Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է մեկ տարի առաջ «Մուշ» ռեստորանում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ եւ Արեն Վերանյանների դատաքննությունը:
Դատաքննությունն արդեն վկաների հարցաքննության փուլում է:
Վկա Կարեն Խեչոյանը դատարանում հայտարարեց, որ հրաժարվում է իր նախաքննական ցուցմունքներից: Նա ասաց, որ դեպքի օրը ամբաստանյալների կողմից Սամվել Շարբաթյանին հարվածներ ուղղելիս չի տեսել, մինչդեռ նախաքննության ընթացքում տվել էր բոլորովին այլ ցուցմունքներ:
Կարդացեք նաև
«Քննիչն է ուղղորդել, թելադրել, ասաց, որ ընդունեմ, որ տեսել եմ ընկած վախտը քացով խփելիս, տեսել եմ զենքը ձեռներին: Թեեւ գրեցի, բայց ասեցի քննիչին, որ նման բան չեմ կարող ասել, որովհետեւ նման բան չեմ տեսել: Քննիչն ասաց, որ այդ դեպքում քրեական պատասխանատվության տակ ես մտնում, այնպես ստացվեց, որ եթե ես փոխեմ իմ ցուցմունքը,որ այդ ամենը տեսել եմ, կնշանակի, որ ես չեղած բանը իրանց վրա սարքում եմ ու դրա համար ես պատասխանատվություն եմ կրելու: Դրանից հետո ես արդեն որոշեցի, որ կգամ, դատարանում ճիշտը կպատմեմ»,-դատարանում ասաց վկա Կարեն Խեչոյանը` նկատելով, որ քննիչի «թելադրած» ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում:
Վկա Աղասի Վիրաբյանն էլ դատարանում հայտարարեց, որ դեպքի օրը երկու ընկերների հետ գնացել է «Մուշ» ռեստորան եւ հասել է այն պահին, երբ տղաները իրար հաջողություն են մաղթել եւ մեքենաներով հեռացել: Նա հավելեց, որ սպանության մասին խոսք լինել չի կարող:
«Սպանության մասին տեղեկացել եմ բազարից, թե «Մուշ» ռեստորանում սենց-սենց դեպք է պատահել: Ես մտքումս ասեցի` էնտեղ եմ եղել իրիկունը, ոնց ա, ես տենց դեպք չեմ տեսել»,-ասաց Աղասի Վիրաբյանը:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ