Մի խումբ լրագրողներ դիմում են ներկայացրել Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին, որում վերջինիսն ուշադրությունն են հրավիրում դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ լրագրողների նկատմամբ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի վարքագծի վրա` խնդրելով կարգապահական պատասխանատվության ենթարկել նրան:
Դիմումում, մասնավորապես, ասված է. «2013թ. դեկտեմբերի 23-ին Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկից րոպեներ անց խորհրդարանի դահլիճում գտնվող չորս լրագրողներ լուռ ակցիա են իրականացրել` պաստառներ պարզելով քաղաքական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորների առջև:
Միաժամանակ, ԱԺ դահլիճի լրագրողական օթյակում մի քանի լրագրողներ նույնպես պաստառներ են բարձրացրել: Այդ քայլով լրագրողները ներկայացրել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը և կարծիքը նիստի ընթացքում քվեարկվող միջազգային համաձայնագրերի վերաբերյալ, որոնք լրագրողների կարծիքով` լուրջ սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
Լրագրողների բողոքի ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Հանրապետական խմբակցություն) բացականչել է` «էս կապիկներին էլ հանեք ստից»:
Կարդացեք նաև
Նիստն ընդմիջվել է պատգամավոր Լևոն Զուրաբյանի պահանջով: Ընդմիջումից հետո, նշված համաձայնագրերի քվեարկության ընթացքում, լրագրողական օթյակում գտնվող մեկ տասնյակից ավելի լրագրողներ շարունակել են բողոքի ձայն բարձրացնել` պաստառներ պարզելով և բռունցքներով հարվածելով օթյակը դահլիճից առանձնացնող ապակիներին:
Պատգամավոր Առաքել Մովսիսյանն այդ պահին անվայելուչ արտահայտություն է հնչեցրել` կոչ անելով հեռացնել բողոքի ձևով իրենց կարծիքն արտահայտող լրագրողներին:
Ներքոստորագրյալներս գտնում ենք, որ Առաքել Մովսիսյանը կոպտորեն խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները` Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմնում օգտագործելով անպարկեշտ բառապաշար և վիրավորելով նիստը լուսաբանող, ինչպես նաև` իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտող լրագրողների արժանապատվությունը:
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 10-րդ հոդվածը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից»:
ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվելու իր կարծիքից կամ փոխելու այն: Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ և գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից»:
Սահմանադրության մեկ այլ`47-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և օրենքները, հարգել այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը»:
Պատգամավոր Առաքել Մովսիսյանը Ազգային ժողովում ոչ միայն խախտել է Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության վերը նշված դրույթները, այլև «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է`
Պատգամավորի էթիկայի կանոններն են`
ա) հարգել օրենքը և ենթարկվել օրենքին.
բ) հարգել հանրության բարոյական նորմերը.
գ) պահպանել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերի անցկացման կարգը.
դ) իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով.
ե) չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունը ի շահ իրեն կամ այլ անձի.
զ) իր գործունեությամբ նպաստել Ազգային ժողովի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը.
է) ամենուր և ցանկացած գործունեությամբ զբաղվելիս դրսևորել պատգամավորին վայել վարքագիծ.
ը) հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, Ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, ինչպես նաև բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ պատգամավորը շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:
Առաքել Մովսիսյանը վերը նշված օրը խախտել է նշված օրենքի ա), բ), գ), զ), է), ը) կետերը:
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 24.3-րդ հոդվածի պահանջներով Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին խնդրում ենք նույն օրենքի 24.2-րդ հոդվածով սահմանված կարգով քննարկել մեր դիմումը և կարգապահական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանին, այն է`պահանջել, որպեսզի վերջինս հրապարակային ներողություն խնդրի ԱԺ նիստերի դահլիճում և լրագրողական օթյակում բողոքի ակցիա իրականացնող լրագրողներից»: