Լրահոս
Օրվա լրահոսը

«Կողմնորոշման տարի». Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի տարեկան զեկույցը

Դեկտեմբեր 28,2013 12:56

Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի տարեկան զեկույցը կրում է «Կողմնորոշման տարի» խորագիրը:

Սա հիմնադրամի արդեն վեցերորդ տարեկան զեկույցն է, որն ամփոփում է անցնող տարում Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և այլ զարգացումները: Հիմնադրամի տարեկան զեկույցներն ամփոփումից բացի՝ կանխատեսում են հաջորդ տարվա հեռանկարներն ու առաջարկում լուծումներ:

Ահա թե ինչ լուծում էր առաջարկում մեկ տարի առաջ Սիվիլիթաս հիմնադրամի 2012-ի տարեկան զեկույցը 2013-ի համար.

,Հայաստանն արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հարցում պետք է հստակություն մտցնի: Եթե եվրոպական ինտեգրումը առաջնահերթություն է և նպատակ, ապա դեռևս գոյություն չունեցող Եվրասիական միությանը մաս կազմելու խոսակցություններն ու քննարկումները պետք է մի կողմ թողնել: Իսկ եթե, ի վերջո, Հայաստանը ստիպված լինի մաս կազմել ռուսական այդ ծրագրին, ապա ավելի լավ է այդ մասին ակնեղծորեն տեղեկացնի, քանի որ անորոշությունը բացասաբար է ազդելու Հայաստան-Եվրոպական Միություն և Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրաե:

Սիվիլիթաս հիմնադրամի 2013-ի զեկույցի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի երկրորդ կեսին: Ստորև ներկայացված են այդ զեկույցի ,Հեռանկար և լուծումներե բաժինները:
________________________________________

ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեռանկար
• ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների վերագործարկումը արդյունք չի տվել, հակառակը, խորացել են հակասությունները: Նույնը կարելի է ասել Ռուսաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների մասին՝ հաշվի առնելով տարեվերջի իրադարձությունները, երբ Հայաստանը հրաժարվեց նախաստորագրել, իսկ Ուկրաինան՝ ստորագրել Ասոցացման համաձայնգիրը Եվրոպական Միության հետ: Հայաստանը, չունենալով որոշակիություն և արտաքին քաղաքական հենք, 2014-ին շարունակելու է զոհ լինել այդ հակասությունների հետևանքներին՝ չկարողանալով օգտվել դրանց ընձեռած հնարավորություններից, ինչպես դա արեց Ուկրաինան:
• 2013-ի վերջին Կովկասում բաժանարար գծերն առավել հստակեցվեցին: Եթե Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի համար ընդամենը մեկ ընդհանրական գործոն էր մնացել՝ եվրոպական ինտեգրացիան, դա նույնպես հօդս ցնդեց: Վրաստանը հավատարիմ մնաց եվրոպական ուղղությանը, Հայաստանը հրաժարվեց դրանից, իսկ Ադրբեջանը պահպանեց չեզոքությունը: Սա չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ 2014-ին տարածաշրջանում ընթացող զարգացումների վրա:
• Չնայած Թուրքիան զբաղված կլինի իր ներքին սկանդալային խնդիրներով, նախագահական ընտրություններով, սակայն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին կշարունակի իմիտացիոն իր քաղաքականությունը, որ Հայաստանի հետ պատրաստ է մերձեցման ու զիջումների: 2015-ի նախօրեին Անկարայի համար չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատելու պատրանքներ և միջազգային հնչեղություն ստեղծել, թե հայերն ու թուրքերը երկխոսության մեջ են: Հայաստանը, նաև Սփյուռքի գործոնը հաշվի առնելով, փորձելու է չներգրավվել հայ-թուրքական գործընթացներում:
• 2014-ին հայ-թուրքական սահմանի բացման հեռանկար չի երևում հիմնականում Լեռնային Ղարաբաղի հարցում հնարավոր տեղաշարժի անհավանականության պատճառով: Հայաստանի խորհրդարանը, սակայն, պատրաստ կլինի անգամ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին վավերացնել արձանագրությունները, եթե առաջինը դա անի Թուրքիայի խորհրդարանը, ինչպես նաև ունենա հստակ երաշխիքներ, որ վավերացումից հետո դրանք կյանքի կկոչվեն:
• Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի լավատեսական ակնկալիքներին, 2014-ին ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում առաջընթացը քիչ հավանական է: Կողմերն իրենց դիրքորոշումներով երբևէ այսքան հեռու չեն եղել իրարից: Ադրբեջանը 2014-ին շարունակելու է հնարավորինս չեզոքացնել և հրաժարվել Մադրիդյան փաստաթղթից կամ դրա որևէ այլ տարբերակից, որտեղ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի անսահմանափակ ինքնորոշման իրավունքը:
• 2013-ի դեկտեմբերին Ադրբեջանը British Petroleum-ի հետ ստորագրեց համաձայնագիր՝ կառուցելու մի գազատար, որով Ադրբեջանի կասպիական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Եվրոպա: Եվրոպական Միությունն ակնկալում է առաջիկա տարիներին իր գազի պահանջարկի շուրջ 20 տոկոսը բավարարել այդ գազատարից: 2014-ին այս նախագիծը կշարունակի մնալ ռազմավարական իրադարձություն: Խողովակաշարի շահագործումը կփոխհատուցի նավթից ստացվող եկամուտների նվազումը և Ադրբեջանին հավելյալ քաղաքական կշիռ կհաղորդի իր օրակարգը առաջ տանելու համար:
• Պետք չէ ակնկալել, որ Եվրոպական Միությունը համագործակցության նոր ձևաչափ կառաջարկի Հայաստանին: Նա ակնկալելու է, որ Հայաստանը ինքը առաջարկի, թե ինչին է պատրաստ, թեև Եվրոպական Միությունն այսուհետ կասկածանքով և անվստահությամբ կվերաբերվի Հայաստանի առաջարկներին ու քայլերին:
• Իրան-ԱՄՆ և Իրան-Արևմուտք հարաբերություններում կարող է սկսվել իրական ձնհալ, եթե մի կողմից Իրանի նորընտիր նախագահն ու երկրի հոգևոր իշխանությունը, մյուս կողմից արևմտյան առաջնորդները հաշվի առնեն միմյանց նվազագույն ակնկալիքներն ու հետաքրքրությունները:
• Թեև Վրաստանում ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած կառավարությունն ու նախագահը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում ի տարբերություն նախորդ իշխանությունների որդեգրել են ավելի իրատեսական քաղաքականություն, Թբիլիսի-Մոսկվա ճգնաժամը հաղթահարելու նախապայմանները առկա չեն: Վրաստանը հաստատակամ է իր եվրաինտեգրման քաղաքականությունը առաջ տանելու հարցում, ինչը Ռուսաստանը շարունակում է դիտել որպես Եվրոպական Միության և ՆԱՏՕ-ի ընդարձակում դեպի իր ազդեցության գոտիներ: Ռուսաստանը չի հրաժարվի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումից, հետևաբար` վրաց-աբխազական և վրաց-օսական բանակցություններում լուրջ առաջընթացի տեղ չի մնա:

Լուծումներ
• Հայաստանը պետք է հնարավորինս արագ հստակեցնի իր քաղաքականությունը Եվրոպական Միության նկատմամբ: Հաշվի առնելով, որ Մաքսային միությանն անդամակցությունը շատ արագ է ընթանալու, Հայաստանը սկզբիցևեթ պետք է նախաձեռնություն դրսևորի և վերսկսի բանակցությունները Եվրոպական Միության հետ՝ փորձելով վերականգնել վստահությունը, ինչպես նաև հիմնվելով Ասոցացման համաձայնագրի՝ բարեփոխումներին վերաբերող փաթեթի հատվածի վրա՝ իր առաջարկները ներկայացնի Եվրոպական Միությանը:
• Գիտակցելով, որ Հայաստանի և Վրաստանի միջև մնացած միակ ընդհանրական հարթակը՝ եվրոպական ինտեգրացիան, արդեն չկա, 2014-ին Հայաստանն առավել մեծ ջանք և նախաձեռնողականություն պետք է ցուցաբերի Վրաստանի հետ հարաբերությունների հստակեցման գործում, ինչպես նաև առաջարկի տնտեսական ինետգրացիոն ծրագրերի իրականացում:
• Թուրքիայի արտգործնախարարի վերջին այցը Հայաստան, դրան նախորդած հայտարարություններն ու տեղեկատվական արտահոսքերը վկայում են, որ Թուրքիան սկսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ հնարավոր զարգացումների դեմն առնելու իր քաղաքականությունը: Հայաստանը հստակ մոտեցումներ պետք է ձևավորի, որպեսզի անընդհատ չհայտնվի այդ նախաձեռնություններին պատասխանողի դերում և ինքը ուղղորդի իրադարձությունները, ինչպես նաև 100-րդ տարելիցի հետ կապված՝ պետք է սկսի բյուրեղացնել ծրագրերն ու նախաձեռնությունները:
• Երևանը պետք է նախաձեռնություն դրսևորի Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ճգնաժամից դուրս բերելու և գոնե մինչև 2008-ի ֆուտբոլային դիվանագիտությունը ունեցած մակարդակը վերականգնելու ուղղությամբ: Հայաստանի համար ամենից ոչ շահեկան դրությունը կլինի, եթե շարունակվի նախորդ տարիների կեցվածքը, այն է` Երևանը ստորագրել է երկու արձանագրությունները, կատարել իրենից հասանելիքը, և գնդակը Թուրքիայի դաշտում է։ Այս իրավիճակը, երբ արձանագրությունները չեն վավերացվում, և Հայաստանը դրանցից չի հրաժարվում, բացառապես ծառայում է Թուրքիայի շահերին:
• Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանը պետք է կանխի Մադրիդյան փաստաթղթից հրաժարվելու և բանակցությունները նոր էջից սկսելու Ադրբեջանի փորձերը, որոնց նպատակն է միջազգային հանրության գիտակցությունից հանել արդեն ամրագրված՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեռանկար
• 2013-ը Հայաստանի համար ավարտվեց մի կողմից խորհրդարանական մեծամասնության կողմից երկրի ինքնիշխանությունը սահմանափակող գազի պայմանագրի վիճահարույց վավերացմամբ, մյուս կողմից՝ ոչ իշխանական ուժերի աննախադեպ համախմբմամբ: Սա լուրջ ջրբաժան է և կշարունակի խորանալ 2014-ի ընթացքում:
• Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ակնհայտ կդարձնի իշխանությունների՝ վերարտադրման ձևերի մտադրությունները: Ենթադրվում է, որ փորձ է արվելու ուժեղացնել վարչապետի դերը՝ իշխանության մեջ հետագա փոխատեղումների համար: Սա միանշանակորեն կբերի քաղաքական հավելյալ լարվածության:
• Հաշվի առնելով գազային համաձայնագրի՝ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակող բնույթը՝ Մաքսային միությանը վերաբերող յուրաքանչյուր օրինագիծ էությամբ չի տարբերվելու այդ տրամաբանությունից, խորացնելու է ջրբաժանը խորհրդարանում և նպաստելու է ոչ իշխանական ուժերի առավել համախմբմանը:
• Մաքսային միությունում և ԵվրԱզԷՍ-ում ժողովրդավարական թույլ ինստիտուտները կստվերեն Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարները: Սա լուրջ մտահոգության տեղիք պետք է տա հանրությանը, քաղաքական ու քաղաքացիական ուժերին, ինչպես նաև հայկական սփյուռքին:
• 2014-ին շարունակվելու են քաղաքացիական հանրության բողոքի դրսևորումները՝ հաշվի առնելով կառավարության չարաշահումները, օրեցօր վատթարացող սոցիալական վիճակը և խնդիրները լուծելուն ուղղված ոչ համարժեք քայլերը, օրինակ՝ գազային համաձայնագիրը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ժամանակավրեպ ներդրումը և տրանսպորտի սակագնի բարձրացման փորձը: Դրան կգումարվի ամեն գնով պետական գանձարանը լցնելու կառավարության գործելաոճը:

Լուծումներ
• Իշխանությունները պետք է գիտակցեն խորացող քաղաքական և սոցիալ-տնտեսական ճգնաժամը և գնան այնպիսի քայլերի, որոնք կնպաստեն գաղջ մթնոլորտի վերացմանը, հասարակական համախմբանը և քաղաքական ներկապնակի առավել մեծ ներգրավմանը: Սակայն հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և իշխանության անդրդվելի վարքագիծը՝ պետք չէ հույս ունենալ, որ իշխանությունը նախաձեռնություն կդրսևորի:
• Կարևոր է ոչ իշխանական ուժերի համախմբումը, հանրության լայն շերտերի ներգրավումը, մամուլի անաչառությունն ու աչալրջությունը: Իշխանությունների առջև թափանցիկության, հաշվետվողականության, ինչպես նաև սխալներն ընդունելու և շտկելու համընդհանուր պահանջ պետք է դրվի:
• Երկրի քաղաքական համակարգում հակակշիռների բացակայության պայմաններում և երկրի առաջ ծառացած անհետաձգելի խնդիրների առկայության պայմաններում օրվա հրամայականն է, որ քաղաքական ուժերը փաստացի իրենց վրա միասնաբար վերցնեն քաղաքական համակարգին հակակշռելու գործառույթը:
• Ժամանակն է, որ իշխանությունները արտագաղթի երևույթին համարժեք արձագանք ցուցաբերեն, քանի դեռ երկիրը չի հասել ազգային անվտանգությանը սպառնացող կրիտիկական շեմին: Քանի որ արտագաղթը ոչ միայն սոցիալական, այլ նաև արդարության պակասի հետևանք է, որպես առաջին քայլ իշխանությունները պետք է հրատապ քայլեր ձեռնարկեն՝ փոխելու երկրում օրեցօր խորացող անվստահության, ամենաթողության և ցինիզմի մթնոլորտը:
• Սփյուռքն իր օրակարգում պետք է ունենա ոչ միայն Ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերը, այլև այն ընդլայնի երկու հրատապ՝ արտագաղթի կասեցման և օրենքի գերակայության հաստատման խնդիրներով:

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հեռանկար
• Չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ԱՄՆ-ում, Եվրոպական Միությունում և զարգացող երկրներում տնտեսական աճի լավատեսական կանխատեսումներին, Հայաստանի համար առավել կարևոր երկրում՝ Ռուսաստանում, տնտեսական աճի հեռանկարները նվազ լավատեսական են: 2014-ին շատ բան կախված կլինի նավթի գներից: Գլոբալ տնտեսական աճի պայմաններում դրանք մի կողմից բարձրացման միտում կունենան, մյուս կողմից՝ մի շարք գործոններ, այդ թվում՝ էներգետիկ ինքնաբավության անցնելու ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունն ու իրանական նավթի արտահանման սահմանափակումների հնարավոր վերացումը կարող են նպաստել նավթի գների անկմանը: Ամեն դեպքում, նավթի 85 դոլարից ցածր գնի պայմաններում Ռուսաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների առջև կկանգնի, ինչը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար:
• Հայաստանում տնտեսական աճի հեռանկարը մշուշոտ է: 2013-ին նախագահի նախանշած 7 տոկոս աճի փոխարեն արձանագրվելու է մոտ 4 տոկոս աճ: 2014-ի բյուջեում ծրագրված 5 տոկոս աճի հավանականությունը մեծ չէ: Բյուջեի ծախսերի ավելացումը կբերի հարկային բեռի ծանրացման, որը կխոչընդոտի թե՛ ներդրումները, թե՛ պահանջարկը՝ զսպելով տնտեսական աճը:
• Սպառողական պահանջարկի վրա բացասական կազդի նաև պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը և վարչական այլ վճարումները, որոնք կգործեն 2014-ից:
• 2014-ի բյուջեն մեծ հաշվով զսպողական է: Չկան պետական ներդրումային ծրագրեր, ծանր է հարկային բեռը և սահմանափակ է շրջանառության մեջ դրամի զանգվածը: Հակառակ տարեվերջին դրամն էժանացնելու փորձերին, դրանք չեն խթանի ներդրումներն ու տնտեսական աճը, քանի որ չկան մեխանիզմներ, որոնք այդ նվազեցումը կարտացոլեն առևտրային տոկոսադրույքների վրա: Բացասական են նաև տնտեսվարողների սպասումները։ Հաշվի առնելով տնտեսության բարձր ռիսկայնությունը՝ անկախ տոկոսադրուքյներից, բանկերի վարկավորման պայմանները կշարունակեն լինել խիստ և սահմանափակ:
• Մաքսային միությանն անդամակցելու պահից սկսած՝ կզգացվեն Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունները: Մաքսային միությունը նշանակում է ազատ առևտուր և մաքսային կարգավորման ընդհանուր դաշտ: Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ԱՊՀ շրջանակում միշտ ունեցել է ազատ առևտուր: Երբ գումարվեն մաքսային ընդհանուր պայմանները, դրան չի կարող դրական բան ավելանալ՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի և Հայաստանի մաքսային կարիքներն ու շահերը տարբեր են: Չի բացառվում, որ 2014-ին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը խնդիրներ և բողոքարկումներ դնի Հայաստանի առջև, ինչը լուրջ խոչընդոտ կարող է լինել Հայաստանի առևտրային մյուս գործընկերների հետ հարաբերություններում:
• Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրի ստորագրումից հրաժարվելով՝ Հայաստանը կորցրեց հնարավորությունը օգտվելու մոտ 500-միլիոնանոց՝ աշխարհի ամենագնողունակ շուկայից: Հայաստանը, ըստ ամենայնի, կզրկվի նաև Եվրոպական Միության կողմից դոնորների հնարավոր գումարվելիք համաժողովից և անմիջապես բյուջե ներմուծվող դրամաշնորհներից:
Լուծումներ
• Տնտեսական աճի ապահովման հարցում կառավարությունը պետք է փորձի օգտագործել ներքին ռեսուրսները։ Եթե կառավարությունը չի հրաժարվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, ապա գոնե այդ համակարգով հավաքագրված և պետական պարտատոմսերում ներդրված գումարները պետք է ուղղի ոչ թե ընթացիկ ծախսերի ֆինանսավորմանը, այլ երկարաժամկետ ծրագրերին, որոնք կապահովեն տնտեսական աճ և կստեղծեն նոր աշխատատեղեր։
• Տնտեսական աճի խթանման համար կառավարությունը պետք է արագացնի Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով իրականացվող ,Հյուսիս-հարավե ավոտճանապարհի կառուցումը։

• Սպառողների և ներդրողների վստահության բարձրացման նպատակով կառավարությունը պետք է իրականացնի համակարգային բարեփոխումներ՝ բիզնեսը իրականում տարանջատելով իշխանությունից։
• Կառավարությունը պետք է ոչ միայն հայտարարի, այլև իրականացնի ընդլայնողական հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություն։ Իհարկե, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պայմաններում միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով գնաճի վերահսկումը չափազանց կարևոր է, սակայն կարճաժամկետ առումով նախապատվությունը պետք է տրվի Հայաստանի առջև ծառացած հիմնական խնդիրներին՝ տնտեսական աճին, գործազրկության կրճատմանը և աղքատության հաղթահարմանը:
• Հաշվի առնելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի և Խոր և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի ստորագրման գործընթացի ձախողումը և եվրոպական ներդրողների շրջանում Հայաստանի նկատմամբ վստահության կորուստը՝ կառավարությունը պետք է կտրուկ բարեփոխի գործարար միջավայրը՝ ոչ միայն միջազգային զեկույցների սանդղակներում դիրքերը բարելավելու, այլև նոր ներդրողների ներգրավման և կապիտալի արտահոսքը կանխելու համար։
Սիվիլիթաս Հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Ձեր մեկնաբանությունը,՝ ոչ ռոբիկի, ոչ շեռժիկի, ոչ էլ շաշիկի խելքի բանն է։Նրանց ուղեղները կենտրոնացած են՝ թալանի վրա։ Այնպես որ,՝ հասկցողին մեկ ասա, հիմարին՝ հազար։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031