Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ ապագա ունի մեր երկիրը, ինչ ապագա կարող է ունենալ մեր գիտությունը

Դեկտեմբեր 30,2013 11:03

Երկու օրից կավարտվի 2013 թվականը, ինձ համար նշանակում է տասներկու տարի Հայաստանից դուրս լինել: Զգացմունքներս խառն են, կարոտ, հիասթափություն, բայցև հավատ, որ մի օր վերջապես մենք պարծանքով կհիշատակենք մեր երկիրը այլ պրիզմայի տակ, այլ ոչ թե կշեշտենք ծեծված հայտնի խոսքերը, որ մենք աշխարհի ամենահինավուրց ազգերից մեկն ենք, որ մենք դարավոր պատմություն, կուլտուրա ունեցող ազգ ենք, որ երբ հայերը կային, շատ ազգեր` այդ թվում ռուսները դեռ ծառերի վրա էին: Վերջապես այն, որ պարծանքով կարող ենք շեշտել, որ մենք զարգացած երկիր ենք, որ ունենք զարգացած գիտություն, որ հայ գիտնականներից քանի-քանիսը արդեն արժանացել են Նոբելյան մրցանակի և վերջապես այն, որ մեր երկիրը ուղղակի էտալոն է մյուս փոքր երկրների համար իր ուրույն տնտեսական զարգացման հեռանկարներով, լավ տնտեսագետների առկայությամբ և այլն: Կարծես թե մի փոքր ֆանտաստիկայի ժանրից է, չէ՞: Գուցե, բայց ես ցանկանում եմ, որ այդպես լինի գալիք տարում:

12 տարի է անցել ինչ ես տեղափոխվեցի ԱՄՆ և հիմա, երբ հետին հայացք եմ գցում տարիների խորքից, ցանկանում եմ ուղղակի մի քանի համեմատության անել համաշխարհային և հայկական գիտության միջև: Կամ ավելի կոնկրետ, բարձրաձայնել այն մասին, թե մեր հայկական գիտական ինտելեկտը ինչպիսի անդառնալի դեգրադացիայի է ենթարկվում հատկապես վերջին տարիներին…

Հիշում եմ, երբ նոր էի պաշտպանել թեկնածուական դիսերտացիան ինձ և իմ նման շատերին թվում էր, թե գիտության շարժիչ ուժը պայմանավորված է միայն և միայն մեզնով` հայ գիտնականերով, որ օրինակ Ճապոնացիները խելացի չեն, այլ մրջյունի նման աշխատասեր, որն էլ նրանց զարգացվածության գրավականն է: Կամ նույն կարծիքն ունեինք, օրինակ` ամերիկացիների վերաբերյալ. ուղղակի մտածում էինք, որ սրանք էլ բոլոր խելացի ազգերին հավաքում են իրենց մոտ և այսպես զարգանում: Կամ չինացիների մասին էլ արհամարհանքով ենք մտածում, իմիջիայլոց, նման մոտեցումը դեռ պահպանվում է ռուսների մոտ ու զարմանալի չէ, որ շատ ու շատ ֆորումներում կա նույնիսկ արհամարհական վերաբերմունք նրանց նկատմամբ): Իսկ այն, որ մենք ուղղակիորեն ռուսների կեղտոտ ու ռասիստական ագիտացիային ենք ենթարկվել կարող եմ հաստատել իմ օրինակով, երբ ես այստեղ ԱՄՆ-ում քամահարանքով էի վերաբերվում սև մաշկ ունեցող գիտնականներին: Սա, իհարկե, երկար չտևեց, մինչև հասկացա, թե ինչ խորը հետք կարող էր թողնել ռուսական շովինիստական և ռասիստական գաղափարախոսությունը նույնիսկ մեր կախյալի կարգավիճակում գտնվող փոքր ազգերիս վրա: Փառք աստծո, որ այստեղ նման մենթալիտետը տեղ չունի և իհարկե ես հիմա այդ ժամանակահատվածը ամոթով եմ հիշում:

Առաջին անգամ, երբ այցելեցի Ճապոնիա՝ ուղղակի ապշած էի այդ երկրից, մարդկանցից և Ճապոնացի գիտնականների մակարդակից: Ու թող ոչ մեկն այլևս չփորձի ինձ կամ ինձ նման հայ գիտնականներն համոզել, որ նրանց զարգացումը միայն աշխատունակությունից է կախված: Բացարձակապես ոչ, այն բոլոր պրոֆեսորները ում հետ ես աշխատել եմ այնտեղ, բոլորն անխտիր նոբելյան մրցանակի պոտենցիալ թեկնածուներ են եղել: Ավելին ասեմ, դա նաև վերաբերում է գերմանացի կոլեգաներին (հետագայում ես Գերմանիայում էի աշխատում) և ԱՄՆ գիտնականներին, ու այսպես բոլոր այն երկրների գիտնականներին, որտեղ ինձ բախտ վիճակվեց այցելել և հետազոտություններ կատարել:

ԱՄՆ- ում ես արդեն ավելի թափանցիկ հայացքով էի նայում այն ամենին, ինչ մեզ սովորեցրել էին Հայաստանում կամ Ռուսաստանում: Հիմա օրինակ ժպիտով եմ վերաբերվում մի շարք անհիմն պնդումներին, որ բա գիտեք, այսինչ հայ գիտնականը բավականին մեծ ներդրում է արել այս ինչ ոլորտում, որ նա, օրինակ` առաջինն է բացահայտել կենսաբանական կամ քիմիական որևե պրոցեսի մեխանիզմը: Իհարկե ես ամենևին չեմ ցանկանում վիրավորել այն հայ գիտնականներին, որոնք ազնվորեն աշխատել են, տպագրվել իրենց ուժերի ներածին չափով և հիմա էլ համեստորեն շարունակում են աշխատել: Լավ է, որ այդ կատեգորիայի գիտնականներ դեռ ունենք և հնարավոր է, որ մի օր, գուցեև նրանցից մեկն իսկապես համաշխարհային մակարդակի հայտնագործություն անի և նոբելյան մրցանակ ստանա (մրցանակ, ոչ թե` մրցանակ): Սա է իրականությունը, դառը իրականությունը, որը ես զգացել եմ միայն տարիներ հետո, այն էլ լինելով Հայաստանից ու Ռուսաստանից դուրս:

Իրականությունն ավելի են աղավաղում մարդիկ, որ նույնիսկ գիտության կամ նրա հիմնահարցերի մասին չնչին պատկերացում չունեն, սակայն նույնիսկ փորձում են թեկնածուական կամ դոկտորական պաշտպանել ի հեճուկս բոլորի: Եվ նույնիսկ կարևոր չէ, այն կընդունվի, թե` ոչ: Կարևորն այն է, որ տեսեք, ես էլ եմ գիտնական: Ակամայից հիշում եմ տարիներ առաջ մեր բակում տեղի ունեցող մի խոսակցություն, երբ Լևոն Տեր Պետրոսյանը նախագահ էր ընտրվել, տղաներից մեկը փորձում էր ինձ համոզել, որ ինքն էլ Տեր Պետրոսյանից պակաս չի. ինքն էլ «պոլիտեխնիկ ինստիտուտ» է ավարտել, ուրեմն թող իրեն ընտրեն պրեզիդենտ: Ցավոք սրտի նման մենթալիտետը տիրում է նաև այսօր. ես ումից եմ պակաս ո՞ր:

Նորից գալով Տարոն Մարգարյանի տխրահռչակ պաշտպանությանը, մի բան կարող եմ ասել. ամոթ է, ամոթ, ուշքի եկեք: Մեր ազգը դեգրադացվում է նման երևույթների արդյունքում, մեր երիտասարդությունը ուղղակի կորցնում է իր հավատը երբ տեսնում է, թե ինչպես են մի կլոնով աճեցված ուսխորհուրդների ակտիվիստները (կամ «քուչի որոշ թուլեք») դոշ դեմ տալիս, որպեսզի Տարոնը կամ նրա նման մեկ ուրիշը պաշտպանի: Իսկապես թերթերում լավ էին գրել. պաշտպանությունը բառացիորեն էին հասկացել… Ինչպես ասում են` խոսքերն ավելորդ են…

Ինչ ապագա ունի մեր երկիրը, ինչ ապագա կարող է ունենալ մեր գիտությունը: Մի հայացք գցենք մեր բուհերի, նրա ղեկավարների, նրանց համաշխարհային գիտությանը տված գիտական մտքերին ու ամեն ինչ պարզ կլինի: Օրինակ, կարո՞ղ է արդյոք Տնտեսագիտականի ռեկտորը հայկական գիտությունը առաջ տանել, կամ մրցունակ կադրեր պատրաստել այդ համալսարանում: Ես խիստ կասկածում եմ…

Նոր տարուն ցանկանում եմ փոփոխություններ, առաջին, ամենակարևոր փոփոխությունը, որ փոփոխություն տեղի ունենա մեր մեջ` հայերիս, որ մենք սկսենք սիրել ու հարգել միմյանց, և որ յուրաքանչյուրը Հայաստանում ինքն իր մեջ մեղավորին փնտրի…..

 

Արա Կիրակոսյան

Կենսաբանական Գիտությունների Դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Բացարձակ ճշմարտություն է, որի աղետալի հետևանքները փլուզել է տնտեսությունը։
    Իշխանական ոհմակի կողմից ստեղծված մեխանիզմը, որի գոյության ներքո պարզապես բացառվում է որևէ նոր, առաջադեմ նախաձեռնություն, քանի որ միայն նման ռեկտորի ներկայության պայմաններում կարող է քաղաքապետը գիտնական դառնալ, որին մինչ օրս չեն կարող սովորեցնել, որ ոչ թե՝ աֆտոբուզ է, այլ ավտոբուս, և եթե գրելը չգիտի, ապա արտասանելը պետք է իմանա։ Միայն նման քաղաքապետի ներկայության դեպքում, երկիրը կարող է նման նախագահ ունենալ, և այս ամենը պետք է դիտենք շրջապտույտի մեջ։
    Ես ականատես եմ եղել անցած տարվա մայսի 5–ին քաղաքապետի ընտրություններ կոչվող խեղկատակությանը, որտեղ 5000դրամները ստացողները ցուցակներով մտնում և դուրս էին գալիս
    թաղի խուժանի ուղեկցությամբ և ոստիկանական զգեստով այլ խուժանների հսկողությամբ, իհարկե
    նաև ժողովրդի վրա տարածված ահի ու սարսափի մթնոլորտում, քանի որ նրանք ներքին զգացողությանբ գիտակցում էին, որ մեխսակից են՝ կաշառք են վերցրել, իսկ եթե չվերցնեին, ապա
    որպես՝ սպիտակ ագռավ կդիտվեին, բացի դրանից մի շարգ պարտադրող գործոններ՝ դպրոներում, ԲՈՒՀ–ում, հիվանդանոցներում և ամենուր։ Ահա դառը և ստոր իրականությունը, որը կցանկանայի ավելացնել։

  2. Շատ ուրախալի է, որ մեր շատ հայրենակիցների նման մեր հոդվածագիրը ևս մտահոգված է մեր երկրի գիտա-համալսարանական համակարգի ճակատագրով: Որ այն գտնվում է իր հոգեվարքի մեջ պարզ է բոլորիս համար և ամեն ինչ ասված է այդ մասին: Ակնհայտ է, որ մի երկրում եթե չկա իրական գիտական փորձագիտություն և այնտեղ գիտության ֆինանսավորող գործադիր իշխանությունն է իրականացնում փորձագիտություն, չի կարող գիտություն զարգանալ: Ուստի անհրաժեշտ է համակարգային փոփոխություն: Այսօր չնկատել ԿԳ նախարար Ա.Աշոտյանի ցանկությունը և ակտիվ ջանքերը բնագավառում բարեփոխում մտցնելու գործում, նշանակում լինել վատատես: Սակայն նա խիստ կարիք ունի օգնության, քանզի ամբողջ գիտա-վարչական համակարգը, որը խրված է կոռուպցիայի մեջ և թելադրողի դերում հանդես են գալիս գիտության հետ որևէ կապ չունեցած կամ նրանից վաղուց խռոված բայց զանազան գիտական տիտուլակիրներ, հանդիսանում են բնագավառի բարեփոխման հիմնական հակառորդները: Ուստի կոչ եմ անում ավելի շատ հանդես գալ առաջարկություններով, ելնելով զարգացած երկրների փորձից :

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031