Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը տնտեսագիտական համալսարանի միջադեպի առնչությամբ

Դեկտեմբեր 27,2013 21:11

Դեկտեմբերի 26-ին, երբ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի էր ունենում բարձրագույն որակավորման հանձնաժողովի խորհրդի բաց նիստը, որի ընթացքում կայանալու էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական գիտական թեզի պաշտպանությունը, խոչընդոտվեց այն լուսաբանելու նպատակով եկած լրագրողների աշխատանքը։ Խիստ դատապարտելի է այն, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելափակելու նողկալի գործողություններում  ներգրավված էին նույն համալսարանի ուսանողները, ովքեր քաշքշել եւ վիրավորական արտահայտություններ են ուղղել լրագրողներին։

Տնտեսագիտական համալսարանի ղեկավարության փաստարկները, թե բուհն իր ռեժիմն ունի, եւ լրագրողներն այնտեղ ներկա գտնվելու թույլտվություն պիտի ունենան, որեւէ քննադատության չի դիմանում, քանի որ բաց միջոցառում կազմակերպելիս՝ բուհը պարտավոր էր դրան մասնակցելու հնարավորություն ապահովել բոլոր ցանկացողների, մասնավորապես, նաեւ լրագրողների համար։

Ակնհայտ է, որ այնպիսի հրապարակային իրադարձություն, ինչպիսին թեկնածուական թեզի պաշտպանությունն է, լրագրողների համար փակ է դարձել հենց այն պատճառով, որ գիտական աստիճանի հայցորդը քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր։ Եվ չնայած վերջինիս հավաստիացումներին, որ ինքը տեղյակ չի եղել ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջեւ մուտքը փակելուն, դժվար է պատկերացնել, որ դա կարող էր տեղի ունենալ իր կամքին հակառակ։

Այս միջադեպը մեկ անգամ եւս վկայում է, որ Հայաստանի քաղաքական վերնախավի ու բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը չի յուրացրել քաղաքակիրթ աշխարհում ընդունված այն նորմը, որ իրենք ճանաչելի դառնալով՝ իրենց վրա են սեւեռում հանրության ուշադրությունը, եւ խուսափում է իր գործունեությունը թափանցիկ դարձնելուց։

Մենք՝ ներքոստորագրյալներս, Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ պահանջում ենք՝

  • Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն՝ տեղի ունեցածի վերաբերյալ,
  • ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից՝ քննել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի՝ իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու հարցը՝ ուսանողներին անբարո գործի մեջ ներքաշելու համար,
  • իրավապահ մարմիններից՝ միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկել՝ լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (նախկին ՄԱՄՈՒԼԻ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ» ՀԿ)

ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Իսկ տարիներ շարունակ անգործության մատնված Ժուռնալիստների միությունն ո՞ւր է:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031