Լրահոս
Օրվա լրահոսը

Էշը

Դեկտեմբեր 28,2013 21:55

 

Առավոտ կանուխ Նվերը սուրճ խմելով բակ շտապեց: Բեռնատարը դեռ չեր եկել:

–                     Նվեր, հաց ուտեիր նոր դուրս գայիր, – ասաց կինը դռների միջից:

–                     Ախորժակ չունեմ, քաղաքում էշին կենդանաբանական այգի հանձնելուց հետո մի բան կուտեմ, – պատասխանեց Նվերը՝ գոմի դուռը բացելով:

Կիսախավարում, փոքրիկ լուսամուտի դիմաց, փոշոտ փալանը մեջքին կանգնել էր Տողաթափի կոլխոզից հիշատակ մնացած էշը, որին Նվերի լուսահոգի հայրը քնքշորեն Բախտիյար էր կոչում: Հոր մահից հետո կինն ամեն օր ամուսնուն բշտում էր, որպեսզի օր առաջ Բախտիյարից գոմն ազատի: Կնոջը զայրացնում էր Բախտիյարի անտանելի զռոցը. քաղաքից հարս եկած Նունեն ինչ իմանար, որ էշին զռացնողը ամորձիներն էին: Գյուղի անասնաբույժ Գալուստը մեկ ամիս առաջ առաջարկել էր Բախտիյարին ամորձատել, որպեսզի զռոցը մեկընդմիշտ կտրվի քաղաքացի կնոջ նուրբ և դյուրագրգիռ ականջից: Նունեի համբերության բաժակը լցվեց, երբ անասնաբույժ Գալուստը Բախտիյարին սիբիրախտի դեմ պատվաստման համար հազար դրամ պահանջեց: Պատվաստումից հետո Բախտիյարը առավել անտանելի դարձավ, այս անգամ արդեն զռոցին ավելացավ հետույքից աղմուկ–աղաղակով, տռտռոցով գազերի բացթողումը: Բավական էր, որ հարևաններից մեկը բակ մտներ՝ Բախտիյարը սկսում էր տռտռացնել: Հատկապես նրա հետույքը ՛՛միանում՛՛ էր, երբ հերթական սուրճի բաժակը խմելու էր գալիս Նվերի հարևան Աբոն: Սա էր մեկ օր առաջ Երևանում պայմանավորվել կենդանաբանական այգու տնօրինության հետ, որ Բախտիյարին մի կլորիկ գումարով, որպես մսացու հանձնեն գիշատիչների բաժնի վարիչ Վիգենին:

–                     Է՜հ, ինչ արած, Բախտիյար, այնքան զռացիր ու տռտռացրիր, որ քեզ առյուծի բաժին սարքեցիր, հիմար էշ, – անտարբեր ասաց Նվերը, ցուցամատով չորքոտանու գլխին տկտկացնելով:

–                     Մի՛ ա-րա, – հանկարծ պարզորոշ, վանկավորված տռտռացրեց Բախտիյարը:

–                     Ի՞նչ, – տեղում ապուշ կտրեց Նվերը, ականջներին չհավատալով:

–                      Ա – բոն ե- կավ, նը-րան ու-ղար-կիր, կը- խո-սենք, – կրկին տռտռացրեց էշը:

Աբոն բեռնատարը կանգնեցրեց գոմի դռանը ու ճմռկտալով մեքենայից դուրս եկավ:

–                      Էս մարդ չես կանչե՞լ, Նվեր, երկուսով ո՞նց ենք բարձելու, – ձայնին հորդոր հաղորդելով ասաց Աբոն, ծխախոտը վառելով և աչքի պոչով Նունեին տան պատշգամբում փնտրելով:

–                     Աբո, հիվանդ եմ, – մի կերպ արտաբերեց Նվերը, ճակատը շփելով:

–                     Հա էլի, իսկապես երեսիդ գույն չկա, – մտազբաղ, Նվերի թիկունքի վրայով Նունեին հայացքով փնտրելով, ասաց Աբոն:

–                     Ես գնամ պառկեմ, երևի մի երկու օրից տանենք:

–                     Դու մի արի, Նվեր ջան, անհարմար է, մարդկանց հետ պայմանավորվել եմ, էշին մենակ քաղաք կհասցնեմ: Վիգենը երկու անգամ զանգել է, մարդկանց խոստացել եմ, մարդու խոսքը բերանից է դուրս գալիս: Ասացի, որ ամենաուշը մեկ ժամից կենդանաբանական այգում կլինենք:

–                     Չի ստացվի, լավանամ՝ միասին կտանենք, – ասաց Նվերը, տան դուռը աղմուկով փակելով Աբոյի դեմքին:

Այդպիսի վարմունքից վիրավորված և հանկարծակիի եկած՝ Աբոն զայրացած նստեց ղեկին և բեռնատարի շարժիչը գոռացնելով, անիվների տակի խիճը ցաքուցրիվ անելով դուրս թռավ բակից:

–                     Ոչխար, երեկոյան քաղաքից շքախմբով Վիգենը կգա՝ գլուխդ կջարդի, – Աբոյի հետևից բարձր տռտռացրեց Բախտիյարը:

–                     Նունե, լսեցի՞ր գոմում ինչ տռեց Բախտիյարը, – ասաց Նվերը, իրենից տարիքով բավականին մեծ կնոջ թևքը քաշելով:

–                     Լսիր, խելքդ հո չե՞ս գցել, ջերմություն ունե՞ս,- վախեցած ասաց Նունեն, ափը ամուսնու ճակատին դնելով:- Խնդրում եմ այլևս այդպես գռեհիկ չարտահայտվես, Գալուստի պատվաստումից հետո այդ էշը մշտապես գազեր է բաց թողնում: Տար դրան, զռոցը քիչ էր՝ հիմա էլ գազերի որոտը պետք է լսենք: Նվեր գիտե՞ս, այսօր երեկոյան գյուղի ակումբում երգելու եմ, անձամբ մարզպետն է ներկա գտնվելու: Ինձ հանգիստ է պետք, իսկ այդ հիմար էշի պատճառով համերգից առաջ նյարդայնանում եմ, – կատաղի ֆշշացրեց Նունեն:

–                     Գլուխս պտտվում է, հավանական է լուրջ հիվանդ եմ, – մի կերպ արտաբերեց Նվերը, անկողին մտնելով:

–                     Էս Աբոն ու՞ր չքվեց, – պատուհանից դուրս նայելով հետաքրքրվեց Նունեն:

–                     Տո Աբոյի հերն էլ անիծած, տաք թեյ տուր, երևի ջերմություն ունեմ, ականջիս ձայներ եմ լսում, – ասաց Նվերը, դեպի պատը շրջվելով:

Բաց լուսամուտից հանկարծ պարզ լսվեց Բախտիյարի տռտռոցը.

–                      Նվեր, ուղղակի անբնական երևույթից ծանր սթրես ապրեցիր: Ելակով թեյ խմիր և աշխատիր քնել: Երեկոյան Նունեն քեզ կարթնացնի: Գալու են իմ ետևից, հանկարծ այդ գյուղական ակումբի երգչուհու խելքին չընկնես: Չմտածես թե կյանքիս համար եմ վախենում: Վանդակում ծնված առյուծը ազատության մեջ ծնված, ազատությունն ըմբոշխնած կատվի չափ էլ չկա: Ես քեզ համար եմ ասում, դու ապագադ կկորցնես, իսկ գյուղի ակումբի մակարդակի երգչուհի կինդ՝ հանրապետության լավագույն բեմերը:

–                     Վա՜յ, գետինը մտնես, որ բաց թողած գազերովդ մեր վրա ծիծաղեցնել չտաս, էշի մեկը, էշ, – զայրութից կաս-կարմիր կտրած, իր սոպրանոյով ղժղժաց Նունեն, ննջասենյակի լուսամուտը աղմուկով փակելով:

Նվերը ցանկանում էր կնոջը սաստել, որ լուսամուտը բաց թողնի, որպեսզի Բախտիյարի տռոցը լսելի լինի, սակայն ինքն իրեն զսպեց, որպեսզի ասածը Նունեի կողմից զառանցանք չընկալվեր:

–                      Լսիր, լուրջ հիվանդ եմ, ինձ ելակով թեյ տուր, – ասաց Նվերը տնքոցով և անկախ իրենից ականջը դեպի լուսամուտը սրած պահելով:

Կես ժամի չափ անկողնում քրտնաթորվելուց հետո քնեց:

–                      Նվեր, Նվեր, արթնացիր, Աբոյին ծեծել՝ գլուխը ջարդել են: Խնդրում է, որ իրենց տուն գնաս, կարևոր խոսակցություն ունի, – ամուսնու ուսը ցնցելով, շուտասելուկի նման շնչակտուր վրա բերեց Նունեն:

–                     Թող ինքը գա, – քնատ արտաբերեց Նվերը:

–                     Ինչպես գա, ասում եմ քեզ՝ մարդու գլուխը ջարդել են, երեսսրբիչը գլխին փաթաթած բազմոցին պառկած է, – ամուսնու անտարբերությունից վրդովված, նեղված պատասխանեց ակումբի երգչուհին: -Վեր կաց գնա Աբոյենց տուն, ես էլ գնամ ակումբ, մի կատարում ունեմ, երգեմ՝ գամ:

–                     Ինչ ասացի՞ր, գլուխն են ջարդե՞լ, – տեղաշորի մեջ վեր թռչելով վախվորած կմկմաց Նվերը:

–                     Այ մարդ, էլ ո՞նց ասեմ, որ հասկանաս: Աբոյին զգուշացրել են, որ երկու ժամից գալու են՝ էշին բարձեն տանեն:

–                     Հասկացա, էլ գլուխս մի տար, շորերս բեր: Ասում ես՝ Աբոյի գլուխը ջարդե՞լ են: Բա որ լուսամուտները փշրելով փակում էիր՝ Բախտիյարը դրա մասին չէր տռու՞մ, առավոտյան ինչ տռեց՝ էն էլ երեկոյան կատարվեց, – շալվարը ոտքին անցկացնելով, գոմի կողմը նայելով փսփսաց Նվերը:

–                     Վա՜յ, մամա ջան, սրան ինչ պատահեց: Այ տղա, հայրս հազիվ է քեզ աշխատանքի տեղավորել, էշիդ գազերի մասին հենց պատմես՝ գործից կհանեն, կուղարկեն հոգեբուժարան, – ասաց Նունեն բեմական կարմիր շրջազգեստը գլխին քաշելով:

Կնոջ ուղղությամբ ձեռքը թափ տալով, Նվերը նետվեց դեպի գոմ: Դուռը բացելուց հետո վախվորած, ծույլ աշակերտի պես կանգնեց Բախտիյարի դիմաց.

–                     Տեսնում եմ արդեն հասկացել ես, թե ում հետ գործ ունես, – սպիտակ, փափուկ մռութը ոտքի վրա քորելով, բարակ պոչը տենդագին աջ ու ձախ շարժելով տռտռացրեց Բախտիյարը: – Չմոռանաս ինձ հինգ կիլոգրամի չափ գազար գնես, օրգանիզմս կարոտինի պահանջ ունի: Գնա Աբոյենց տուն, շուտով Վիգենը շքախմբով կհայտնվի: Նրան մի կողմ կհրավիրես և ականջին կշշնջաս, որ քեզ հայտնի է, թե առյուծի և իմ սպասվելիք մենամարտի ընթացքում ինչպես է թեյով թունավորելու օլիգարխին: Կասես նաև, որ եթե քեզ հետ բան պատահի՝ շահագրգռված մարդիկ անմիջապես կիմանան նրա մութ գործարքների մասին:

–                     Ինչ է, նա կենդանաբանական այգում նման շոունե՞ր է կազմակերպում մեծահարուստների համար:

–                     Այո, – տռեց Բախտիյարը: – Այժմ գնա Վիգենի հետ Աբոյենց տանը հանդիպի, հետո կգաս՝ կխոսենք մեր անելիքներից:

–                     Բախտիյար, ինչպե՞ս եղավ, որ սկսեցիր խոսել, պայծառատես դարձար: Այժմ քեզ հետ խոսում եմ և ինքս ինձ չեմ հավատում, կարծես երազում լինեմ:

–                     Անասնաբույժ Գալուստը երակիս մեջ սիբիրախտի ժամկետանց շիճուկ ներարկեց, որը գենային մոդիֆիկացիայի ենթարկեց օրգանիզմս՝ զարգացրեց հիշողությունս և տրամաբանությունս, բացեց երրորդ աչքս, ուղեղս ծավալային և որակային փոփոխության ենթարկեց: Այս ամենը ինձ հնարավորություն ընձեռեց, որ կարողանամ մտքով սավառնել անցյալում, ներկայում և ապագայում:

–                     Իսկ ինչու՞ ժամկետանց շիճուկ, – հետաքրքրվեց Նվերը:

–                     Արտասահմանում ժամկետանց պատվաստների չոչնչացնելու համար պետությանը խոշոր տուգանքներ են մուծում: Մերոնք էլ այդ ժամկետանց շիճուկները կոպեկներով ներկրելով միլիոններ են աշխատում:

–                     Այսինքն, անասունները մնում են Աստծո հույսի՞ն:

–                     Ոչ միայն, բարեկամս, մարդկանց համար ներկրվող դեղորայքն էլ է նույն որակի, – տռեց Բախտիյարը:

–                     Ես գնամ, չուշանամ, հետո անմիջապես կգամ, – ընդգծված հարգանքով տեղեկացրեց Նվերը:

–                     Արի,- զրնգոցով, զվարթ, ֆագոտի հնչեղությամբ տռեց Բախտիյարը:

Աբոյի գլխի վերքը արդեն վիրակապով փաթաթել էին: Հիվանդը խորամանկ ու մանր աչքերին նապաստակի հեզություն դրոշմած՝ պառկել էր բազմոցին և կամացուկ տնքում էր: Նվերին տեսնելուն պես նրա աչքերն արցունքոտվեցին.

–                     Նվեր ջան, շուտով Վիգենը կգա, խնդրում եմ գումարդ վերցնես՝ էշին տաս տանեն: Բեռնատարով և բարձողներով են գալու, – խեղճ-խեղճ արտաբերեց Աբոն, ձեռքով գլուխը բռնելով:

–                     Դու անհոգ եղիր, բարով գան՝ բարով գնան, – հանգիստ ասաց Նվերը, աթոռին նստելով:

Վիգենը երկար սպասեցնել չտվեց: Ներս մտնելուն, առանց նախաբանի գրպանից հանեց թղթադրամների մի փաթեթ ու դրեց սեղանին:

–                     Որտեղի՞ց եմ բարձում էշին, – հարցրեց նա, արհամարհանքով նայելով Աբոյին:

–                     Էշը իմն է, կարելի՞ է առանձին երկու խոսք ասել, – ասաց Նվերը, Վիգենին թևանցուկ անելով:

Առանձնազրույցից հետո Վիգենը, մոռանալով սեղանին դրած գումարը, շտապ դուրս եկավ Աբոյի տնից: Փողը գրպանը դնելով, Նվերը նույնպես շարժվեց դեպի դուռը:

–                     Նվեր, չհասկացա Վիգենենք էշին չե՞ն բարձում,- կիսաձայն, վախվորած հարցրեց Աբոն:

–                     Բախտիյարը չի վաճառվում, – կտրուկ պատասխանեց Նվերը, դուրս գալով:

Աբոյենց տնից շտապեց Բախտիյարի մոտ, ուր նրան գտավ նույն դիրքով, գոմի պատուհանի դիմաց կանգնած:

–                     Ի՞նչ արեցիր, – կարճ, մեծամտորեն տռեց էշը:

–                     Քո կանխատեսումներն իրականացան, ինչպես տռել էիր, այնպես էլ եղավ: Վիգենը հավաքեց իր թիկնապահներին և փախավ, նույնիսկ առուծախի գումարը մոռացավ վերցնել, – հարգալից պատասխանեց Նվերը:

–                     Այդ գումարը ամբողջությամբ կտաս տիկին Նունեին: Երկու ամիս է նա շրջկենտրոնի խանութում ֆրանսիական օծանելիք է հավանել, բայց հնարավորություն չունի գնելու, այնինչ նույնիսկ գյուղական ակումբի բեմում էլ է պետք հաճելի բուրել: Կնոջդ կասես, որ մոտ ապագայում, լինելով իմ փաստաբան – քարտուղարուհին, կապրի արժանապատիվ կյանքով,- հյութեղ տռեց Բախտիյարը:

–                     Գիտես, – անհամարձակ սկսեց Նվերը:

–                     Գիտեմ, կարող ես չշարունակել, տիկինն ինձնից խորշում է, բայց անհոգ եղիր՝ կանայք փոփոխական արարածներ են, ինչ այսօր ատում են՝ վաղն անմոռաց սիրելու են, – տռտռացրեց Բախտիյարը:

–                     Համամիտ եմ, քեզ հետ շփվողը չի կարող անտարբեր մնալ, – քծնանքով պատասխանեց Նվերը: – Վաղն առավոտյան գոմը կարգի կբերեմ, – շարունակեց նա, կեղտոտ լամպի լույսի տակ գոմի անմխիթար պատերին նայելով:

–                     Գոմը հանգիստ թող, գնա և ինձ համար պատրաստիր հանգուցյալ հորդ սենյակը: Այնտեղից հանիր նրա մահճակալը, պահարանը, գորգը կթողնես հատակին, ես այսուհետ միայն գորգի վրա պետք է թրքեմ,- շեշտադրված տռեց Բախտիյարը:

Երկու օր անց, երբ Նվերը կաղամբով, գազարով բեռնված տուն մտավ, տեսավ Նունեին, որը գոգին դրած Բախտիյարի պոչը՝ զգուշորեն ու խնամքով սանրում էր պոչածայրի մազափունջը: Բախտիարը հաճույքից տռտռացնում էր, ինչից Նունեի ճակատին թափված, սև ներկած ուղիղ մազերը պարբերաբար ցնցվում էին:

–                     Մարզային թերթից գալու են, մեր Բախտիյարից հարցազրույց վերցնեն, – էշի պոչի մազափունջը շոյելով հպարտացավ Նունեն:

Կեսօրին Նվերի բակում ասեղ գցելու տեղ չկար: Լրագրողներից բացի, գիտուն ու պայծառատես էշին տեսնել ցանկացողները պաշարել էին ողջ Տողաթափը: Բախտիյարը մոտ երեք ժամից ավելի գազար ու կաղամբ ուտելով տռեց Տողատափի բնակչության համար: Ապշահար գյուղացիները կոնսպեկտավորում էին նրա ցանկացած տռոց, որը վերաբերվում էր գյուղի և մարզի զարգացմանը: Նա խոստացավ, որ իր խորհուրդներին հետևող գյուղացիները կհարստանան անմիջապես:

Ականջալուր լինելով Բախտիյարի տռոցին, Տողաթափում օգոստոսին ցորեն, եգիպտացորեն, գարի, կարտոֆիլ ցանեցին: Ինչպես և իր տռոցով խոստացել էր Բախտիարը, աննախադեպ բերք հավաքեցին ցանելուց մեկ շաբաթ անց և կրկին ցանեցին: Կովերը, այծերը, ոչխարները սկսեցին հղիանալ և մեկ ամսից ծննդաբերել: Փաստորեն Բախտիյարի խորհուրդներից երկու ամիս անց միայն Տողաթափ գյուղը սկսեց կերակրել ողջ մարզի բնակչությանը:

Հանրապետությունում Բախտիյարը հայտնի դարձավ, երբ վեց ժամանոց ցնցող ելույթ ունեցավ Գիտությունների ակադեմիայում: Նա տարբեր բնագավառներից այնպիսի գիտական թեզեր տռեց, որ ակադեմիայի նախագահը ընդունելով նրա բացարձակ ինտելեկտուալ առավելությունը էշի համար խորհրդականի հատուկ հաստիք սահմանեց: Բախտիյարին առանձնասենյակ հատկացրեցին, նա էլ Նունեին իրեն փաստաբան-քարտուղարուհի վերցրեց: Արդեն հանրահայտ երգչուհի Նունեն ցերեկները էշի փաստաբան -քարտուղարուհին էր, իսկ երեկոները ֆոնոգրամայով բեմի զարդի էր վերածվում: Երկրում ՛՛էշ՛՛, ՛՛էշի գլուխ՛՛ բառերը աստիճանաբար վերածվեցին բարձրագույն գովեստի:

Հաջորդիվ Բախտիյարը տռեց, որ երկրում անսահմանափակ են նավթի, գազի պաշարները: Նրա տռոցի շնորհիվ միայն նավթի արտահանումից օրական 2-3 միլիարդ դոլար մուտքագրվեց բյուջե: Հաջորդ տռոցը վերաբերում էր անբուժելի հիվանդություններին: Նրա տռած դեղատոմսերով երկրում սկսեցին բուժել շաքարախտով, քաղցկեղով, սպիդով հիվանդներին,իսկ բյուջե նոր միլիարդներ հոսեցին: Երկրագնդի անբուժելի հիվանդություններով տառապողները հերթագրվեցին Բախտիյարի տռած դարմաններով բուժվելու համար: Հաշված ամիսների ընթացքում երկիրը դրախտավայրի վերածվեց: Բախտիյարը տռեց, որ այսուհետ երկրում աշխատելու են միայն Աֆրիկայից եկած և սպիդից բուժված սևամորթները, երկրի բնակչության համար իսպառ վերանալու են աշխատատեղերը, որպեսզի այս կարճ կյանքում նրանք կարողանան լիիրավ օգտվել նրա տռած բարիքներից:

Սահմանադրական դատարանում նրա սուզաֆոնահնչյուն տռոցը՝ փշրելով պատուհանների ապակիները, գարնանային ամեհի որոտի նման ալիքաձև տարածվեց ողջ երկնակամարում, ավետելով համամարդկային և ժողովրդավարական արժեքների ամրագրումը երկրում: Նույն վայրկյանում, նրա տռոցին զուգահեռ, ընտրացուցակներից անհետացան հանգուցյալները, երկրից բացակայողները, հանիրավի ավելացված ազգանունները: Սահմանադրական նախագահի ականջներից կախարդանքով դուրս թռան ծծմբե խցանումները և կույր աչքերին լույս իջավ: ՛՛Արդարությու՜ն, արդարադատությու՜ն, մամուլի բացարձակ ազատությու՜ն՛՛,- ազդարարում էր Բախտիյարի սուզաֆոնահնչյուն հետույքը, ինչի հետևանքով Սահմանադրական դատարանի պատերն սկսեցին ցնցվել ու ճաքճքվել:

Տարօրինակ էակ է մարդը. անհոգ և ցոփ, ծայրաստիճան ժողովրդավար կյանքից հոգնած ու զզված՝ նրանք հազարներով սկսեցին լքել հայրենիքը, կամ էլ ինքնասպան եղան: Պարզվեց, որ մարդ արարածը պետք է մշտապես ինչ որ բանի կարիք ունենա, որպեսզի կյանքը մրցունակ և հետաքրքիր դառնա: Ցոփությունից, ապահով և անհոգ կյանքից դրախտավայրում թանձր, ժանտախտածին գաղջություն իջավ:

… Քրտինքի մեջ կորած Նվերը արթնացավ և տեսավ, որ պառկած է Նունեի կողքին. գյուղական ակումբի երգչուհին համաչափ խռմփացնում էր.

–                     Նունե, Նունե, դու քաղաքում չե՞ս, – կնոջը հրելով բացականչեց ապուշ կտրած Նվերը:

–                     Քեզ ինչ պատահեց, այ մարդ, – քնաթաթախ մրթմրթած երգչուհին:

–                     Բախտիյարը որտե՞ղ է, – կնոջը կրկին հրելով, շնչակտուր հարցրեց Նվերը:

–                     Էս տանը հանգիստ չկա, ջհանդամն է էշդ, թող քնեմ, – մեջքը Նվերին անելով պատասխանեց արդեն ոչ առաջին թարմության կինը:

Նվերը վախեցած բացեց հոր սենյակի դուռը: Մահճակալը, պահարանը իրենց տեղում էին, հատակին փռած գորգն էլ թրիքով չէր բուրում: Նա նետվեց դեպի գոմը ու դուռը վախվորած բացեց: Գոմի փոքրիկ, անլվա պատուհանի դիմաց, փոշոտ փալանը մեջքին Բախտիյարը անխռով կանգնած էր.

–                     Տո էշի մեկը էշ, ինձ ո՜նց վախեցրեցիր, – Բախտիյարի գլխին բռունցքով տկտկացնելով վրա բերեց Նվերը: -Անասուն, քեզ շե՞ֆ էիր կարգել մեր գլխին,-զայրույթով և արժանապատվորեն ավարտեց Նվերը ու քայլեց դեպի դուռը:

–                     Լոոո՜խ, – շեփորահնչյուն և հանդիմանող տռեց էշը նրա թիկունքից:

–                     Ի՞նչ, ի՞նչ տռեցիր, շեֆ, – շրջվելով վախեցած ու շփոթված արտաբերեց Նվերը, – տռածդ հայերե՞ն, թե՞ ռուսերեն հասկանամ ……

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031