Դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն է տեղի ունեցել:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել են, որ այս պահի դրությամբ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան, իսկ տուժածների թվում կան երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը՝ Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինի համաձայն, ինքնասպան կին-ահաբեկիչը պայթեցրել է իր մոտ եղած ռումբը Վոլգոգրադի կենտրոնական երկաթուղային կայարանի ներսում տեղադրված մետաղ հայտնաբերող սարքերի մոտ:
Կարդացեք նաև
Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը սակայն հաղորդել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ինքնասպանի գլուխը, որի միջոցով իշխանությունները կարող են արագ որոշել նրա ինքնությունը: