներ, բայց հիմա ձմեռ է, եղանակային խնդիրներ կան, հետևաբար և ուղևորների ապահովության համար բեռը նրանց հետ չի առաքվել:
Դավիթ Հայրապետյանը նաև ասաց, որ ինքնաթիռները գերծանրաբեռնված են աշխատում այս օրերին, այլապես ուղեբեռը կուղարկվեր Երևան ժամանող որևէ ինքնաթիռով: Նա նաև տեղեկացրեց, որ եթե ուղեբեռը վաղը չառաքվի, ապա իրենք SMS կուղարկեն բոլոր ուղևորներին` իրենց ընկերության 2014 թվականի առաջին չվերթով, այն է` հունվարի 3-ին դրանք տերերին հանձնելու:
Կարդացեք նաև
«Հասկանում ենք, Նոր Տարի է, մարդիկ Մոսկվայից եկել են` ինչ-որ նվերներով, բայց մեզ էլ պիտի հասկանան, մեզ համար ուղևորների անվտանգությունն է կարևոր, մենք պատասխանատու ենք նրանց համար», -ասաց Դավիթ Հայրապետյանը:
Իսկ թե ինչո՞ւ Գյումրիից 1.5 տոննա ուղեբեռը չեն առաքել Մոսկվա, այստե՞ղ էլ եղանակն է մեղավոր, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ չնայած երեկ որոշակի անհարմարություններ էին ստեղծվել, այդուհանդերձ ուղեբեռը Գյումրիից Մոսկվա առաքվել է:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ