Ավանդույթը շարունակվում է: Չխախտելով այն, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:
Այցելության ընթացքում նախարարը ծանոթացավ ուղեկալի առօրյային, զորանոցային պայմաններին, զրուցեց մարտիկների և սպաների հետ, շնորհակալություն հայտնեց նրանց դժվարին, բայց և պատվաբեր ծառայության համար, մաղթեց անվտանգ ծառայություն, խաղաղություն, քաջառողջություն, բարի վերադարձ իրենց հայրական օջախները:
Անդրադառնալով երկրի պաշտպանունակությանն ու պետականության ամրապնդման ուղղությամբ կատարվող քայլերին, նախարարը լավատեսորեն արտահայտվեց երկրի վաղվա օրվա վերաբերյալ, կարևորելով յուրաքանչյուր զինվորի և յուրաքանչյուր քաղաքացու անձնական ներդրումը սահմանի անառիկության պահպանման և հայրենիքի հզորացման գործում:
«Հավատը սեփական ուժերի հանդեպ, լավատեսությունը, աներեր կամքն ու ոգին գործնական հայրենասիրության կարևոր բաղադրիչներից են: Եվ ես ուրախ եմ, որ մեր սահմանին կանգնած զինվորը, ժամանակակից սպառազինումից բացի, տիրապետում է նաև այս զենքերին»,- նշել է նախարարը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն