Ստորև ներկայացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրությունը (մաս 2)
Հարց -Բարև ձեզ, ուզում եմ հարցնել պայմանագրի վավերացման հետ կապված: Վավերացումն իրավական առումով խիստ կասկածելի էր, այսինքն՝ ձայները տատանվում են 77-ից 72-ի միջև, ինչպես նաև հաշվիչ հանձնաժողովը ոչ լիարժեք էր: Ի՞նչ եք կարծում, դա չի՞ անհանգստացնի ձեր ռուս գործընկերներին: Դա առաջին հարցը:
Երկրորդ հարցը՝ օրերս 2 դեպք արձանագրվեց, երբ ձեր կուսակիցները բավական լկտի պահեցին իրենց լրագրողների հանդեպ, նախ՝ Ազգային ժողովում, քննարկման ժամանակ, և երեկ, երբ քաղաքապետի ատենախոսության պաշտպանությունն էր, երիտասարդներ, որոնք ունեն նկարներ Ձեզ հետ և Սերժ Սարգսյանի հետ, և որոնցից մեկին Դուք պատվոգիր եք տվել, շատ լկտի պահեցին իրենց լրագրողների նկատմամբ:
Եվ երրորդ հարցը՝ եթե կուսակցության ղեկավարը որոշի, որ դուք պետք է լինեք նախագահի թեկնածու, պատրա՞ստ եք Ձեր վրա վերցնել այդ բեռը:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն հարցերի համար: Լկտի պահվածքի վերաբերյալ: Ազգային ժողովում գոյություն ունի համապատասխան հանձնաժողով, և եթե այդպիսի դրսևորումներ կան, կարծում եմ, որ այդ դրսևորումները պետք է դառնան դրա քննարկման առարկա: Կարծում եմ, այնքան էլ պատշաճ չէ, որ վարչապետը սկսի մեկնաբանել, թե Ազգային ժողովում ինչպիսինն է պատգամավորների կեցվածքը: Դուք ունեք այդ հնարավորությունը՝ հետևելու Ազգային ժողովի աշխատանքներին, Ձեր գնահատականները տալու, այդ աշխատանքները հրապարակային են, և մեր քաղաքացիներն էլ կարող են հետևել ու իրենց գնահատականները տալ:
Երկրորդ՝ քանի հոգի էր մասնակցում քվեարկությանը և քանի հոգի է քվեարկել. այս գործընթացն էլ հրապարակային էր, այնտեղ կային լրագրողներ, և այստեղ էլ մեր քաղաքացիներից, լրագրողներից որևէ գաղտնիք չի եղել: Այն միջադեպերը, որոնք լինում են Ազգային ժողովում՝ ընդդիմության կամ մեծամասնության պահվածքը, դրանց քննարկման տեղն Ազգային ժողովն է, և գործադիրի ղեկավարը կարծում եմ, չպետք է այդպիսի գնահատականներ տա:
«Արմնյուզ» հ/ը – Պարոն վարչապետ, խորհրդարանում գազային պայմանագրերը քննարկելիս Ձեր ընդդիմախոսները քննադատում էին այն դրույթները, որոնցով ՀՀ-ն պարտավորվում էր չընդունել այնպիսի օրենսդրություն, որը կհակասեր կամ վտանգի տակ կդներ «ՀայՌուսգազարդ»-ի կամ հայ-ռուսական գազային պայմանավորվածությունները, և դա համարում էին հակապետական, այն մասով, որ մեկ միջպետական պայմանագիրը չի կարող թելադրել երկրի ամբողջ օրենսդրությանը:
Երկրորդ հարցը՝ հայտնի է, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ հատկապես բողոքում էին ՏՏ ոլորտում ընդգրկված երիտասարդները: Այդ ընթացքում հանրային խորհուրդը հանդես եկավ միջանկյալ առաջարկներով, օրինակ՝ կուտակային տոկոսները աստիճանաբար բարձրացնել, ընդդիմությունն առաջարկեց հետաձգել մեկ տարով: Որքանո՞վ եք ընդունել այդ առաջարկները, թե՞ համակարգը կգործի 2014-ի հունվարից:
Երրորդ հարցը՝ եվրոբոնդերի՝ պարտատոմսերի վաճառքից եկած առաջին գումարով կառավարությունն անմիջապես մարեց ռուսական վարկը: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ինչու՞ որոշվեց առաջինը հենց այդ պարտքը մարել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Շնորհակալություն հարցերի համար: Առաջին հարցը: Արդյո՞ք ՀՀ-ն պետք է այնպիսի գործողություններ իրականացնի, որոշումներ ընդունի, որոնք կվտանգեն ներդրողների շահերը, այն դաշտում, որն ամբողջությամբ կարգավորվում է, որտեղ չկա շուկայական մրցակցություն, որտեղ շուկայական ռիսկերն իրենք չեն կառավարում: Պատասխանը միանշանակ է` այո, ՀՀ կառավարությունը ներդրողների համար պետք է ստեղծի հուսալի միջավայր, և դա չի վերաբերում միայն ՌԴ-ին: Դա վերաբերում է նաև ամերիկացի ներդրողներին, որոնց հետ մենք հավանության ենք արժանացրել նոր ներդրումային ծրագիր, որը վերաբերում է Որոտանի ՀԷԿ-ին: Նմանատիպ երաշխիքներ մենք պարտավոր ենք տալ, քանի որ մարդիկ գալիս են ու այստեղ ներդրումներ իրականացնում կենսական նշանակության ենթակառուցվածքներում: Նրանք ասում են` այո՛, մենք համաձայն ենք այդ բնագառավառում ներդրումներ անել, բայց նաև խնդրում ենք ՀՀ իշխանություններին, որ եթե խաղի կանոնները 30 տարիների ընթացքում փոխվեն ձեր երկրում, ներդրողների շահերը չտուժեն, որ մենք վնասով չաշխատենք, որպեսզի մեր ներդրումները ապահովեն մեզ համար որոշակի եկամտաբերություն: Եվ այդ բանակցությունները վերաբերում են բոլոր այդ հարցերին, որոնք կարող են վտանգ ստեղծել ներդրողների համար: Մենք էլ ստանձնել ենք պարտավորություն, որ ներդրողների համար ՀՀ-ում պետք է լինեն երաշխավորված խաղի կանոններ: Եվ եթե վաղը, մյուս օրը մենք փոխենք մեր օրենսդրությունը, որը կբերի ներդրողների համար միջավայրի փոփոխության և նրանց ներդրումները պետք է նվազեն, մենք պարտավոր ենք հաշվի առնել ներդրողների շահերը: Դա չի վերաբերում միայն Գազպրոմին: Դա վերաբերում է նաև ամերիկյան ընկերությանը, որը նույնպես պետք է մեծածավալ ներդրումներ անի էներգետիկայի բնագավառում, որտեղ գները մենք ենք սահմանում, թե էլեկտրաէներգիան ինչ գնով ենք առնելու: Այս խաղի կանոնները նորմալ են, և որևէ վտանգ ինքնիշխանությանը չկա: Ինքնիշխանության վտանգ կա այն դեպքում, երբ իշխանությունները չեն ստեղծում ներդրողների համար բարենպաստ միջավայր: Այ սա է վտանգում մեր ինքնիշխանությանը: Եվ ոչ թե, երբ մարդիկ գալիս, ներդրումներ են անում ու վստահ են, որ երկարաժամկետ հատվածում իրենց ներդրումներն ապահովելու են եկամտաբերության որոշակի մակարդակ: Բանավեճերի ժամանակ խեղաթյուրված է խնդրի էությունը՝ որտեղ ինչ ներդրումներ են անում մեր ռուս գործընկերները:
Երկրորդ: Եվրոբոնդերի հետ կապված խնդիրը: Սա 2013-ի կարևորագույն միջոցառումներից էր, որ ՀՀ-ն իրականացրեց: Մեր նոր, անկախ պետության կյանքում մենք գործ ունենք մի նոր երևույթի հետ. ՀՀ-ն թողարկեց 700 մլն դոլարի եվրոբոնդեր: Կուպոնային եկամտաբերությունը 6 տոկոս է, տարին երկու անգամ այդ տոկոսները պետք է վճարենք, իսկ մայր գումարը պետք է վճարենք 7 տարի հետո: Այս իրադարձությունը կարևոր է մի քանի տեսանկյունից: Տնտեսական տեսակետից սա ցույց տվեց Հայաստանի վարկունակությունը: Միջազգային ներդրողները պատրաստեն են մեր երկրին տրամադրել մինչև 3 մլրդ դոլար, քանի որ մեզ ներկայացվել էր 2 մլրդ 800 մլն դոլարի հայտ: Այդքան ցանկություն կար՝ գնելու մեր պարտատոմսերը: Մենք բավարարեցինք միայն 700 մլն-ը: Սա կարևորագույն քաղաքական ազդակ է, քանի որ հստակ ֆինանսական քարտեզի վրա մեր տեղը արձանագրվեց կոնկրետ ներդրողների համար: Նրանք այսուհետ խստագույնս հետևելու են բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներին, և դրանով է պայմանավորված լինելու տոկոսադրույքների տատանումը միջազգային շուկաներում Հայաստանի եվրոբոնդերի առումով: Դուք նույնպես կարող եք հետևել, թե ինչպիսին է ՀՀ-ի տնտեսական վիճակը՝ հաշվի առնելով, թե ինչպես են տատանվում տոկոսադրույքները համաշխարհային շուկաներում: Եթե տեսնենք, որ տնտեսական համակարգի ռիսկայնությունը բարձրանում է, բնականաբար, տոկոսադրույքները վերև կբարձրանան, եթե վիճակը կայուն է, տոկոսադրույքները կայուն կլինեն: Սա կառավարության գործողությունների նկատմամբ միջազգային ներդրողների կողմից վերահսկողության կարևորագույն գործիք է :
Երրորդ: Ինչո՞ւ մենք որոշեցինք մարել ռուսական վարկը: Առաջին հերթին, քանի որ մեր վարկային պորտֆելում դա ամենաթանկ վարկն էր՝ լիբոր + 3 տոկոս, մանավանդ որ մենք արդեն սկսել էինք մայր գումարի մարումը: Բոլոր հաշվարկները ցույց էին տալիս, որ այս գործարքից մենք ունենալու էինք ֆինանսական եկամուտներ, ինչը և արձանագրվեց 2014թ. բյուջեում: Երբ մենք Ազգային ժողովում հանդես եկանք եզրափակիչ ելույթով, մենք ներկայացրեցինք բացատրություններ 2014թ-ի բյուջեի ճշգրտումների վերաբերյալ: Դրանք վերաբերում են արտաքին պարտքի սպասարկման գումարներին ու տոկոսավճարներին: Դրանք կտրուկ նվազեցին: Մոտակա 6 տարիների ընթացքում պետական բյուջեի սպասարկման բեռն, ի շնորհիվ այս գործարքի, նվազեց, քանի որ ենթադրվում է, որ ամբողջ գումարը մարելու ենք 7 տարի հետո, իսկ այդ 7 տարվա ընթացքում միայն այդ 6 տոկոսները տարեկան կտրվածքով պետք է մարենք, ինչը մեզ հնարավություն տվեց 10 մլրդ-ից ավել լրացուցիչ գումար խնայել 2014-2021 թթ-ին: Եթե համեմատում ենք ռուսական վարկի սպասարկումն ու եվրոբոնդերի սպասարկումը, մենք տնտեսապես ավելի ձեռնտու միջավայրում հայտնվեցինք: Իսկ մնացած վարկերը, որ կան մեր պորտֆելում, ավելի արտոնյալ տոկոսադրույքներով վարկեր են՝ հիմնականում միջազգային կազմակերպություններից՝ Ասիական զարգացման բանկից, Համաշխարհային բանկից, ՎԶԵԲ-ից: Նրանց գրանտային տարրը շատ ավելի մեծ է, քան ռուսական վարկինը:
Կենսաթոշակների վերաբերյալ: Եթե կցանկանաք, ավելի մանրամասն պատասխանեմ, քանի որ գիտեմ, որ շատերին է այն հետաքրքրում: Աշխարհի ամենաբարդ ռեֆորմը մասնագետները համարում են կենսաթոշակային ռեֆորմը: Սա պարզ բացատրություն ունի: Քանի որ ենթադրում է առնվազն 35 տարվա հաշվարկներ, առնչվում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների հետ և առնչվում է յուրաքանչյուր քաղաքացու շահերին: Եվ միևնույն ժամանակ ենթադրվում է, որ մեխանիզմները պետք է ստեղծվեն կառավարման բոլոր օղակներում՝ սկսած հարկայինից մինչև ոստիկանություն: Բոլոր այդ ինստիտուտներում պետք է լինեն հատուկ համակարգեր, որոնք առնչվում են կենսաթոշակային բարեփոխման հետ՝ հաշվարկների, եկամուտների, տվյալների պահպանության, անվտանգության ապահովման և այլն: Դրա համար էլ այս ռեֆորմի նախապատրաստման համար մենք ծախսել ենք 10 տարի ժամանակ, Հայաստան ենք հրավիրել աշխարհի լավագույն մասնագետներին: Աշխարհի հեղինակավոր կառույցների հետ ենք համագործակցել՝ սկսած Համաշխարհային բանկից՝ ավարտած կոնկրետ պետությունների ղեկավարներով, որտեղ առկա էին կենսաթոշակային բարեփոխումներ: Մեր մասնագետները հնարավորություն են ունեցել ուսումնասիրելու այդ երկրների փորձը: Եվ այս 10 տարիների ընթացքում բազմաթիվ քննարկումներ են եղել, այդ թվում նաև հրապարակային՝ ԶԼՄ-ների մասնակցությամբ: Ամենաքիչը 10 այդպիսի ժողով ես եմ անցկացրել ԶԼՄ-ների հետ, որ մեր հանրությանը առավելագույն տեղեկություն տրամադրենք: Սա բացառիկ օրենքներից է, որը մի քանի անգամ քննարկվել է հանրապետության նախագահի գլխավորությամբ, կոալիցիոն կուսակցությունների մասնակցությամբ, մինչև որ մենք այս օրենսդրական փաթեթն ուղարկեցինք Ազգային ժողովի հաստատմանը: Սա բացառիկ օրենքներից է, որ ընդունվել է 2010-ին, բայց ուժի մեջ է մտնում 2014-ի հունվարից: Այսինքն՝ տվել ենք նաև ժամանակ, որ տնտեսվարող սուբյեկտները, պետական մարմինները, մեր քաղաքացիները նախապատրաստվեն օրենքի այդ կիրառությանը: Այդ աշխատանքի ընթացքում բոլոր նրբությունները հաշվի ենք առել՝ մանավանդ ունենալով այլ երկրների փորձը: Բնականաբար, ինչպես վատ ուսանողը քննությունից մի քանի ժամ առաջ է սկսում պատրաստվել քննությանը, նույնը տեղի ունեցավ մեզանում: Մեկ էլ մարդիկ սկսեցին հաշվել, թե 2014-ի հունվարից հետո ինչ է տեղի ունենալու իրենց եկամուտների հետ: Դա նշանակում է, որ այժմ մենք պետք է քննարկենք կենսաթոշակային ռեֆորմի բովանդակությունը: Այն խարսխված է հետևյալ կարևորագույն քաղաքական սկզբունքի վրա, որը արմատական փոփոխություն է մեր հասարակության համար: Այսուհետև ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Եթե դուք ունեք աշխատանք ու եկամուտ, դուք պարտավոր եք մտածել ապահով ծերության մասին: Սա է քաղաքական սկզբունքը: Մենք հրաժարվում ենք սերունդների համերաշխության սկզբունքից, քանի որ մեր պետությունն այլընտրանք չունի, եթե մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն թոշակի անցնելուց հետո ապահով ապրեն: Այլընտրանք չկա: Այլընտրանքը հետևյալն է: Այսօր մենք ունենք 500 հազար քաղաքացի, ովքեր վճարում են միասնական սոցիալական հարկ, և սերունդների համերաշխության սկզբունքի ներքո այդ հարկերը մենք պետք է ուղղենք այսօրվա 550 հազար թոշակառուներին, այնպիսի կենսաթոշակ վճարենք, որ նրանք իրենց ծերությունը ապահով համարեն: Այս համակարգը այդ երաշխիքը չի ստեղծում, քանի որ մեր 500 հազար հարկ վճարողների կողմից վճարված գումարները բավարար չեն պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար: Այսօր մենք վճարում ենք 33 հազար դրամ միջին թոշակ: Եթե դիտարկենք աղքատության շեմը, եթե մարդը ստանում է այդքան կենսաթոշակ, միայն կարողանում է լուծել սննդի նվազագույն պահանջարկը: Դա նշանակում է, որ երբ մարդն անցում է թոշակի, և դա է ապրելու իր միակ միջոցը, ինքն աղքատ է: Դա նշանակում է, որ ամեն թոշակի անցնողը հայտնվում է աղքատության մեջ: Սա անընդունելի տարբերակ է: Մյուս տարբերակը միասնական սոցիալական հարկը բարձրացնելն է, որը նույնպես ընդունելի չէ, քանի որ հարկային բեռի ավելացումը զսպում է տնտեսական աճը: Տնտեսական աճը զսպելը նշանակում է չունենալ հեռանկար, չկարողանալ լուծել քաղաքական խնդիրները, որոնք կանգնած են մեր առջև: Պետք է մի հանգամանք ևս ավելացնել: Այսօրվա կենսաթոշակային համակարգը արդար չէ, քանի որ հաշվի չի առնում, թե մարդն ինչ աշխատանքային կենսագրություն է ունեցել, ինչքան հարկ է վճարել աշխատանքի ընթացքում, ինչ եկամուտներ է ունեցել: Իր ապահով ծերությունը պայմանավորված է մի հանգամանքով, թե այդ պահին պետությունը ինչ ֆինանսական հնարավորություններ ունի նրան թոշակ տրամադրելու: Դա արդար համակարգ չէ: Դրա համար մենք ունենք միակ հնարավարություն՝ անցնել պարտադիր կուտակային համակարգի: Մեր պետությունն ասում է՝ սիրելի՛ երիտասարդներ, դուք պետք է ստանձնեք ձեր ապագայի համար այդ սոցիալական պատասխանատվությունը, դուք պետք է ձեր եկամուտներից 5 տոկոս կուտակեք ամեն տարի, որ անցնեք ապահով, երաշխավորված կենսաթոշակի, որ 35-40 տարի հետո չառնչվեք աղքատության խնդրի հետ: Սա է մեր ռեֆորմի բովանդակությունը: Իհարկե, կան այս հարցի շուրջ քաղաքական սպեկուլյացիաներ: Կարծես թե կան գաղտնի լուծումներ՝ ինչպես այսօր կարելի է կենսաթոշակային խնդիրը լուծել: Այն ստանդարտ բանաձևերը՝ շտամպային դարձած, որ կարելի է մեկ ակնթարթում օլիգարխներից այդ գումարները վերցնել, տալ թոշակառուներին, բարձրացնել նրանց կենսաթոշակը: Հասկանալի է, որ սրանք պոպուլիստական մոտեցումներ են, և աշխարհում ոչ մի երկրի չի հաջողվել այդ ճանապարհով կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնել: Այն պետությունները, որոնք փորձել են հեղափոխական ճանապարհով միջամտել, հաջողության երբևիցե չեն հասել: Տրամաբանությունն, այսպիսով, շատ պարզ է: Հասկանալի է, որ նաև կա դիմադրություն: Այն չպետք է շատ սուր ընդունել, քանի որ ցանկացած բարեփոխում հանդիպում է դիմադրության: Հասարակությունն այդպիսին է, քաղաքացիական հասարակությունը՝ առավել ևս, այդպիսին պետք է լինի: Իշխանական ցանկացած գործողություն, ցանկացած պարտադրանքի գործառույթ առաջին հերթին պետք է արժանանա դիմադրության, իսկ իշխանությունները, դա հասկանալով, պետք է ավելի լավ պատրաստվեն՝ այդ պարտադրանքի գործիքը կիրառելիս: Դրա համար մենք 10 տարի ենք պատրաստվել: Սրան այլընտրանք չկա, ու սա լավագույն լուծումն է, որ այս պահին մենք ունենք: Մեր երիտասարդները բազմաթիվ հարցեր են մեր առջև դնում՝ սկսած նրանից, որ նրանք 35-40 տարվա կտրվածքով վստահություն չունեն, որը հասկանալի է, և այդ գնահատականներն են հասկանալի: Բայց մյուս կողմից, ինչպե՞ս կարող ենք մենք մեր քաղաքացիների մոտ երկարաժամկետ առումով ստեղծել դրական, պոզիտիվ սպասումներ այսպիսի համակարգային ռեֆորմներում: Երբ մենք քաղաքացու հնարավորություն ենք տալիս 20 տարվա հիպոթեքային վարկով այսօր բնակարան ձեռք բերել, դա նշանակում է, որ նա առնվազն 20 տարվա պլանավարում է անում իր կյանքում: Երբ ՀՀ քաղաքացուն այսօր իր կենսաթոշակային հաշվի վրա կուտակում է 5 տոկոս և ամեն օր հետևում, թե հաշիվն ինչպես է կառավարվում, ինչպես են աճում եկամուտները, դա նշանակում է, որ նա իր կյանքը 35-40 տարի պլանավորում է: Դա միջավայր է փոխում, փոխում է մեր ենթագիտակցությունը, մեր վարվելականոնները: Դա նշանակում է այսուհետև 275 հազար քաղաքացի պլանավորելու է իր կյանքը՝ առնվազն 30 տարվա կտրվածքով: Դա նշանակում է երկարաժամկետ առումով պոզիտիվ սպասումներ: Սա հեշտ փոփոխություն չէ, ցավոտ է, մենք դա գիտակցում ենք: 275 հազար հոգի հունվարի մեկից նոր կյանք է սկսելու, որովհետև մենք օրենքի ուժով պարտադրում ենք նրանց իրականացնել որոշակի գործողություններ և նրանք կրելու են նաև պատասխանատվություն իրենց որոշումների համար, քանի որ նրանք պետք է վերահսկեն կենսաթոշակային հիմնադրամներն, ընտրեն սխեմաները: Նրանք որոշում կայացնելու հնարավորություն են ստանում, դառնում են պահանջատեր, քանի որ պետությունը ամեն ամիս պարտավոր է կրկնապատկել նրանց խնայողությունները: Նրանք դառնում են խստապահանջ քաղաքացիներ, և սա նպաստում է քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Ինչու՞ եմ ես վստահ, որ հաջողություն ենք ունենալու: Բերեմ երկու օրինակ: Սոցիալական փաթեթը ներդնելիս հիշու՞մ եք Ազգային ժողովում մեզ ինչ մեղադրանքներ էին ներկայացնում: Ասում էին՝ ավելի լավ է այդ գումարով աշխատավարձը բարձրացնեք, չենք հավատում այդ համակարգի արդյունավետությանը, ավելի լավ է 130 հազարը կանխիկ տվեք, այս ինչե՞ր եք հորինել, և այլն: Այսօր մեր հարցումները ցույց են տալիս, որ սա, ըստ մեր քաղաքացիների գնահատականի, ամենահաջողված ռեֆորմն է: Մարզերում մեր բոլոր հանդիպումների ժամանակ մի հարց են իմ առջև դնում՝ ընդլայնեք սոցիալական փաթեթից օգտվողների թիվը: Դպրոցներում ուսուցիչներն ասում են, որ միայն ուսուցիչների վրա չտարածվի, այլ նաև սպասարկող անձնակազմի վրա էլ, քանի որ սա շատ լավ ռեֆորմ է: ես համոզված եմ, որ կենսաթոշակային բարեփոխումը մեր քաղաքացիների կողմից արժանանալու է նույն գնահատականին:
«Հանրային ռադիո» ռ/կ -Պարո՛ն վարչապես, հարցս կրկին վերաբերում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգին: Դուք իհարկե նշեցիք, որ 10 տարի շարունակ շատ ակտիվ աշխատել եք, ամեն ինչ իդեալականին է մոտեցված: Կառավարության ենրկայացուցիչների կողմից էլ պարբերաբար ասուլիսներին շատ բարձր մակարդակով ներկայացվում է կատարված գործը, բայց ուզում եմ մի դիտարկում անել, որն ինձ անձամբ հետաքրքիր է, քանի որ 2014-ից ես ինքս էլ եմ պարտադիր կենսաթոշակային վճարումներ անելու: Կա երկու եվրոպական հիմնադրամ, որոնք արդյունքում հավաքելու են այդ ամբողջ գումարը, և այդ հիմնադրամներում մենք պահ ենք տալու մեր գումարները: Մինչ այսօր այդ հիմնադրամների կառավարիչների կողմից որևէ գնահատական, ներկայացում չի արվել, թե ինչ գործողություններ են անելու, ինչ գործառույթներով են այդ ամբողջն իրականացնելու, և այն 40 տոկոս գումարը, որ պետք է եվրոպական երկրներում ներդրվի, և այն 60 տոկոս գումարը, որ պետք է ՀՀ-ի տնտեսության մեջ ներդրվի, մենք մինչև այսօր տեղեկություն չունենք: Այդ մասով կարծում եմ, որ առանձնապես բաց և թափանցիկ չի արված գործը: Կցանկանայի ձեր տեսակետն ու մեկնաբանությունը լսել:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Առաջին հերթին ուզում եմ նշել, որ խաղի կանոնները հենց կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանված են ՀՀ օրենսդրությամբ, այսինքն՝ Ձեր հարցերի պատասխանները մեր օրենքները տալիս են: Այդ խաղի կանոնները համապատասխանում են միջազգային լավագույն փորձին: Նպատակը հետևյալն է՝ ապահովել Ձեր խնայողությունների հուսալիությունը, և այդ հուսալիության չափանիշներն ու կանոնները օրենքով են ամրագրվում: Այն երկու առաջնակարգ ընկերությունները, որոնք այսօր արտոնագրեր են ստացել Կենտրոնական բանկի կողմից, համապատասխանում են այդ չափանիշներին և այդ չափանիշներով աշխատելուն: Առաջին և ֆունդամենտալ խնդիրը Ձեզ համար լուծված է: Դուք գիտեք այդ խաղի կանոնները, որոնցով այդ հիմնադրամները աշխատելու են: Երկրորդ մասով ես Ձեզ հետ համաձայն եմ, ես կխնդրեմ ԿԲ մեր գերծընկերներին, որ մանրամասն տեղեկություններ տան այդ երկու ընկերությունների մասին, կառավարիչների մասին, որ դուք տեսնեք, որպեսզի նրանց հետ շփվեք, բայց ամենակարևորը ոչ թե կառավարիչներն են, այլ այն, որ այդ երկու ընկերությունները ունեն բարձր վարկանիշ, այսինքն՝ նրանց ռիսկայնության աստիճանը չափազանց ցածր է: Հավանականությունը, որ դուք ձեր խնայողությունները կկորցնեք, չափազանց ցածր է: Եթե վերցնենք վերջին 50 տարիների կենսաթոշակային հիմնադրամների աշխատանքների պատմությունը, կտեսնենք, որ հավանականությունը, որ այդ հիմնադրամներն իրենց միջոցները կկորցնեն, մոտ է զրոյի, իսկ որպեսզի հանրությանն ավելի մանրամասն ինֆորմացիա տրամադրվի կոնկրետ երկու ընկերությունների մասին, ես կխնդրեմ ԿԲ գործընկերներին, որպեսզի զանգվածային լրատվական միջոցներով այդ տեղեկատվությունը լինի: Ներդրումները ինչպե՞ս են իրականացվելու` սահմանված է օրենքով: Այդ ներդրումները պետք է գնան միայն դեպի հուսալի աղբյուրներ, այսինքն՝ այդ ընկերություններին արգելվում է ռիսկային գործառույթներ իրականացնել: ԿԲ-ի վրա դրված է պարտականություն, որպեսզի ԿԲ-ն սահմանի բենչմարտներ այդ կառավարիչների համար, թե ինչպես են նրանք կառավարելու, ինչ գործիքներում են կարողանալու ներդնել, որպեսզի այդ միջոցները մի կողմից լինեն հուսալի, մյուս կողմից ապահովեն որոշակի եկամտաբերություն մեր քաղաքացիների համար: Եվ այդ խաղի կանոնները մի կողմից սահմանված են օրենքով, մյուս կողմից որոշակի լիազորություններ տրված են ԿԲ-ին, որովհետև ԿԲ-ն ակտիվների կառավարիչների համար այդպիսի կարողություն ունի` սահմանել նման չափանիշներ, որոնք էապես նվազեցնում են ռիսկերը: Որ այդ ֆինանսական միջոցները կարող են փոշիանալ կամ կորչել, նույնիսկ այդ պարագայում մեր օրենսդրությունը շատ խստապահանջ է, որովհետև այդ ռիսկերի դրսևորման պարագայում էլ պետությունն այդ ռիսկերը ծածկելու է:
«Ժողովուրդ» օրաթերթ – Շնորհակալություն, պարոն վարչապետ ես կուզենայի իմանալ ռուսական գործընկերների հետ Ձեր բանակցությունները ի՞նչ ավարտ են ունեցել՝ կապված առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման հնարավորության հետ: Հայտնի է, որ կարագը, ձեթը, շաքարավազը, թռչնամիսը առաջիկայում թանկանալու են, ի՞նչ արդյունքներ ունենք, և երկրորդը՝ Դուք կարծես թե հպանցիկ շրջանցեցիք այն հարցը, թե ի՞նչ եք անելու Սերժ Սարգսյանի հրահանգը չկատարելու մասով և Ձմեռ պապից շատ սպասված այս հարցը՝ արդյոք տալու եք հրաժարական, թե՞ ոչ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Հրահանգ ասելով նկատի ունեք 7 տոկոսանոց աճը, որ դրված է մեր կառավարության առջև: Մենք պլանավորում ենք փետրվար-մարտ ամիսներին հանդես գալ հաշվետվությամբ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, հետո կստանանք ձեռնարկությունների հաշվետվությունները, ինչպես նաև Ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի 2013 թվականի տնտեսական աճի ցուցանիշները: Դա հնարավորություն կտա մեր մասնագետներին ներկայացնել հաշվետվություններ տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ, և բնականաբար, քաղաքական գնահատականները կտրվեն հենց այդ ժամանակ, երբ մենք կարողանանք գնահատել օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որ ազդել են տնտեսական աճի ցուցանիշների վրա: Եվ կհասկանանք, թե արդյոք կառավարությունն արել է առավելագույնն այդ քաղաքական թիրախը ապահովելու համար: Ինչ վերաբերում է մեր բանակցություններին արդեն Մաքսային միության բանակցությունների շրջանակներում, քանի որ մաքսատուրքերի խնդիր գոյություն ունի, և իսկապես այդ խնդիրն առնչվելու է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների հետ, որոնք Դուք նշեցիք՝ կարագ, ձեթ, շաքարավազ և այլն: Մոտավորապես այս պահին կա 400 ապրանքատեսակ, որոնք մենք անվանում ենք զգայուն: Եվ եթե դուք ծանոթանաք ճանապարհային քարտեզի հետ, որը հաստատված է արդեն մեր նախագահների կողմից, կտեսնեք, որ այդ ճանապարհային քարտեզում մատնանշված է միջոցառում, որ մենք պետք է Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Եվրասիական հանձնաժողովի հետ ավարտենք բանակցությունները այդ զգայուն ապրանքատեսակների շուրջ և գանք համաձայնության, թե ինչ ռեժիմներ ենք սահմանում: Կա մի քանի տարբերակ. ենթադրվում է, որ մենք մայիս ամսին պատրաստ ունենանք Մաքսային միության անդամակցության պայմանագիրը: Այդ պայմանագիրն ունենալու է հավելվածներ, որտեղ նկարագրված են լինելու անցումային դրույթները, այդ թվում նաև հստակ պատասխաններ են տրվելու զգայուն ապրանքատեսակների վերաբերյալ, թե ինչ մոտեցումներ ենք որդեգրելու: Մոտեցումներից մեկը կարող է լինել այն, որ ասենք մի քանի տարիների ընթացքում կիրառվելու են հին դրույքաչափերը, որոնք ապագայում սահուն ձևով բարձրացվելու են: Կարող են առաջարկվել այլ լուծումներ: Միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ ասել, որ իրականում մեր երկրի տնտեսության վրա, մեր քաղաքացիների վրա սակագների բարձրացումից որևէ ազդեցություն միանշանակ չի լինելու, որովհետև որոշ ապրանքնատեսակների մաքսային սակագների բարձրացումը կարող է խթանել ազգային արտադրության աճը՝ օրինակ՝ մսամթերքի, հավի մսի, խոզի մսի ներմուծումը: Դուք գիտեք, որ Մաքսային միությունը պրոտեկցիոնիստական քաղաքականություն է իրականացրել իր ներքին շուկան պաշտպանելու, և այդ ապրանքների մաքսային տուրքերը վրա բավական բարձր են: Դա նշանակում է, որ շատ ավելի ձեռնտու կլինի Հայաստանում ներդրումներ կատարել գյուղատնտեսության ոլորտում, նույն տավարի մսի արտադրության մեջ, որի գներն այսօր բավական ցածր են: Այդ ոլորտի բիզնեսմենները բողոքում են, որ այդ միսը մրցունակ չէ էժան մսի հետ, որ ներմուծվում է Հնդկաստանից: Այդ առումով նաև այս միջավայրը չի խթանում, որ նոր ներդրումներ լինեն տավարաբուծության, խոզաբուծության բնագավառում: Իսկ մաքսատուրքերի բարձրացումը նշանակում է, որ մեր արտադրողները պաշտպանված կլինեն էժան ապրանքների ներմուծումից և այդտեղ ձեռնտու կլինի նոր ներդրումներ անել, մեր տեղական արտադրանքի ծավալները կարող են աճել: Իհարկե, դա դրական կողմն է, իսկ բացասական կողմն այն է, որ մաքսատուրքերի բարձրացումը ենթադրում է, որ այդ ապրանքների գները կարող են բարձրանալ, դրանք նուրբ խնդիրներ են, որ մենք պետք է հունվար-փետրվար ամիսներին բանակցությունների շնորհիվ գանք եզրակացման և ներկայացնենք մեր տնտեսվարող սուբյեկտներին, թե ինչ լուծումներ են հնարավոր:
«Panorama.am» լ/կ – Պարոն վարչապետ, անկեղծ ասած, ես երկու հարց էի նախապատրաստել, հուսով էի կհնչեն ու ես հարց չեմ տա, բայց իրականում հարցերը շատացան և լրացուցիչ պարզաբանումների կարիք կա: Գործընկերներիս թույլտվությամբ, եթե կարելի է, արագ մի քանի հարց: Դուք խոսեցիք, որ Հայաստանի պարագայում առաջարկվել է Կալինինգրադի մարզի գործիքակազմը, բայց մի հանգամանքի հետ կապված կարծես թե լռեցիք . երաշխիքներ կա՞ն, որ Վրաստանը կլինի այնպիսի գործընկեր, ինչպիսին Լիտվան է, և երկրորդ՝ ինչպես է կիսվելու մաքսային տորթը՝ առանց Հայաստանի արտաքին մաքսային սահմանի վրա գոյացող եկամուտների, բաժանումը ներկայումս տեղի է ունենում 4-7-89 տոկոս հարաբերակցությամբ, Հայաստանը մոտավորապես ի՞նչ ակնկալիք ունի այս բաժնում: Սա երկրորդ, և երրորդ՝ կուտակայինի հետ կապված. պարոն վարչապետ, Դուք խոսեցիք, բայց մենք ունենք հսկայական զանգված, այդ թվում նաև երիտասարդ անձանց՝ հիմնականում գյուղաբնակ, ովքեր ինքնազբաղ են և ըստ էության չի նշմարվում, թե ներդրվող կուտակային համակարգից ինչպես պետք է օգտվեն, եթե կան լուծումներ այդ մասին, խնդրում եմ: Եվ վերջում՝ ամենակարևորը, խոսենք մենք գազային թեմայից, թե ֆինանսաբանկային հատվածից, գալիս հանգում ենք մի խնդրի՝ թափանցիկ կորպորատիվ կառավարման: Իրականում Հայաստանում այսօր ոչ ոք չգիտի այս կորպորացիաների ղեկավար անձնակազմը՝ թոփ մենեջմենթը որքա՞ն է վաստակում, որքա՞ն բոնուսներ է ստանում: Եթե իմանայինք, գուցե մի քիչ լավատես լինեինք: Այս առումով ի՞նչ եք մտադիր անել: Ես գիտեմ, որ ԿԲ-ը պարզապես օրենքով նախատեսված պարտավորություն ունի հրապարակելու մասնավոր հատվածում բանկերի ղեկավար անձնակազմի աշխատավարձը. երբևէ չեմ տեսել նման ինֆորմացիա, շնորհակալություն:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Սկսեմ վերջին հարցից: Բացառվում է, որ Դուք երբևէ տեսած չլինեք, եթե ունեցել եք այդ ցանկությունը, որովհետև ամեն տարի ԱԺ-ում, երբ ԿԲ-ն պետական բյուջեի քննարկումների շրջանակներում ներկայացնում է եկամուտների և ծախսերի նախահաշիվը, դա ամենաբուռն քննարկման առարկան է եղել: Ես ևս 10 տարի ներկայացրել եմ ԿԲ-ի եկամուտներն ու ծախսերը, և դա եղել է թիվ մեկ հարց: Մենք ամեն տարի ԱԺ-ին ներկայացնում ենք տեղեկանք, թե միջին բանկային համակարգի աշխատավարձերի մակարդակն ինչպիսին է, որպեսզի ԿԲ-ի աշխատավարձը համապատասխանի միջին բանկային ցուցանիշին, և դա օրենսդրությամբ սահմանված նորմ է: Մեր պատգամավորները միշտ էլ խստապահանջ են այդ նորմի նկատմամբ: ԿԲ-ն, մի կողմից, ներկայացնում է տեղեկանք, թե միջին աշխատավարձն ինչպիսին է բանկային համակարգում, մյուս կողմից` ներկայացնում է տեղեկանք, թե այն բյուջեի նախագծով, որ ներկայացնում է, թե ինչպիսին է լինելու միջին աշխատավարձը ԿԲ-ում. այդ նորմը սահմանվել է նրա համար, որպեսզի ԿԲ-ն մրցունակ լինի աշխատուժի շուկայում և կարողանա որակյալ մասնագետներ ունենալ, և այդ նորմը պահպանվում է, ոչ մի գաղտնիք չկա: Կորպորատիվ կառավարման վերաբերյալ. որպեսզի մասնավոր ընկերությունները հրապարակեն, թե իրենց մենեջմենթն ինչքան աշխատավարձ է ստանում, մտածում եմ, որ գուցե մեր հանրության մի փոքր զանգվածի հետաքրքրում է, բայց ոչ հիմնական զանգվածին: Նրանց հետաքրքրում է, թե բարձրաստիճան անձինք ինչքան են ստանում, ոչ թե մասնավոր հատվածն ինչքան է ստանում: Դրա համար կարծում եմ ճիշտ կլինի մենք կենտրոնանանք աշխատավարձերի ռեֆորմի վրա, որ 2013-ին մենք իրականացրինք և երկար սպասված ռեֆորմ էր սա: Առաջին անգամ օրենսդրորեն ամրապնդեցինք հիմնական նորմերը, թե իշխանության տարբեր թևեր ինչ հարաբերակցության մեջ պետք է գտնվեն աշխատավարձերի սանդղակի ներքո, տարբեր պաշտոնատար անձինք այդ սանդղակում ինչ տեղ պետք է գրավեն: Այսուհետև այդ քաղաքական որոշումը կայացվել է, մոտակա 10 տարիների ընթացքում աշխատավարձերի բնագավառում լինելու է ընկալելի քաղաքականություն: Սա շատ ավելի կարևոր հանգամանք է եկամուտների ծրագրման և վերահսկողության ապահովման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է Կալինինգրադին. ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ Դուք օգտագործեցիք, որ մեզ առաջարկվել է Կալինինգրադի գործիքը. ես այդպիսի բան չասացի, ես ասացի, որ մենք ուսումնասիրել ենք Կալինինգրադի փորձը, դա այլ բան է, որովհետև Հայաստանի համար առաջարկվող մեխանիզմը դեռևս քննարկվում է, և մենք կարծում ենք,որ կլինի այնպիսի մեխանիզմ, որը հաշվի կառնի Կալինինգրադի փորձը, բայց կլինի մեզ համար ավելի բարենպաստ: Տրանզիտային սխեմա է մշակվում, որը ենթադրում է, որ Վրաստանը դիտարկելու է այդ ապրանքը որպես տրանզիտային ապրանք, և տրանզիտային ռեժիմով է ապրանքը հատելու Վրաստանի սահմանը: Դա նշանակում է նաև, որ Ռուսաստանում մաքսավորն ամբողջությամբ ընդունելու է Հայաստանի մաքսավորի կողմից դրված կնիքը և ապրանքը, որ հայտվելու է Հայաստանի մաքսավորի կնիքով Ռուսաստանի մաքսավորի մոտ, զննման ենթակա չէ և ավտոմատ մտնելու է մաքսային միասնական տարածք: Եվ այս ամենն իրականացվելու է միջազգային պայմանագրերի շրջանակներում, և այդ տրանզիտի սխեմաները մենք մտադիր ենք առավելագույնս պարզեցնել և փառք Աստծո, որ որևիցե խնդիր չունենք մեր վրացի գործընկերների հետ, մաքսային կանոնները խստագույն պահպանվելու են:
Երկրորդ հարցը, որը միգուցե շատերին կհետաքրքրի, տորթի մասին: Նկատի ունենալով, որ Մաքսային միության երկրները մաքսատուրքերը գանձում են սահմանի վրա, բայց այդ մաքսատուրքերը պարտադիր չեն, որ վերաբերեն կոնկրետ այդ երկրին, բայց քանի որ միասնական տարածք է և ենթադրենք ռուսական որևիցե մի ձեռնարկություն Իրանից ապրանք է տեղափոխում Ռուսաստան, եթե այդ ապրանքը մաքսազերծվում է Մեղրիում, մեր մաքսակետում, այդ գումարը հայտնվում է միասնական կաթսայի մեջ: Հետագայում այդ միասնական կաթսայից որոշակի բանաձևով որոշվում է, թե այդ կաթսայում հավաքված գումարի որ մասն է հայտնվելու Հայաստանի պետական բյուջեում, որ մասը՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի: Տրամաբանությունը, որով այսօր ղեկավարվում են Մաքսային միության ղեկավարները, հետևյալն է: Հիմք է ընդունվում 2007-2008 թթ.վիճակագրությունը, թե այդ պետություններն ինչքան ապրանքներ են ներկրել երրորդ երկրներից: Այդ վիճակագրությունը միասնական մեթոդաբանությամբ գոյություն ունի, և մենք հստակ գիտենք, թե ինչ ծավալի ապրանք են ներմուծել Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանն ու Հայաստանը: Երկրորդ ցուցանիշը հետևյալն է՝ այդ ապրանքների գծով 2008 թվականին ինչքան մաքսատուրք են վճարել տնտեսվարող սուբյեկտները Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի բյուջե: Այս թվերի հիման վրա որոշվում է բոլոր երկրների տեսակարար կշիռն այդ միասնական կաթսայի մեջ: Եվ այդ տեսակարար կշռով էլ հետագայում այդ կասթայից գումարները փոխանցվում են ՀՀ պետական բյուջե:
Ձեր հաջորդ հարցը վերաբերում էր կուտակային կենսաթոշակային ռեֆորմին ու մասնավորապես՝ ինքնազբաղվածներին: Այստեղ մենք շատ պարզ բանաձև ենք կիրառում. նրանց վճարումները հաստատագրված սկզբունքով են իրականացվելու, և նրանց խնայողությունների կրկնապատկումը պետության կողմից նույնպես հաստատագրված սկզբունքով է կատարվելու, որպեսզի մենք խուսափենք ավելորդ ռիսկերից, որոնք կարող են ավելանալ ինքնազբաղվածների մոտ: Մասնավորապես՝ որպեսզի չծանրաբեռնենք հաշվետվություններով, դրանց ստուգումներով և այլն: Եվ ինքնազբաղվածները, եթե կցանկանան ավելին կուտակել, քան օրենքով սահմանված հաստատագրված վճարներն են, կարող են օգտվել կենսաթոշակային համակարգի երրորդ՝ կամավոր բաղադրիչից: Այստեղ կարող են ավելի շատ գումարներ կուտակել:
«Մեդիամաքս» -Պարոն վարչապետ, ուզում եմ երկու հարց ուղղել Ձեզ։ Առաջինը գազի գնի վերաբերյալ։ Ասացիք, որ սահմանի վրա 189 դոլար է, համամիտ եմ, որ դա իսկապես լավ, մատչելի գին է։ Բայց չխոսեցիք այն մասին, որ մենք՝ վերջնական սպառողներս, այդ գազը ստանում ենք 156 դրամով և եթե բազմապատկում ես 1000 խորանարդ մետրով, ապա ստացվում է, որ մենք այն գնում ենք մոտավորապես 390 դոլարով, որը համահունչ է այն գներին, որոնք կան բազմաթիվ եվրոպական և այլ երկրներում։ Այսինքն՝ իրականում մեզ համար դա այնքան էլ էժան չէ։ Կա՞ արդյոք մտադրություն վերանայել այդ գները, ինչո՞վ է դա պայմանավորված։ Եվ երկրորդ հարցս, որը նաև առնչվում է օլիգարխներին և այդտեղ մատնանշած խնդիրներին. կա Փակ շուկայի խնդիրը, այսինքն շատերը կարծում են, որ այդ խնդիրը փակ է, մենք շատ երկար ժամանակ հետևել ենք այդ խնդրի հանգուցալուծմանը, և արձանագրել ենք, որ բազմաթիվ պաշտոնյաներ ընդունել են, որ պետությունն անզոր է այս հարցում, ընդունել են իրենց մեղքը, նշել են, որ այն ինչ որ արվում է, սխալ է, որովհետև, փաստորեն Փակ շուկան գտնվում էր պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում։ Աղճատված տեսքով այն այժմ արդեն որպես խանութ է գործում։ Ես ուզում եմ Ձեր տեսակետը լսել այս խնդրի վերաբերյալ և նաև հասկանալ` ինչո՞ւ այդ պաշտոնյաներից որևէ մեկը, ով նաև ընդունել է սեփական անզորությունը, պատասխանատվություն չի կրել այն ամենի համար, ինչ որ տեղի է ունեցել։ Շնորհակալություն։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Համաձայն եմ Ձեզ հետ, որ աղճատված էին պետական գործառույթները այդ առումով։ Ես ինքս դժգոհ եմ պետական կառավարման մարմինների աշխատանքից, նրանց աշխատանքը հստակ չէր, հանրությանը մտահոգող հարցերին հստակ պատասխաններ չէին տրվում, գործառույթներն իրականացվում էին ժամանակի ձգձգումներով, փորձ էր կատարվում մեկ պետական գերատեսչության կողմից խնդիրը բարդել մեկ այլ գերատեսչության վրա, և, համաձայն եմ Ձեզ հետ, որ այստեղ մենք ունենք բացեր։ Դասեր պետք է քաղենք նաև օրենսդրական կարգավորման մի մեծ փաթեթ ենք պատրաստել։ Այդ փաթեթը քննարկվել է ինձ մոտ։ Խոսքը վերաբերում է կառուցապատման կանոններին, պատասխանատվության հստակեցմանը, խստացումներին, որպեսզի մենք կարողանանք պահպանել Երևանի փոքր կենտրոնի ճարտարապետական դեմքը և այն մշակութային ժառանգությունը, որ ունենք։ Շուտով մենք այդ փաթեթը կներկայացնենք հանրության դատին և կսկսենք հրապարակային քննարկում, որ ապագայում նման դեպքեր չունենանք։
Անդրադառնալով առաջին հարցին. սահմանի վրա մենք գազը ձեռք ենք բերում 189 դոլարով 1000 խորանարդ մետրի համար, ՀՀ սպառողին այն հասնում է 310 դոլարով։ Միջինացված գինը դա է, որովհետև քաղաքացիները ստանում են Ձեր նշած գումարով, բայց տնտեսավարող սուբյեկտները ստանում են ավելի էժան։ Այսինքն, քաղաքացիների վրա դա նստում 340, տնտեսավարող սուբյեկտների վրա՝ 270։ Միջինացվածը 310 դոլարն է։ Համաձայն եմ Ձեզ հետ, որ 310 դոլարն էլ բավականին բարձր գին է գազի համար։ Դրա կառուցվածքը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրել է և՛ հանրությանը և՛խորհրդարանում մի քանի անգամ լսումների ժամանակ։ Այդ տարբերությունն առաջին հերթին ներառում է «ՀայՌուսգազարդի» ծախսերը, որոնք կազմում են մոտավորապես 60 դոլար։ Երկրորդը կորուստներն են, որոնք կազմում են մոտավորապես 11 դոլար, երրորդ բաղադրիչը ավելացված արժեքի հարկն է, որը կազմում է 50 դոլար, և սրանք հիմնական այն հոդվածներն են, որոնք սպառողի համար ավելացնում են գինը։ Գաղտնիքը, որը կարող է մեզ օգնել նվազեցնել գազի գինը այն է, որ գազի սպառման ծավալները եթե ավելանան, բնականաբար այդ ծախսերի տեսակարար կշիռը էապես կնվազի և գազի գինը սպառողների համար կարող է նվազել։ Դրա համար, եթե լինեն նոր, մեծածավալ ներդրումներ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես «Նաիրիտի» գործարկումը կամ այն նոր համաձայնագիրը, որը «Ռոսնեֆտը» ստորագրեց իտալացիների հետ, այդ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել գազի սպառման ծավալների աճին, և դա էլ կարող է բերել գազի գնի նվազման։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ սոցիալապես խոցելի խավերի համար մենք սուբսիդավորել ենք գազի գինը, որպեսզի գազը նրանց ընտանեկան բյուջեների վրա լրացուցիչ ծախս չլինի: Մենք ունենք նաև հանրապետության նախագահի հանձնարարականը, որ այս ծրագիրը շարունակելու ենք և 2014 թվականին, որպեսզի գազի թանկացումը սոցիալապես խոցելի խավերի վրա բացասաբար չանդրադառնա։
«Ա1+» լ/գ – Շնորհակալություն։ Պարոն վարչապետ, կուզենայի իմանալ, արդյոք ռուսական կողմի հետ քննարկել եք «գույք պարտքի դիմաց» նրանց հանձնված օբյեկտները գործարկելու հարցը, և երբ Դուք խոսում եք 150 հազար դրամանոց աշխատավարձերի մասին, արդյոք այդ օբյեկտները ներառված են դրա մեջ։ Դուք հույս ունե՞ք, որ դրանք կաշխատեն և կապահովեն 150 հազար դրամանոց աշխատատեղեր։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան -Առաջին հերթին ուզում եմ անդրադառնալ Մերգելյանի ինստիտուտի և «Մարս» արտադրական միավորման ճակատագրերին։ Այս հարցը մշտապես գտնվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի օրակարգում։ Խնդիրն այն է, որ մենք մեր ռուս գործընկերների հետ մշակեցինք մի հայեցակարգ, որը նաև իրացրեցինք, այդ ձեռնարկության բազայի վրա Հայաստանում ձևավորել ազատ տնտեսական գոտի։ Օրենսդրությունն ամբողջությամբ ընդունել ենք, և 2013 թվականին ընտրել ենք օպերատորին և ազատ տնտեսական գոտին գործարկել ենք։ Երկրորդ կարևորագույն ձեռքբերումը կարող ենք համարել այն, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել մի ծրագիր, որը ենթադրում է, որ ազատ տնտեսական գոտում մենք արտադրելու ենք հայկական այֆոններ, հայկական պլանշետներ, այփադներ, և կկարողանանք բավարարել մեր խստապահանջ քաղաքացիների պահանջը այդ ապրանքների նկատմամբ և սա էլ, կարծում եմ, այդ ոլորտի լուրջ ձեռքբերումներից է 2013 թվականին։ Ես մատնանշեցի կոնկրետ այն օբյեկտները, որոնց ես առնչվել եմ միջռուսական հարաբերությունների շրջանակներում։ Սրանք են այն հարցերը, որոնք եղել են օրակարգային հարցեր։
«Բլումբերգ» – Պարոն վարչապետ, մի քանի օր առաջ դուք նշեցիք, որ Թուրքիան միակողմանի որոշում է ընդունել ջրամբարներ կառուցելու և որ դա ըստ փորձագետների լրջագույն խնդիրներ է առաջացնելու Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների համար։ Դուք կարո՞ղ եք մատնանշել, ի՞նչ է նշանակում «լրջագույն խնդիրներ»։ Օրինակ, ջրային ռեսուրսների այն մասը, որ ձևավորվում են Թուրքիայի տարածքում, այլևս Հայաստան չի գալու, ի՞նչ ծավալի մասին է խոսքը և արդյո՞ք իրավական առումով ինչ-որ լուծում հնարավոր է գտնել այդ միակողմանի որոշման դեմ կամ գուցե այդ որոշումը մեղմելու կամ երկկողմանի արդյունավետ դարձնելու համար։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Համապատասխան հանձնարարական տրվել է Արտաքին գործերի նախարարությանը այն պահից, երբ մենք ստացանք տեղեկություն, որ Թուրքիայի կառավարությունն ընդունել է այդպիսի որոշում և ֆինանսական միջոցներ է հատկացրել ջրամբարների կառուցման համար, որոնք հիմնականում կառուցվում են այն գետերի վրա, որոնք սնուցում են այն ջրային պաշարները, որոնք գտնվում են Արարատյան դաշտավայրում և որոնց օգտագործման վերաբերյալ կան միջազգային պայմանագրեր և համատեղ շահագործման կանոններ։ Այդ ջրամբարների կառուցումն էապես նվազեցնելու է Արարատյան դաշտավայրի ջրային պաշարները: Մասնագետների գնահատականով դա մոտավորապես մինչև 50 տոկոս կարող է նվազեցնել մեր ջրային պաշարները։ Մեր մասնագետները, իրավաբանները, այսօր ուսումնասիրում են այդ խնդիրը, թե իրավական ի՞նչ կարգավորման եղանակով մենք պետք է առաջնորդվենք։ Սա մի ուղղություն է, խնդիրը հստակ ձևակերպված է, մենք ունենք տաղանդավոր երիտասարդ մասնագետներ, որոնք ստացել են փայլուն կրթություն աշխարհի լավագույն համալսարաններում և հիմա հենց այն պահն է, որ իրենց գիտելիքները պետք է ծառայեցնեն այս կարևորագույն խնդրի լուծմանը։ Եվ նրանք պատրաստում են զեկույցներ, համադրում են միջազգային իրավունքի նորմերը, և կմշակեն առաջարկություններ արտաքին գործերի նախարարության համար։ Երկրորդ խնդիրը վերաբերում է մեզ, որովհետև մենք նույնպես անխնամ ենք վերաբերվում Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին, մասնավորապես խոսքը խորքային հորերի շահագործման մասին է։ Հիշում եք, որ 2013 թվականին մի մեծ խորհրդակցություն տեղի ունեցավ հանրապետության նախագահի մոտ, ոլորտի գիտակները, ինստիտուտի ղեկավարները ներկայացրել էին մի վերլուծական նյութ, որը ցույց էր տալիս, որ այստեղ անհրաժեշտ է պետության անհապաղ միջամտությունը, որպեսզի մենք կարգավորենք այդ դաշտը և թույլ չտանք այդ խորքային ջրային հորերի անարդյունավետ օգտագործումը։ Դեռևս տարիներ առաջ 2004-2006 թվականներին օրենքով ձկնաբուծության ոլորտի ձեռնարկություններին տրվել էր մեծ արտոնություն. ջրօգտագործման վճարների համար սահմանվել էր, որ նրանք պետք է վճարեն բնօգտագործման վճարի միայն 5 տոկոսը, այն դեպքում, երբ արդյունաբերական ձեռնարկությունները վճարում էին 50 տոկոսը։ Եվ հաշվի առնելով, որ հիմնականում այդ խորքային հորերի ջրերը օգտագործում են ձկնաբուծարանները, որոշում կայացվեց, որ այլևս այդ արտոնությունը պետք է վերացվի։
Եվ մենք նրանց հավասարեցրինք արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Նրանք պետք է վճարեն բնօգտագործման պարտադիր վճարի 50 տոկոսը։ Մի կողմից դա նպաստելու է, որ ջուրը շատ արդյունավետ օգտագործվի, մյուս կողմից պետությունը կունենա լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ուղղելու ենք արդեն անօրինական ջրային հորերի փակմանը և վերացմանը։ Մենք նպատակ ունենք փակելու այդ խորքային հորերի 50 տոկոսը, քանի որ մոտավորապես հենց այդքան են գնահատվում անօրինական գործող հորերը, և ամեն մի հորի վրա շուրջ 2-3 միլիոն դրամի ծախս պետք է կատարվի, որպեսզի կարողանանք այդ հորերը դուրս բերել շրջանառությունից և ջրի կորուստներ չունենանք։ Եվ դրանով իսկ մենք ուզում ենք կարգավորել նաև ջրային պաշարները Արարատյան դաշտավայրում, որոնք այսօր վտանգված են։
«Արմենիա» հ/ը – Պարոն վարչապետ, դուք լավատեսության կոչ արեցիք։ Կառաջարկեի նշեիք այդ լավատեսության հիմքերը և մասնավորապես ինչպես կբնութագրեք երկրի տնտեսական վիճակը, և որն է տնտեսական տարվա գլխավոր ձեռքբերումը և բացթողումը։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Սա ծավալուն հարց է, կարծում եմ։ Բացթողումների, թերությունների մասին, կարծում եմ տեղեկատվության պակաս չի եղել և առաջին հերթին շնորհիվ խստապահանջ զանգվածային լրատվական միջոցների, որոնք ցանկացած բացթողում, թերացում դարձնում են հրապարակային քննարկման առարկա։ Դրա համար ես կփորձեմ անդրադառնալ այն ձեռքբերումներին, որոնք իրականում 2013թ. եղել են։ Առաջինը արդյունաբերության ոլորտում տնտեսական աճի ցուկցանիշն է։ 7.1 տոկոս տնտեսական աճը արդյունաբերության ոլորտում հուսադրող ցուցանիշ է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների ընթացքում այն կայուն միտում ունի։ Երկրորդ կարևոր ցուցանիշը գյուղատնտեսության ոլորտում արձանագրվող աճն է՝ 6.1 տոկոս։ Դա նույնպես լավ ցուցանիշ է, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ 15 հազ. հեկտար հողեր լրացուցիչ մշակման առարկա դարձան հենց 2013 թ, անասնապահության բնագավառում 7տոկոսանոց անասնագլխաքանակի աճ ենք արձանագրել: Չափազանց կարևոր է, որ սերմնաբուծության բնագավառի մեր ծրագրերը տալիս են դրական արդյունք։ 2012 թ. մեկ հեկտարից 26 ցենտներ բերք էինք հավաքում, որ լավ ցուցանիշ է ՀՀ-ի համար, որովհետև նախորդ տարիներին 10-15 ցենտներ էինք հավաքում մեկ հեկտարից, 2012-ին այդ ցուցանիշը հասավ 26 –ի, 2013 –ին՝ 30-ի, որովհետև մենք կարողացանք ներմուծել ժամանակակից սերմեր և կարողացանք սերմնաբուծության ոլորտում արմատական փոփոխություններ կատարել, որը, կարծում եմ, լուրջ նվաճում է։ ՏՏ ոլորտում նույնպես արձանագրվել է աճի բարձր ցուցանիշ, որը նույնպես շարունակական է և սա նույնպես համարում եմ լրջագույն ձեռքբերում, մանավանդ եթե հաշվի առնենք, որ 2013 թվականին Այբիէմը մուտք գործեց Հայաստան, մենք նրա հետ ստորագրեցինք հուշագիր, Օրակլը մուտք գործեց Հայաստան, Դե լինկը սկսեց շինարարական աշխատանքները Գյումրիում: Այս ամենը վկայում է, որ ՏՏ բնագավառում առաջընթացը մոտակա տարիներին շարունակվելու է։ Կարևոր է, որ մենք եկանք համաձայնության մասնավոր հատվածի հետ և ստորագրեցինք հուշագրեր պետություն-մասնավոր հատված պլատֆորմով, նոր ծրագրեր, որոնք վերաբերում են թեթև արդյունաբերությանը, կոշկագործությանը : Դա նշանակում է, որ հիմքեր են ստեղծվում այդ ոլորտում նոր ներդրումների համար, մանավանդ որ մենք մեզ համար այսուհետև ունենալու ենք մի մեծ շուկա Մաքսային միության առումով։ Կարևոր է, որ ՋիԷսՓի պլյուսը (17.48) ևս մեկ անգամ Եվրամիությունը հաստատեց։ Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները, արտադրողները կարող են իրենց ապրանքը առանց մաքսատուրքի արտահանել Եվրամիության շուկա։ Մաքսատուրքերը նվազեցված են կամ զրոյացված են։ Դա միևնույն ժամանակ Մաքսային միությունում մեր հարաբերական առավելությունն է լինելու, քանի որ ձեռնտու է Հայաստանի Հանրապետությունում ներդրումներ կատարել և այստեղից ապրանքները արտահանել Եվրոպական միություն։ Եվ Ալռոսայի խնդիրը, որի վեճը դատարանում մենք շահել ենք, քանի որ հակադեմպինգային միջոցառումներ էին իրականացվում մեր ձեռնարկության նկատմամբ և այն չէր կարողանում ալյումինից պատրաստված ֆոլգան վաճառել եվրոպական շուկայում։ Մենք հուսով ենք, որ հունվարի տասնհինգին դատարանի որոշումը կմտնի ուժի մեջ, և եվրոպական հանձնաժողովը, որը կիրառում էր հակադեմպինգային միջոցառումներ, կվերացնի դրանք և մեզ համար կբացվի նոր շուկա, իսկ դա նշանակում է լրացուցիչ լուրջ ներդրումներ այդ բնագավառում։ Տուրիզմի բնագավառում տասներկուսուկես տոկոսանոց աճը նույնպես հուսադրող է, ավիափոխադրումների ազատականացումը, կարծում եմ, 2013թ.-ի կարևորագույն միջոցառումներից էր, մենք արդեն արձանագրում ենք ավիատոմսերի գների նվազում, իսկ 2014 թվականին այդ միտումները շարունակվելու են և խորանալու են։ Ձեռքբերումներից մեկը եվրոբոնդերի թողարկումն էր, որը ես նշեցի, քանի որ դա հնարավորություն է ստեղծում մասնավոր ընկերությունների համար ավելի էժան ֆինանսական ռեսուրսներ ներգրավել միջազգային շուկաներից, և դա նշանակում է, որ տոկոսադրույքների նվազում տեղի կունենա մեր շուկաներում, ինչը կնպաստի, որ տնտեսությունն ավելի էժան կարող է ստանալ վարկային միջոցներ։
GMP ստանդարտի ներդրումը դեղագործության բնագավառում 2013 թվականի կարևորագույն նվաճումներից է։ Դա նշանակում է, որ դեղ արտադրող ձեռնարկությունը, որը 38 տոկոսով դեղագործության արտահանման մեջ ունի ուրույն տեսակարար կշիռ և դա նշանակում է նոր շուկաներ դեղագործների համար և մենք ուրախ ենք, որ արդեն ևս երեք ընկերություններ պատրաստ են հայտեր ներկայացնելու այդ միջազգային ստանդարտի համապատասխանության սերտիֆիկատը ստանալու համար: Առաջին անգամ մեր ներդրումային հիմնադրամը իրականացրեց լայնածավալ գործառույթներ` տրամադրելով սուբսիդիաներ, էժան վարկեր, ֆինանսավորելով մասնավոր հատվածի մասնակցությունը բազմաթիվ միջազգային ֆորումներում, որպեսզի մեր ապրանքները և ծառայությունները ներկայացված լինեն տարբեր կոնֆերանսների, բիզնես- ֆորումների ժամանակ, որպեսզի հնարավորություն ստեղծվի մեր արտահանողներին` իրենց ապրանքներն արտահանելու, և ես կարծում եմ, որ սա նույնպես կարևոր ձեռքբերում է:
Եթե անդրադառնանք սոցիալական ոլորտին, ապա այդտեղ մենք մի քանի նոր ծրագրեր ենք ներդրել, որոնք իրենց արդյունքները տալու են։ Առաջին հերթին ես նշեցի, որ անապահով խավերի ընտանիքների երեխաները կարող են անվճար սովորել բուհերում, քոլեջներում, և մենք հարյուր տոկոսով երաշխավորելու ենք, որ նրանք կարող են ստանալ կրթություն և ֆինանսական միջոցների բացակայությունը նրանց համար խոչընդոտ չի լինելու։ Միայն 2013 թվականին 71 նախակրթարաններշահագործման հանձնվեցին և դա նշանակում է, որ 210 համայքներում նախադպրոցարանները սպասարկում են շուրջ 7 հազար երեխայի։ Եվ սա պահանջված ծառայություն է։ Կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում մենք կարողացանք լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել և բարձրացնել կենսաթոշակների մակարդակը։ Դա նշանակում է, որ շուրջ հիսուն հազար ընտանիք կկարողանա դուրս գալ ծայրահեղ աղքատության շեմից։ Իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է: Այսպիսով, 2014-ի համար մենք ստեղծել ենք լուրջ նախադրյալներ, որպեսզի աղքատության ցուցանիշը Հայաստանի Հանրապետությունում նվազի։
Ինչպիսի այլ նվաճումներ ունենք։ Եթե ոլորտային նվաճումներին անդրադառնանք, կարող ենք նշել, որ գիտության ոլորտում այն ծրագիրը, որը մենք ձեզ հետ միասին ներկայացնում ենք հանրությանը` Քենդլ ծրագիրը, իր առաջին դրական արդյունքը տվեց, և այս տարվա ավարտին առաջին էլեկտրոնային փունջն ստացվեց: Սա լրջագույն ձեռքբերում է մեր գիտնականների համար: Դա նշանակում է, որ այն ժամանակակից սարքավորումը, որ այսօր մենք ունենք Հայաստանում, կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել գիտնականների համար, և նրանք կարող են իրենց փորձերն իրականացնել այդ սարքավորումներով, ինչը նշանակում է, որ գիտության մեկ ոլորտ ստանում է լուրջ գործիք, որպեսզի մենք այդտեղ արձանագրենք նվաճումներ, ձեռքբերումներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից կարող եմ նշել «Մենթոր գրաֆիկս» ընկերության նախագահի հայտարարությունը, որ չիպերի դիզայնի բնագավառում Հայաստանը համաշխարհային շուկայում արդեն ունի հինգ տոկոս. սա լրջագույն ձեռքբերում է, քանի որ որևիցե այլ բնագավառում այդպիսի մեծ տեսակարար կշիռ մենք երբևիցե համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ չենք ունեցել: Երկրորդը կոնյակագործությունն է, որի տեսակարար կշիռը կազմում է երկու տոկոս: Սա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք արդեն ունենք նաև մասնագիտացում: Մշակույթի ոլորտում ունեցել ենք լուրջ հաջողություններ: Առաջին հերթին ուզում եմ նշել «Գյումրին` ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որի շնորհիվ գյումրեցիները և մեր քաղաքացիները հնարավորություն ունեցան ապրել հարուստ մշակութային կյանքով: Նաև ուզում եմ նշել, որ շնորհիվ այն վարկային միջոցների, որոնք մենք ստացանք Ավստրիայի կառավարությունից, Օպերայի և բալետի շենքը, ձայնի համակարգերը, լուսավորության համակարգերը, բեմն այսօր համապատասխանում են լավագույն եվրոպական ստանդարտներին: Պարտատոմսերի տոկոսադրույքների նվազումը, ինչի մասին մենք խոսում ենք վերջին հինգ տարիների ընթացքում. 2013 թվականին չորս տոկոսային կետով նվազեց պարտատոմսերի տոկոսադրույքը, որը երկու բան է վկայում` առաջինը, որ վստահությունը մեծացել է պետության կողմից թողարկվող պարտատոմսերի նկատմամբ, մյուս կողմից` դա նշանակում է, որ հիմքեր են ստեղծվում վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցման համար, ինչը փոխառող միջոցներն էժանացնում է: Դա նշանակում է, որ տնտեսվարող սուբեկտները կարող են ավելի էժան միջոցներ ստանալ:
Կարծում եմ, հարգելի գործընկերներ, ցանկության դեպքում կարելի է թվարկել այն դրական ձեռքբերումները, այն դրական արդյունքները, որոնք առկա են մեր երկրում։ Դրա համար պետք է առաջին հերթին ցանկություն՝ տեսնել այդ դրական նվաճումները և ձեռքբերումները։
«Haynews.am» լ/կ – Պարոն վարչապետ, վերջերս մամուլում կրկին անդրադարձան օֆշորային սկանդալին և հրապարակում եղավ այն մասին, որ այդտեղ ներգրավված է նաև մի կին` Նաիրի Մեհրեջ անունով, ով բարեկամ է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին և Կիպրոսում նաև ունի մահացածների անուններով գրանցված «Մկների ժողով» կազմակերպություն։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն։ Երևի տարօրինակ կլիներ, եթե այս հարցը չհնչեր՝ օֆշորային սկանդալի վերաբերյալ։ Առաջինը ուզում եմ ասել, որ ես ամենաշահագրգռված մարդն եմ, որպեսզի այս պատմությունը մինչև վերջ բացահայտվի։ Թե ինչպես էր հնարավոր Կիպրոսում գրանցել ձեռնարկություն և այդ ձեռնարկության հիմնադիրների մեջ հիշատակել իմ անունը։ Մի բան արդեն պարզ էր, որ այդ ձեռնարկության գրանցման հետ ես որևիցե առնչություն չունեմ այն պարզ պատճառով, որ երբ այդ ձեռնարկությունը գրանցվում էր օֆշորային գոտում, այդ օրը և այդ ժամին ես չեմ եղել Կիպրոսում և ընդհանրապես, երբ ես դարձել եմ վարչապետ, ես ընդհանրապես Կիպրոսում չեմ եղել։ Ուրեմն այդ ձեռնարկության գրանցման հետ որևէ առնչություն չունեմ։ Ես հույս ունեմ, որ հետաքննող լրագրողները հետամուտ կլինեն, և ձեր հրապարակած այդ նոր տեղեկությունը կներկայացնեն հանրության դատին, որ այդ կինը, որն իմ անունով Կիպրոսում ձեռնարկություն է գրանցել, հենց այդ նույն կինը Կիպրոսում գրանցել է մի ձեռնարկություն մահացած մարդկանց անունով, և այդ կինը հենց նույն այն կինն է, որն օֆշորային սկանդալի հիմքում է կանգնած, և ինձ համար նույնպես հետաքրքիր է, թե պարոն Օսկանյանն ինչ բացատրություն կտա, արդյոք դա նրա համար նույնպես անսպասելի տեղեկություն է, թե այս տեղեկության աղբյուրներում հենց իր անձն է կանգնած, և այս սկանդալային պատմությունն ունի քաղաքական ենթատեքստ։ Ես կցանկանամ, որպեսզի փարատվեն այս կասկածները, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այն զանգվածային լրատվական միջոցները, որ այս թեմային մեծ ուշադրություն են դարձնում, լուսաբանեն այս դրվագը և ներկայացնեն մեր հանրության դատին։
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ» – Հայրենի իշխանությունների դիրքորոշումը Մաքսային միությանը միանալու մասին, ինչ ժամկետում եք պլանավորում ավարտել գործընթացը: Եվ երկրորդ հարցը` սառը եղանակի մասին. ի՞նչ ունեք ասելու, ե՞րբ է տաքանալու:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Ցավոք սրտի, մոտակա օրերին չեն խոստանում, որ եղանակը կբարելավվի: Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը, որը հաստատվեց նախագահների կողմից ենթադրում է, որ արդեն մայիսին պետք է ունենանք Մաքսային միությանը միանալու պայմանագիրն իր հավելվածներով: Սա այն խնդիրն է, որ դրված է 22 աշխատանքային խմբերի առջև, որոնք մեր երկրի լավագույն մասնագետներն են, բանիմաց և գիտակ, և պատահական չէ, որ ՄՄ մեր գործընկերները բարձր գնահատեցին մեր թիմի աշխատանքը: Դա նշանակում է, որ պետք չի մեր մասնագետների գիտելիքները, կարողությունները թերագնահատել և պիտակավորել այդ մասնագետների կողմից կատարված աշխատանքը: Դա վիրավորական է ոչ միայն վարչապետի, իշխանությունների, այլև կոնկրետ մարդկանց, մասնագետների համար: Նրանք նվիրումով աշխատել են և իրենց աշխատանքը, պրոֆեսինալիզմը գնահատում են մեր գործընկերները: Ամեն ինչ համեմատության մեջ է դրսևորվում: Իսկապես մեծածավալ աշխատանք է կատարվել և դրա շնորհիվ է, որ այս չորս ամսվա ընթացքում կարողացանք գալ համաձայնության Եվրասիական հանձնաժողովի կողմից ձևավորված աշխատանքային խմբի մասնագետների հետ ճանապարհային քարտեզի շուրջ, և դա է այն երաշխիքը, որ կկարողանանք մինչև մայիս նախապատրաստել պայմանագրերը: Եթե այս ժամանակահատվածում գանք համաձայնության մեր գործընկերների հետ բոլոր սուր և կարևոր հարցերի շուրջ, որոնք մտահոգում են և որոնք պետք է ստեղծեն բարենպաստ միջավայր մեր տնտեսվարողների համար, դա նշանակում է, որ հունիսին այդ պայմանագրերը կներկայացվեն չորս երկրների պառլամենտների վավերացմանը: Մենք աշխատում ենք այսպիսի ժամանակացույցով:
«Ռոյթեր» լ/գ – Պարոն վարչապետ, ձեր ասածներից կամ Մաքսային միության մասին ինֆորմացիան, որ գոյություն ունի կամ տարածվել է, կարելի է ենթադրել, որ ավելի գրավիչ պայմաններ են առաջարկում կամ մեզ համար ավելի ձեռնտու տարբերակ է, քան Ասոցացման համաձայնագիրը: և երկրորդ հարցը` Միջազգային վալյուտային հիմնադրամը Հայաստանի դոնորներից է, ծրագիրը ավարտվեց, նոր ծրագիրը սկսվե՞ց, ի՞ նչ նոր ծրագիր է, ի՞նչ պայմաներում:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Ես ուզում եմ անդրադառնալ մի քննդատության, որ հնչում է մեր հասցեին, որ դուք եվրոպամետ էիք, հետո դարձաք ռուսամետ: Արդյո՞ք ՄՄ-ն ավելի ձեռնտու է, քան ԱլԳ-ն. նման հարցադրումների պատասխանը սա է: Մենք առաջին հերթին հայամետ ենք, և ցանկացած համագործակցություն միջազգային ասպարեզում հետապնդում է մեկ նպատակ` ստեղծել մեր քաղաքացիների, տնտեսության համար բարենպաստ պայմաններ, միջավայր: Մեր քաղաքական սկզբունքը միշտ եղել է նույնը: Փորձել ենք 2 ուղղությունները դիտարկել փոխլրացնող: Ես մշտապես ԱԺ-ում այս 5 տարվա ընթացքում հանդես եմ եկել նույն քաղաքական հայտարարությամբ: Մենք ուզում ենք 2 ուղղություններով էլ շարունակել համագործակցությունը և չենք ուզում դիտարկել, որ Մաքսային միության անդամակցությունը ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի շուրջ մեր պայմանավորվածությունների, համագործակցության ավարտ է: Մենք ուզում ենք այս 2 ուղղություններով աշխատանքները տեսնել փոխլրացնող: Սա մեր քաղաքական դիրքորոշումն է: Ուրախ ենք, որ ԵՄ գործընկերները համամիտ են, և մենք աշխատում ենք նոր ֆորմատով մեր համագործակցությունը շարունակելու: Ուզում եմ նշել, որ սա նույնպես չափազանց կարևոր է, մեր ռուս գործընկերներն էլ չափազանց դրական են վերաբերվում մեր այս քաղաքական դիրքորոշմանն ու աջակցում այս հարցում: Նրանք նույնպես շահագրգռված են, որ ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունում գնա դիվերսիֆիկացման ուղղությամբ և բարելավի իր հարաբերությունները միջազգային կառույցների և գործընկերների հետ: Դա նշանակում է, որ ԵՄ-ի հետ շարունակելու ենք աշխատել և փորձելու ենք ստեղծել բարենպաստ պայմաններ մեր քաղաքացիների համար: 2013 թվականի կարևորագույն նվաճումը GSP+ն է: Եվրոպական պառլամենտը ևս մեկ անգամ հաստատեց հանձնաժողովի հայտը և Հայաստանը օգտվելու է GSP+ ռեժիմից, ինչը նշանակում է, որ մեր ապրանքներն առանց մաքսատուրքերի հայտնվելու են եվրոպական շուկայում: Բանակցություններն ընթանում են` առաջին փուլը ավարտեցինք, հարցերի մեծամասնությունը լուծում է ստացել: ՀՆԱ ցուցանիշի, հարկային բեռի և վարչարարության մասին էլ համաձայնության կգանք: Այս պահի դրությամբ ոչ թե ֆինանսական օժանդակություն է, այլ այն հանգամանքը, որ ծրագիր ունենանք Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, որը կներառի այն բոլոր ուղղությունները, որտեղ մենք ունենք բազմաթիվ անելիքներ: Այդ ռեֆորմները կստանան միջազգային կառույցների օժանդակությունը: Սա մեզ համար կարևոր է: Իսկ ֆինանսական ծրագրերը, որ ԱՀԿ-ն պլանավորում է իրականացնել, 120-150 միլիոն դոլարի մասին է խոսքը: Գումարը նվազեցվել է, որովհետև մակրոտնտեսական ցուցանիշները չորս տարվա համար ավելի բարվոք են, քանի որ ԱՀԿ-ն ֆինանսական օժանդակություն տրամադրում է ընթացիկ հաշվի ճեղքվածքի փակման համար, որը բարելավվել է և դրա համար լրացուցիչ միջոցներ չեն պահանջվելու:
«Հետք» – Երկու հարց: Մաքսային միության ճանապարհային քարտեզը ստորագրելուց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծիք արտահայտեց Հայաստանի և ԼՂՀ–ի սահմանների մասին: Քննարկվո՞ւմ է, որ սահմանային անցակետեր դրվեն ՀՀ և ԼՂՀ միջև: Տնտեսական աճի տեմպի անկման պատճառների վերաբերյալ կան օբյեկտիվ պատճառներ: Կա՞ն արդյոք սուբյեկտիվ պատճառներ, օրինակ` կառավարության զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Իհարկե, կան նաև սուբյեկտիվ պատճառներ, որոնց կանդրադառնանք, և դա առանձին խոսակցության թեմա է լինելու, թե որոնք են այն գործոնները, որոնք ազդում են տնտեսական աճի վրա: Դուք ճիշտ եք, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունն իր ազդեցությունը թողնում է տնտեսական աճի ցուցանիշների վրա, այդ թվում նաև բյուջեի դեֆիցիտի: Եթե պետությունը շատ ծախս է անում, դա խթանում է տնտեսական աճի ցուցանիշը 05-08 տոկոսային կետով, պետական բյուջեի դիֆիցիտի թերակատարումը բացասական ազդեցություն է ունենում համախառն ներքին արդյունքի վրա: Բնականաբար, վերլուծությունների ժամանակ այս ցուցանիշը կներկայացնեն: Բյուջեի նախագիծը ԱԺ-ում ներկայացնելու ժամանակ ես ներկայացրի այն գործոնները, որոնք 2013 թվականին բացասաբար են անդրադարձել ՀՆԱ-ի վրա: Բայց ամբողջական պատկերը կստանանք և նորից կներկայացնենք ձեր դատին:
Առաջին հարցին պատասխանեմ. Ղարաբաղի թեման քննարկվել է ՄՄ անդամակցելու կոնտեքստում: Ղազախստանի նախագահը հարցը հնչեցրել և ստացել է ՀՀ նախագահի հստակ պատասխանը` ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետեր չկան և չեն լինելու: Դրանից հետո Ղազախստանի նախագահը ստորագրել է այն հուշագիրը, որով հավանության է արժանացել ՀՀ ցանկությունը անդամակցելու ՄՄ-ին: Իհարկե հետո խոսակցությունը շարունակվել է, չորս երկրների նախագահները հավանության են արժանացրել ճանապարհային քարտեզը: Մեր համոզմունքն է, որ քաղաքական խնդիրները չի կարելի ընդգրկել մաքսային միությանն անդամակցելու դաշտ: Եթե հետևել եք, երեկ Եվրասիական հանձնաժողովի փոխնախագահ Տատյանա Վալովայան, պատասխանելով մեր լրատվական ծառայության հարցին նշել է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսական գործառույթ է և այն ճանապարհային քարտեզը, որ հաստատվել է, Ղազախստանի կողմից գրավոր առարկություն չունի: Դա նշանակում է, որ ճանապարհային քարտեզը մենք պատրաստվում ենք իրականացնել այն ձևով, որը ենթադրում են Մաքսային միության կանոնները և օրենսդրական դաշտը, որը գործում է ՄՄ պետությունների համար: Սա է մեր քաղաքական դիրքորոշումը: Ինչո՞ւ է սա ճիշտ ճանապարհ և ընդունելի: ՀՀ-ն ստորագրելով ԱՀԿ-ի հետ համաձայնագիր` չի անդրադարձել այս խնդրին, թեպետ բանակցում էինք տասնյակ պետություններ նման հարցեր չէին առաջադրում, երբ մենք ցանկանում էինք դառնալ այդ կազմակերպության անդամ: ԼՂ խնդիրը խոչընդոտ չէր ԱՀԿ-ի համար: Մենք բանակցում էինք ԱլԳ-ի Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ և ԼՂ-ի հարցը չի եղել խոչընդոտ կամ քննարկման թեմա այդ պայմանագիրը ստորագրելու առումով: ԱՊՀ երկրների հետ ազատ առևտրի համաձայնագիր ենք ստորագրել, և ԼՂ-ն չի եղել խոչընդոտ Բելառուսի և Ղազախստանի համար, և ազատ առևտրի ռեժիմ է սահմանվել: ՄՄ-ն այդ շարքում բացառություն չի լինելու, և ԼՂ հարցը չի կարող լինել խոչընդոտ:
Շարունակելի
ՀՀ կառավարություն
Բնածին անամոթ։ Հնարավոր չէ մինչև վերջ կարդալ համատարած կեղծիքներով՝ դեմագոգ պատասխանները, որից՝ բացի զզվանքից, ուրիշ ոչինչ չես զգում։