Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամաս: Կառավարության ղեկավարին ուղեկցել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և ՀՀ զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Վարչապետը ճաշել է զինվորների հետ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
«Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության բոլոր անդամները գտնվում են զորամասերում՝ շնորհավորելու հայ զինվորին, որովհետև մեր անվտանգությունը, ապահով կյանքի երաշխիքը դուք եք: Մի կողմից դա պարտականություն է, մյուս կողմից՝ մեծ հպարտություն, որովհետև շնորհիվ ձեր ծառայության՝ յուրաքանչյուր հայ ընտանիք ապահով տոնելու է իր Նոր տարին և Սուրբ Ծնունդը: Ցանկանում եմ, որ ձեր ծառայությունը լինի անվտանգ, որպեսզի պատվով կատարեք ձեր առջև դրված խնդիրները և վերադառնալով ձեր օջախներ՝ անցնեք մեկ այլ կարևոր գործի՝ ծառայել մեր ժողովրդին:
Կարդացեք նաև
2013 թվականը բարդ և լարված աշխատանքի տարի էր: Այս տարի մենք մի կողմից ապահովել ենք, որպեսզի սպառազինությունը, որը բանակին մատակարարել ենք, լինի ժամանակակից, անհրաժեշտ ծավալներով, մյուս կողմից, որպեսզի մեր զինվորի պրոֆեսիոնալիզմի աստիճանը բարձրանա: 2014 թվականին մենք բանակին մատակարարելու ենք ժամանակակից զենք, այնպիսին, որը դեռևս չենք ունեցել, որովհետև պարտավոր ենք ձեզ զինել այնպիսի զինամթերքով, որն ապահովելու է բանակի մարտունակությունը, միևնույն ժամանակ, ձեր առջև դնելու է նոր խնդիրներ:
2014 թվականը հաջող էր տնտեսության բազմաթիվ բնագավառների համար, մասնավորապես, արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ունեցել ենք լուրջ առաջընթաց: Ունեցել ենք նաև բացթողումներ և ձախողումներ: Այն կարողությունները, որոնք ձևավորվել են Հայաստանի Հանրապետությունում՝ հույս են ներշնչում, որ 2014 թվականը լինելու է նոր ձեռքբերումների տարի»,- ասել է կառավարության ղեկավարը:
Տիգրան Սարգսյանը բոլոր զինվորներին մաղթել է հաջողություն, երջանկություն և խաղաղություն:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ