Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին , վերամշակողներին և բոլոր նրանց, ովքեր հողը Հայրենիք են դարձնում, աշխատանքը՝ բարիք, ծրագրերը ՝ երկիրը շեն պահող իրականություն: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է իր հողի ու արմատների հանդեպ նվիրվածությունը վերածել ապրեցնող գործի, մնայուն ազգային արժեքի, իր տանը, օջախին և լեզվին հավատարմորեն ծառայելու երդումի:
Անցնող 2013-ը , որ հազվադեպ արդյունավետներից ու բերքառատներից եղավ, այս առումով նաև ձեր ջանքերի ու համառության յուրահատուկ փորձություններից էր: Եղանակային անակնկալներով ու բնության քմահաճույքներով սկսված մեկնարկը չխանգարեց, որ լավագույնս օգտագործելով կառավարության կողմից գյուղում իրականացվող աջակցման ծրագրերի հնարավորությունները , դուք արմատապես փոխեք տարվա հետագա տրամաբանությունը: Ուստի ոլորտի բոլոր ճյուղերն ու բնագավառները 2013-ի եզրագծին հասան առաջընթացի որոշակի ցուցանիշներով: Լուրջ քայլ կատարվեց երկրի գյուղատնտեսության հեռանկարային զարգացման ուղղությամբ: Կայուն նախադրյալներ ստեղծվեցին առաջընթացի շարունակելիության ապահովման համար:
Եվ այսօր, ձեր ջանքերի ու վաստակի հանդեպ խորագույն հարգանքով, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ , երջանկություն, քաջառողջություն: Թող 2014-ը ապահովության, բարեկեցության, խաղաղության տարի լինի ձեր և ձեր հարազատների համար: Առատ, բերքաշատ ու հարուստ տարի եմ ցանկանում բոլորիս:
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Սերգո Կարապետյան