Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց հանրապետության ամենահամարձակ հոգևորականի` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ծննդյան 50 ու ձեռնադրման 25-ամյակը: Այն բավականին համեստ էր կազմակերպված. ի տարբերություն շատ և շատ ծննդյան արարողությունների, այն չուղեկցեց ճոռոմ, տվյալ անձին երկինք հանող ճառերով ու ուղերձներով, այլ հատվածաբար ցուցադրվեց ֆիլմ նրա մասին, որտեղ և հնչեցին հետաքրքիր գնահատականներ`ուղղված Սրբազանի գործունեությանը: Միջոցառման ամբողջ ընթացքում ելույթ ունեցան տարբեր երգիչներ, կոնսերվատորիայի ուսանողներ, պարային համույթներ: Հնչեցին հոգևոր ու հայրենասիրական երգեր: Սրբազանի պատվին երգեց նաև աշխարհահռչակ գյումրեցի տենոր Վաննո Թադեոն. ամեն ինչ կազմակերպված էր տեղի ուժերով:
Լրագրողների այն հարցին` եթե նորից ընտրելու հնարավորություն ունենար, արդյոք Միքայել Աջապահյանը կընտրե՞ր հոգևորականի կյանքը, Սրբազանն ասաց`միանշանակ: Ի դեպ, Սրբազանը ծնվել է Յոթվերք եկեղեցու բակում, նրանց տունը կպած է եկեղեցուն:
Կարդացեք նաև
Նշենք, որ Սրբազանի ծնունդը շնորհավորելու էր եկել ամբողջ մարզը` ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը իր թիմակիցների հետ, Վարդան Ղուկասյանի թիմակիցները, ՀՀԿ-ականները, պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը, մեծ թվով երիտասարդներ, մարզպետարանի ու քաղաքապետարանի աշխատակիցներ: Սակայն զարմանալի էր, որ թատրոնի դահլիճում չէին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը (նրանք ուղարկել էին իրենց երկու տեղակալներին), Շիրակի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը, ինչպես նաև բոլոր թեժ իրադարձություններին, անգամ Սպիվակովի համերգին այս նույն թատրոնի դահլիճում ժողովրդին վերահսկող Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը: Նկատենք, որ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այն եզակի հոգևորականներից է, ով երբեք չի մոռանում և ոչ բնագավառի աշխատակցի տոն, դա կլինի դատախազի, ոստիկանի, փոստատարի կամ մամուլի օրը: Նա անպայման այդ բնագավառի աշխատակիցներին հրավիրում է իր մոտ, զրուցում ու շնորհավորում: Հիշեցնենք նաև, որ Սրբազանը Սամվել Բալասանյանի ու Ֆելիքս Ցոլակյանի կազմակերպած ամենաաննշան միջոցառմանն է անգամ մասնակցում ու իր խոսքով շուք հաղորդում:
Ինչևէ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը 14 տարի շարունակ գլխավորում է Շիրակի թեմը, նա այն հոգևորականներից է, ով կալանավորի, քաղբանտարկյալի, նեղն ընկած իշխանավորի կամ հալածվող հեռուստաընկերության կողքին է: Նա անկաշկանդ հայտնում է իր կարծիքը ցանկացած իրադարձության շուրջ` առանց վախի ու ավելորդ ձևականությունների: Հիշենք միայն 2008 թվականը. նախագահական ընտրություններից հետո, երբ շատերը ուղղակիորեն վախենում էին բարևել Լևոն Տեր-Պետրոսյանին ընտրած քաղաքացիներին, գնահատել երկրի քաղաքական իրավիճակը, սրբազանը ոչ միայն հանդիպում ու լսում էր ժողովրդին, այլ համարձակ գնահատականներ էր հնչեցնում նախագահների` Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի մասին: Նա կանգնեց նաև հալածվող ԳԱԼԱ հեռուստաընկերության կողքին…
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ