Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի նիստը վարել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։ Նիստի օրակարգային հարցը վերաբերել է 2014 թվականին Երևան քաղաքում թեքահարթակների կառուցման մինչմրցութային հարցերի հաստատմանը։
«Նախորդ տարի Երևանի քաղաքապետի ներկայացմամբ Երևանի ավագանին հաստատեց բյուջե, որտեղ 20 մլն դրամ հատկացված էր մայրաքաղաքում թեքահարթակների կառուցմանը։ 2014 թվականի արդեն հաստատված բյուջեում, դարձյալ Տարոն Մարգարյանի ներկայացմամբ, 40 մլն դրամ է հատկացված ծրագրին։ Վստահ եմ, որ քաղաքապետարանի այս մոտեցումը շարունակական է լինելու, և արդյունքը տարեցտարի ավելի ակնառու կլինի»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը ներկայացրել է մի քանի մշտադիտարկումների ու քննարկումների արդյունքում ձևավորված ցուցակը, որն ընդգրկում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների այն փողոցների մայթերի ու շինությունների 175 հասցեները, որտեղ 2014 թվականին թեքահարթակներ են կառուցվելու։
Երևանի քաղաքապետին կից առողջապահության, սոցիալական հարցերի և սպորտի խորհրդի անդամները քվեարկությամբ միաձայն հաստատել են մինչմրցութային նախնական ցուցակը քաղաքապետին ներկայացնելու առաջարկը։
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն