Սիրելի հայրենակիցներ, զինվորներ ու հրամանատարներ, ընտանիքներ, ում որդիներն ու հայրերը հիմա գտնվում են Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը երիզող պաշտպանական դիրքերի կամ զորանոցների մարտական հենակետերում ու այժմ արթուն են, ոչ թե որովհետև Ամանոր է, այլ մշտարթուն ու զգաստ են, որովհետև Հայրենիք են պաշտպանում:
Ավարտվող 2013 թվականը դարձավ խաղաղության ևս մեկ տարի, երբ Հայկական բանակը, ամեն րոպե թիկունքում ունենալով հայ ժողովրդի միակամ աջակցությունը, անթափանց պահեց Հայաստանի Հանրապետության ու Արցախի սահմանները: 2012 թվականին ստանալով ծանր դասեր, հակառակորդն այս տարի ողջամտություն ունեցավ չդիմելու սահմանախախտ-խափանարար ոտնձգությունների: Իսկ վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան տարածաշրջանի որոշ ճանապարհներին տիրող անհանգստությունը վկայում է, որ մենք գործ ունենք մի հակառակորդի հետ, ով ընդամենը հրճվում է խաղաղ ենթակառուցվածքների կենսագործունեությունը խանգարող փորձերից, քանի որ պարզ գիտակցում է, որ չի կարող չափվել Հայկական բանակի որևէ ստորաբաժանման հետ:
2013 թվականին, որն անցավ «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման տարի» կարգախոսի պահանջների ներքո, բարձրացավ զորքերի մարտական ուսուցման ու դաշտային վարժվածության մակարդակը, ինչին մեծապես նպաստեց նաև արգելագոտիների հաղթահարման և վճռական գործողությունների ու նորմացույցների ուսուցման «ՎԱՀԱԳՆ» համակարգի ներդրումը, շարունակվեցին պայմանագրային սերժանտական համակարգի ամբողջացումը և ուսումնամարզական սարքերի ու էլեկտրոնային վարժասարքերի ներդրումը: Միաժամանակ, մեծ աշխատանք կատարվեց բոլոր օղակների հրամանատարների ու ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների պատրաստության բարձրացման ասպարեզում: Զորակոչի թափանցիկության ապահովման ու սոցիալական արդարության պահպանման նպատակով որդեգրվեց զորակոչը վիճակահանությամբ իրականացնելու եղանակը, որը կփարատի ցանկացած կասկածի վերջին նշույլ: Զորքերի մարտական ուսուցման ու նրանց կառավարման մարմինների պատրաստության մակարդակի բարձրացմանը, եթե շոշափելի լիցք հաղորդեցին մեր ստորաբաժանումների մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Հյուսիսատլանտյան դաշինքի և հայ-ամերիկյան ռազմական համագործակցության շրջանակներում անցկացված մեկ տասնյակ բազմազգ զորավարժություններին, ապա «ԱՐՁԱԳԱՆՔ-2013» ռազմավարական հրամանատարաշտաբային մարզումների ընթացքում կատարելագործվեցին պետական կառավարման մարմինների` ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման հմտությունները և ռազմաքաղաքական իրավիճակի սրման պայմաններում նրանց աշխատանքի ներդաշնակվածության մակարդակը:
Անցնող տարում Հայկական բանակը լրիվ կատարեց իր առաքելությունը, որի շրջանակներն էապես ընդլայնվել են: Հայ զինվորականն այսօր ոչ միայն ամուր պաշտպանում է մեր սահմանները, այլև ապահովում է կայունությունը հարավկովկասյան տարածաշրջանում, իսկ բազմազգ խաղաղապահ ուժերի կազմում խաղաղություն է սերմանում թե Արևմուտքում և թե Արևելքում` ներքին ու արտաքին հակասություններից չհանդարտվող Կոսովոյում և Աֆղանստանում: Միաժամանակ, գործնական քննարկումների փուլում է հայկական ստորաբաժանման մասնակցությունը Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը:
Կարդացեք նաև
Խաղաղության պահպանումից բացի, 2013 թվականը մեզ համար դարձավ նաև միջազգային ռազմական համագործակցության շրջանակների ընդլայնման ու խորացման, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ոչ միայն ռազմական, այլև ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում շատ մեծ ձեռքբերումների տարի:
2013 թվականին երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով արձանագրեցինք համագործակցության ծրագրերի բովանդակային ու քանակական աճ, ընդլայնեցինք միջազգային պաշտպանական համագործակցության շրջանակները և համագործակցության իրավապայմանագրային դաշտը, ինչն էապես նպաստեց ոչ միայն բանակի մարտունակության բարձրացմանը և պաշտպանության համակարգի արդիականացմանը, այլև թույլ տվեց ամրապնդել մեր անվտանգության միջավայրը:
Եվ Հայաստանի Հանրապետության ղեկավարության, բանակի հրամանատարության կողմից հայ զինվորի ու սպայի համատեղ ջանքի ճիշտ ուղղորդման շնորհիվ էլ ունեցանք կայունության, զարգացման ու Հայկական բանակի հզորության ամրապնդման ևս մեկ տարի, որի ձեռքբերումներով հպարտանալու ենք ու ոչ թե ափսոսալու իզուր կորսված ժամանակի համար:
Ցավոք, տարբեր պատճառներով, այս տարի ևս ունեցանք ողբերգական ելքով պատահարներ: Իմ վշտակցությունը հայտնելով զոհված ու մահացած զինվորների հարազատներին, կիսելով նրանց անփարատելի ցավը, հավաստիացնում եմ, որ ամեն ինչ արվում է նման դեպքերի բացառման համար:
Հայկական բանակը մեր տունն է, Հայաստանը պաշտպանող բերդ-ամրոցը, որտեղ բոլորը պետք է ապրեն միևնույն օրենքներով: Անցած տարիներին այս ասպարեզում հսկայական աշխատանք է կատարվել, և այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ ունեցած ձեռքբերումները զարգացնելու համար անհրաժեշտ է նոր ու հզոր թափ հաղորդել այս պայքարին:
Ըստ այդմ, 2014 թվականի իմ տարեմուտի ուղերձը ես վերնագրեցի «Բանակը մեր տունն է, մեր ամրոցը», որպես բնաբան ընտրելով «Մեր ամրոցում մեր օրենքներով, կամ միասնական պայքար փողոցային արատավոր բարքերի դեմ» արդեն բոլորիդ հայտնի կարգախոսը: Այն ուղարկվեց ոչ միայն զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներ, այլև բուհերի յուրաքանչյուր կուրս, հանրապետության դպրոցների ամեն մի դասարան և պիտի ուղեցույցի դեր կատարող ձեռնարկ դառնա մեր երեխաների ազգային անաղարտ նկարագրի պահպանման, ճշմարիտ արժեհամակարգ դավանող և հոգով ուժեղ զինվորներ դաստիարակելու, նրանց հոգուց թույլ մարդկանց բնորոշ անհանդուրժողականությունն ու կեղծ պատվախնդրությունն արմատախիլ անելու համար:
Սիրելի հայրենակիցներ, զինծառայողներ.
Շուտով կսկսվի 2014 թվականը ու միմյանց բարի տարի մաղթելիս հիշենք այն դժվարին օրերը, երբ կամավորականներն ու դեռ նոր ձևավորվող Հայկական բանակն աներևակայելի ջանքերի ու հերոսական մաքառման գնով նվաճեցին այս խաղաղությունը: Եվ գլուխ խոնարհելով մեր զոհված մարտընկերների անմահ սխրանքի ու պայծառ հիշատակի առջև, հավաստիացնում եմ, որ մենք ամեն ինչ կանենք մայիսյան հաղթական զինադադարի հաստատման 20-րդ տարին ձեր օգնությամբ դարձնելու պաշտպանության ռազմավարական վերանայման նոր շրջափուլի աշխատանքների և զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման տարի: Ու 2014 թվականը ևս մերը կլինի:
Եվ բոլորիդ ու առաջին հերթին այժմ մարտական հենակետերում, որպես մեր Հայրենիքի անձեռակերտ սահմանասյուներ, Հայաստանի անդորրը հսկող զինվորներին, ենթասպաներին ու սպաներին, ովքեր թույլ չեն տալիս, որ կրակահերթերի ճարճատյուն ու ռումբերի որոտ խառնվի Ամանորի գալուստն ու Տիրոջ Սուրբ ծնունդն ավետող զանգերի ղողանջին, մաղթում եմ առողջություն, երջանկություն, հանդուրժողականության ու մեկս մյուսին հասկանալու և ներել կարողանալու ունակություն, անձնական ու ծառայողական նորանոր հաջողություններ:
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:
ՀՀ ՊՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ