Արցախյան փառավոր հերոսամարտ հաղթանակած քրիստոնյա հայ ժողովուրդ՝ մեր հայրենիքի արժանապատիվ քաղաքացիներ, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության Նախագահության, 300 մասնաճյուղերի ղեկավարների, Կազմակերպության 35.000 անդամների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայկական բարձրավանդակում և Երկիր մոլորակի տարբեր անկյուններում բնակվող մեր հայրենակիցների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը: 2014 թվականին մաղթում եմ Ձեզ է՛լ ավելի վստահություն, նվիրվածություն, աշխատասիրություն, պատասխանատվություն և մեծագույն ու անշրջելի ձեռքբերումներ՝ ի փառս դարերի փորձությունների մեջ սրբագործված հայկական ավանդական Ձեր օջախների և բոլորիս համար բացարձակ արժեք դարձած հայոց անկախ պետականության:
Խաղաղության, կայունության և մեր հավաքական ուժի հավատամքով թող արծիվ զավակներ ծնեն հայոց մայրերը, որովհետև նրանց բազկի ու մտքի սլացքի մեջ է մեր պետականության հզորության բանալին:
Ամանորյա առատ սեղանների շուրջ օրհնեք և անշփոթ լուսաբացներ մաղթեք թշնամու դարանակալ դիպուկահարի դիմաց, հայ ժողովրդի խաղաղության ամեն վայրկյանը իրենց կյանքով պաշտպանող, հատուցող սահմանապահ, ազնվագույն մեր զավակներին և խոնարհումով ոտքի կանգնեք այն հերոս նահատակների հիշատակի առջև, ովքեր մեզ հայոց պետականության անկախությունը պարգևեցին, վստահելով՝ մեծ և հզոր Հայաստան կերտելու խոստումնալից ապագան:
Երկիր մոլորակում տեղի ունեցող ներկա մարտահրավերների մեր ժամանակներում, երբ մշտապես վտանգված է մեր հայրենիքի խաղաղությունը, երբեք չկորցնեք ձեր զգոնությունը՝ մեր ազգային համախմբվածությունը մշտապես պառակտող մեր արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ:
Կարդացեք նաև
Տեր եղե՛ք մեր բոլոր ձեռքբերումներին: Հայոց պետականության հզորությունը՝ յուրաքանչյուրիս հզորությունն է:
Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին առողջություն, երկարակեցություն, շարունակական հաջողություններ պետականաշինության գործընթացներում: Մաղթում եմ Ձեզ նաև հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված մեզ՝ բոլորիս պահապան:
Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական
կազմակերության հիմնադիր նախագահ
Խաչիկ Ասրյան