Այսօր Գյումրու ավագանին հաստատեց քաղաքի` 2014 թվականի բյուջեն, որը կկազմի 3 միլիարդ 173 միլիոն 233 հազար դրամ: Ու թեև քաղաքի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը նշեց, որ 2014 թվականի բյուջեն մոտ 30 միլիոն դրամով աճել է, սակայն տիկինը ստիպված եղավ մեկ անգամ ևս հայտարարելու, որ 2013 թվականին Գյումրիին պետության կողմից հատկացվող դոտացիան պակասել էր 170 միլիոն դրամով, քանի որ այն հատկացվում է նաև բնակչության թվով, իսկ 2013 թվականին Գյումրիից պաշտոնական տվյալներով արտագաղթել է 23 հազար մարդ:
«Անցած տարվա համեմատ դոտացիան նախատեսեցին պակաս, կառավարությունը չէր կարող բյուջետային համակարգի մասին օրենքի մեջ գտնվող բանաձևը հաշվարկել ու փոխել, էդ իսկ պատճառով բավականին շատ քննարկումներից հետո տարբերության գումարը մեզ հատկացրեց` որպես «Այլ դոտացիաներ» հոդվածով: Այսինքն` դուրս եկավ հանրագումարով, որ մեզ էլի կտան անցած տարվա չափով դոտացիա, ուղղակի անվանումները մի քիչ քնքշորեն փոխվել է`«Այլ դոտացիաներ» է կոչվում, և գումարները լրիվ կհատկացվի» ,-ասաց Լենա Ջիլավյանը:
Այս թեմայով որոշակի հարցեր տվեց ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը` մտահոգվելով, թե կա՞ն ռիսկեր բյուջեն ավելի կրճատելու, թե՞ մինչև վերջ դրա տերը կլինենք: Իսկ երբ ավագանու անդամը հետաքրքրվեց, թե որքա՞ն է Գյումրու բնակչության թիվը, այստեղ միջամտեց Սամվել Բալասանյանը` Լևոն Բարսեղյանին առաջարկելով այդ մասին հարցում կատարել ու իմանալ վիճակագրական վարչությունից:
Կարդացեք նաև
Սամվել Բալասանյանը նեղվեց, որ տիկին Ջիլավյանը կրկնում է վիճակագրության վարչության հրապարակած պաշտոնական թվերը, մամուլն էլ հղում է տալիս քաղաքապետարանին` նշելով` այ, տեսեք էսքան արտագաղթ է եղել Գյումրիից: «Այո, բնակչության թվաքանակը պակասել է, ո՞վ է ասում, թե չի պակասել»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ