Դեկտեմբերի 16-21-ը Ֆրանսիայի կառավարության «Նորիա» ծրագրի շրջանակներում Փարիզում էին Աժ պատգամավոր Մարգարիտ Եսայանը և աշխատակազմի երկու աշխատակից: «Նորիա» ծրագիրը գործում է մի շարք երկրներում, այդ թվում Հայաստանում և ներառում է ֆրանսերենի ուսուցում գործադիր իշխանության ներկայացուցիչների, ԱԺ պատգամավորների և աշխատակազմի համար: Դեկտեմբերի 1-ին ավարտված ծրագրի արդյունքների ամփոփումն էլ այցի նպատակն էր: Քննարկումների արդյունքում ֆրանսիական կողմը համաձայնել է շարունակել ուսուցումը:
Տիկին Եսայանը Փարիզում հանդիպումներ է ունեցել նաև որպես ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար: Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ է և ակտիվ մասնակցում է կազմակերպության բոլոր միջոցառումներին` օգտագործելով ֆրանսախոս աշխարհում Հայաստանը, հայկական մշակույթը ներկայացնելու հնարավորությունը: Մարգարիտ Եսայանը նշում է, որ թեպետ Ֆրանկոֆոնիան քաղաքական կազմակերպություն չէ, մշակույթի և ֆրանսերենի տարածմամբ ու զարգացմամբ է զբաղված, կառույցի ղեկավարները տարբեր երկրներում խորհրդարանների նախագահներ են, քաղաքական հայտնի գործիչներ և նրանց հետ համագործակցությունը երկիրը ներկայացնելու առումով շատ արդյունավետ է:
Փարիզում նա հանդիպել է Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի խորհրդարանական գլխավոր քարտուղար Պասկալ Տեռասի և Ֆրանկոֆոնիայի ԽՎ վարչական գլխավոր քարտուղար Դիդիե Լե Բուի հետ, քննարկումների առանցքում եղել է Հայաստանի խորհրդարանի լիարժեք անդամակցումը կառույցին: Մարգարիտ Եսայանը գտնում է, որ այս կազմակերպությանը ԱԺ անդամակցությունը նշանակում է կապերի ավելի ակտիվացում ֆրանսախոս երկրների հետ, հանդիպումներ ու փոխադարձ այցելություններ, որոնց ընթացքում առավելագույնս կարող են ներկայացվել Հայաստանի խնդիրները, Հայաստանն ավելի հասկացված դարձնել աշխարհում:
Իբրև ԱԺ Ֆրանկոֆոնիայի սեկցիայի ղեկավար` տիկին Եսայանն առաջարկել է Հայաստանում անցկացնել կազմակերպության բյուրոյի նիստը, որին մասնակցում են աշխարհի 40 երկրների խորհրդարանների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ: «Կարծում եմ` ավելորդ է բացատրել, թե դա ինչքան կարևոր է Հայաստանի համար: 2010 թ. Եվրոպայի տարածաշրջանային համաժողովը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով արդեն գումարվել է Հայաստանում և մինչև հիմա կազմակերպությունում հիշում են Հայաստանի խորհրդարանում ջերմ ընդունելությունն ու արդյունավետ քննարկումները, ուստի հրավերն այս անգամ ևս ոգևորությամբ ընդունվեց: Հիմա հարցը պիտի քննարկի բյուրոն, որովհետև հրավեր ներկայացնում են մի քանի երկրներ: Եթե Հայաստանում բյուրոյի նիստը հնարավոր չլինի անցկացնել, կարծում եմ` կգումարվի քաղաքական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ իրադարձությունները նախատեսվում են 2015 թ. գարնանը, որը մեզ համար հատկապես կարևոր է` ցեղասպանության զոհերի հիշատակի 100-ամյակի խնկարկելի օրերին այստեղ կլինեն նաև մեր ֆրանկոֆոն գործընկերներն ու բարեկամները»,-իր հանդիպումների մասին ասաց տիկին Եսայանը:
Կարդացեք նաև
Փարիզում նա հանդիպել է նաև Ֆրանկոֆոնիայի կազմակերպության Քվեբեկի տարածաշրջանային ղեկավարի հետ:
Հայաստանի ԱԺ պատվիրակությունը հնարավորություն է ունեցել մասնակցել Ֆրանսիայի Ազգային ժողովի չորեքշաբթի օրվա նիստին` կառավարության հետ հարց ու պատասխանի օրը: Իր տպավորությունը տիկին Եսայանը հակիրճ որակեց. «Ժողովրդավարությունը գործողության մեջ: Պետք չէ մտածել, որ աշխարհի վերջն է, երբ մեր երկրի խորհրդարանում թվացյալ արտառոց միջադեպեր են տեղի ունենում` ընդդիմությունը կամ իշխանությունը միմյանց վրա բղավում են, իրար վիրավորում են:
Պետք է տեսնեիք, թե Ֆրանսիայի Ազգային ժողովում, որ Բուրբոնների արքայական պալատում է գործում, ճարտարապետական ու մշակութային հիասքանչ մի միջավայր, ինչ աղմուկ ու գոռգոռոց է, երբ ընդդիմադիր պատգամավորը հարց է տալիս իշխանության ներկայացուցչին կամ ինչպես են երկրի վարչապետն ու նախարարները պատասխանում ընդդիմադիր պատգամավորների հարցերին` ընդհուպ նրանց համեմատելով թիթեռնիկների, փղիկների, ձկնիկների հետ: Եվ դա ընկալվում է իբրև նորմալ պառլամենտական փոխհրաձգություն, կողմերից որևէ մեկը իրեն վիրավորված չի համարում, որովհետև այդ ռիտորիկան Ֆրանսիայում դարերով հղկված արվեստ է, անձնական վիրավորանքները բացառում է և գործառնում է միայն քաղաքական հարթության մեջ:
Կարծում եմ` լավ կլինի, որ մեր Ազգային ժողովում էլ այդ մշակույթը արմատավորվի, բնականաբար ոչ թե միմյանց թիթեռնիկներ, փղիկներ, ձկնիկներ անվանելու առումով, այլ էներգետիկայի գեներացման, քննարկումների խորքայնության, հայրենիքը լավ ճանաչելու, սիրելու ու սեփական պատկերացումները և քաղաքական դիրքորոշումը պաշտպանելու առումով»:
Լուսանկարում` հանդիպում Ֆրանկոֆոնիայի կանադական գրասենյակում