Այսօր Գյումրու ավագանու նիստի ավարտից հետո նիստերի դահլիճ ներս մտավ մի տարեց կին` բավական կոպիտ տոնով Սամվել Բալասանյանից ու ավագանու անդամներից հաշիվ պահանջելով, թե ինչո՞ւ իրեն ԲՀԿ առաջնորդի բաժանած 20 հազար դրամը չի հասել: Սամվել Բալասանյանը, ամենայն հավանականությամբ, զայրանալով այս կնոջ հարցադրումից կամ միգուցե դիմելու կոպիտ տոնից, նեղվեց ու բացարձակապես չարձագանքելով դուրս եկավ:
Իսկ ավագանու անդամներն ու քաղաքապետարանի մյուս պաշտոնյաները փորձեցին մեղմել կնոջ զայրույթը` ասելով`միգուցե ձեզ չի՞ հասնում, տնակում չեք ապրում: «Եկեք նայեք, ես մարզպետարանի հետևի տնակում եմ ապրում, բա չամաչեցի՞ք դուք, ո՞ւր է իմ 20 հազարը», -ասաց կինը` թուքումուր տալուց հետո մի կերպ հեռանալով դահլիճից:
Հիշեցնենք, որ վերջերս ԲՀԿ առաջնորդը 60 միլիոն դրամ էր փոխանցել Գյումրիի տնակում բնակվող 3000 անօթևան ընտանիքի, որոնցից յուրաքանչյուրին բաժին էր հասել 20 հազար դրամ: Իսկ բաշխումը կատարվել էր ոչ թե քաղաքապետարանի անմիջական մասնակցությամբ կամ հսկողությամբ, այլ այս կառույցը պարզապես օգնել էր ԲՀԿ-ականներին հասցեատերերին գտնելու հարցում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
Մի նեղվիր, քո բաժինը ադամանդյա վագր, ձի կամ իշուկ է լինելու: