Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսի սղագրությունը

Դեկտեմբեր 27,2013 19:44

Այսօր Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը, որը տևել է շուրջ երեքուկես ժամ: Ասուլիսին մասնակցել են ավելի քան 50 զանգվածային լրատվության միջոցի գլխավոր խմբագիրներ և լրագրողներ, տրվել է ավելի քան 5 տասնյակ հարց:

Ստորև ներկայացվում է ՀՀ կառավարության ղեկավարի մամուլի ասուլիսի սղագրությունը.

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ հետ անմիջականորեն շփվելու, ձեզ հետաքրքրող հարցերին պատասխանելու այս հնարավորության համար: Ուրախ եմ նաև, որ դահլիճում գտնվում են ոչ միայն հայտնի լրագրողներ զանգվածային լրատվական դաշտից, փորձառու, հայտնի դեմքեր, այլ նաև ապագա լրագրողներ, որոնց համար սա հնարավորություն է նաև ավագ գործընկերներից սովորելու, թե ինչ է ժամանակի լրագրողի աշխատանքը և այսպիսի միջոցառումներն ինչպես են անցկացվում:

Համեցեք, կարող ենք անմիջապես անցնել հարցերին:

 

– «Շանթ» հեռուստաընկերություն –          Պարոն վարչապետ, Դուք կառավարություն եկաք 2008 թվականին, երբ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանի բնակչության 20 տոկոսը աղքատ էր, իսկ այժմ, նույնպես պաշտոնական տեղեկության համաձայն, բնակչության ավելի քան 30 տոկոսն է աղքատության պայմաններում ապրում: Դա հաշվի առնելով ինչպե՞ս կարելի է բացատրել ձեր նախարարների լավատեսությունը և նվաճումների մասին ամենամյա զեկուցումները, որոնք նաև այս տարի են առկա: Շնորհակալություն:

ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Առաջին հերթին ուզում եմ ասել, որ մեր նախարարները խոսում են ոչ միայն հաջողությունների մասին. մեր քաղաքական դաշտի, մեր կառավարության նորամուծությունն այն է, որ մենք ինքներս բաց խոսում ենք մեր բացթողումների և թերությունների և այն արատավոր երևույթների մասին, որոնք այսօր, ցավոք, դեռևս Հայաստանում առկա են: Եվ քաղաքական դաշտի այս նորամուծությունը ցույց տվեց, որ շատ ընդդիմախոսներ դրան պատրաստ չէին, որովհետև փորձ էր կատարվում «մոգոնել» ինչ-որ երևույթներ, և դա բավականին աժիոտաժային իրավիճակներ էր ստեղծում նաև լրատվական դաշտում: Այժմ անդրադառնամ ձեր բուն հարցին: Մեր կուսակցության և մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարումն է, որովհետև այն ցուցանիշների հետևում, որ դուք թվարկեցիք, հազարավոր մարդիկ են կանգնած և հազարավոր ընտանիքներ, որոնց կենսամակարդակը բավականին ցածր է: Այս խնդիրը մեր երկրում առաջացել է 1992-93 թվականներին, երբ մենք ունեցանք սոցիալ-տնտեսական կոլապս և մեր քաղաքացիների կենսամակարդակը անկում ապրեց: 1992-93 թվականներին այս ցուցանիշը մոտեցել էր 94 տոկոսին: Հետագայում զարգացումների հետևանքով  Հայաստանի Հանրապետությունում ձևավորվեց մի փոքրիկ խավ, որը կարողացավ լուծել իր սոցիալական, տնտեսական խնդիրները, բայց այս 23 տարիների ընթացքում մեզ դեռևս չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը` երկրում ձևավորել միջին խավ, որը ցանկացած քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է: Եվ եթե մենք խոսում ենք 20-30 տոկոս աղքատության ցուցանիշի մասին, պետք է հասկանանք, թե այդ ցուցանիշներն ինչպես են որոշվում, և ծայրահեղ աղքատության շեմը, միջին աղքատության շեմը ինչ ցուցանիշներ են: Այսօր ծայրահեղ աղքատության շեմը մոտավորապես 20 հազար դրամ է, իսկ աղքատության շեմը` 30 հազարից մի քիչ ավելի: Հասկանալի է, որ եթե մենք միայն այս վիճակագրական տվյալներով գնահատենք աղքատության երևույթը Հայաստանի Հանրապետությունում, ճշգրիտ պատկերը չենք ստանա, որովհետև այսօր հնարավոր չէ պատկերացնել, որ նույնիսկ 20 հազար դրամով հայ քաղաքացին կարող է իր խնդիրները լուծել: Հասկանալի է, որ եթե ավելի խիստ չափանիշներ սահմանենք, ապա ոչ միայն սննդի, այլև բարեկեցիկ կյանքով ապրելու խնդիրը ապահովելու համար Հայաստանի Հանրապետության միջին քաղաքացին ինչ եկամուտ պետք է ունենա, ապա հասկանալի կդառնա, որ խոսքը ոչ թե 32,5 տոկոսի մասին է, այլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքների քանակը առնվազն երկու անգամ ավելի շատ է, քան 32,5 տոկոսը: Մանավանդ, որ ընտանիքների մեծամասնությունը մինչև Սովետական Միության փլուզումը ապրել է ավելի բարձր կենսամակարդակի պայմաններում և, բնականաբար, այս խնդիրը համարվում է լրջագույն մարտահրավերը, որ կանգնած է մեր կառավարության առջև: Հարցը, որ դուք տալիս եք, ունի նաև հետևյալ հարթությունը. ինչպես ենք մենք լուծելու այդ խնդիրը և ինչ պետք է անենք, որ այն հիմնարար ձևով լուծվի: Առաջին հերթին դա աշխատատեղերի ստեղծումն է, ընդ որում այնպիսի աշխատատեղերի, որոնք կապահովեն բարձր աշխատավարձ: Դա նշանակում է, որ սովորական աշխատատեղերի մասին չէ խոսքը, այլ առնվազն 150 հազար դրամ եկամուտ ապահովող աշխատատեղ պետք է ստեղծվի, որպեսզի կարողանանք արձանագրել, որ իսկապես, մեր քաղաքացիների կենսամակարդակը փոխվում է: Եթե 300 հազարից ավելի ընտանիքներ այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա համար մեկ պատճառը համապատասխան վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է: Եվ սա մեր թիրախն է: Այս հինգ տարիների ընթացքում  մենք արմատական փոփոխություններ ենք կատարել, որովհետև առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մենք համարձակություն ունեցանք հայտարարելու, որ պետությունը նույնպես մասնավոր հատվածի հետ պատասխանատվություն է կրում արդյունաբերական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար: Մենք գիշերային պահակ չենք, ինչպես որ ներկայացվում էր Հայաստանի Հանրապետությունում, որ պետությունը ունի մեկ պարտավորություն` ստեղծել միայն միջավայր, և դա է գլխավոր պատասխանատվությունը, իսկ մնացածը բիզնեսի մրցակցության շնորհիվ կկարգավորվի: Այս քաղաքական փոփոխությունը կատարելու համար անհրաժեշտ է համարձակություն և մենք մեր վրա վերցրեցինք պատասխանատվության բեռը: Մենք մասնավոր հատվածի հետ մշակել ենք արդյունաբերական քաղաքականություն, մասնավոր-պետություն համագործակցության նոր պլատֆորմ և այդ պլատֆորմի հիման վրա 12 ոլորտներում իրականացնում ենք ծրագրեր, որոնք արդեն իսկ տալիս են արդյունքներ: Ես այսօր կարող եմ զեկուցել ձեզ, որ դեղագործության ոլորտը, որն առաջին ոլորտներից էր, որտեղ մենք մասնավոր հատվածի հետ ստորագրեցինք համագործակցության  համաձայնագիր, արդեն երկրորդ տարին է, ինչ արձանագրում ենք էական և շոշափելի աճ և արտահանման ծավալն էլ 2013թ. աճել է  35 տոկոսով: Մենք ստեղծում ենք ժամանակակից հեռանկարային աշխատատեղեր և սա է աղքատության խնդիրը լուծելու ռազմավարությունը: Երկրորդ կարևորագույն խնդիրը, որի լուծմամբ կարելի է պայքարել աղքատության դեմ, գիտելիքն է, կրթության հասանելիությունն է: Արմատական փոփոխությունը, որ մենք մտցրեցինք այդ թվում նաև սոցիալական քաղաքականության մեջ, հետևյալն է. այսուհետև ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող պատճառ լինել, որ մեր երիտասարդը կրթություն չստանա, այդ թվում նաև պարտադիր բարձրագույն կրթություն, միջնակարգ կրթություն, մասնագիտական կրթություն, այսինքն ցանկացած ուսումնական հաստատություն. Եթե աղքատ ընտանիքի երիտասարդը ընդունվում է, ապա պետությունը երաշխավորում է, որ նա կարող է կրթություն ստանալ: 2014 թվականի համար արդեն 4,5 հազար երիտասարդների համար մենք ֆինանսական միջոցներ ենք հատկացրել պետական բյուջեում, և ուսումը հասանելի է լինելու բոլորի համար: Աղքատություն ծնող հիմնական պատճառները այս երկուսն են` աշխատատեղերի բացակայությունը, աշխատանքի անհասանելիությունը և կրթությունը, և հենց այս երկու խնդիրն էլ մենք լուծելու ենք: Այն ծրագրերը, որ արդեն սկսել ենք իրականացնել, արդյունք տալիս են և շոշափելի արդյունք տալու են ապագայում:

-Միր հեռուստաընկերություն – Հարցս վերաբերում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղուն: Կարծես թե վերջին մեկ տարվա ընթացքում շինարարական աշխատանքներն դադարել էին և ակտիվացան կես տարի առաջ: Որն էր դրա պատճառը և երբ կավարտվեն մայրուղու շինարարական աշխատանքները:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Ձեր թույլտվությամբ հայերեն կպատասխանեմ: Ես համաձայն եմ ձեզ հետ, որ իսկապես հյուսիս-հարավ ճանապարհի շինարարական աշխատանքները ձգձգվեցին, և պատճառներ կային: Որո՞նք են դրանք: Հայաստանի Հանրապետությունում նման ճանապարհների կառուցման փորձ չի եղել, նույնիսկ Սովետական միության տարիներին: Ժամանակակից ավտոճանապարհների կառուցումը ենթադրում է, որ Հայաստանի կառավարությունը, համապատասխան նախարարությունները առաջին հերթին պետք է ձևավորեն այդպիսի կարողություններ: Պարզվեց, որ այստեղ մենք ունենք գիտելիքի և փորձի պակաս, ինչն էլ զգացվում էր Ասիական բանկի համագործակցության բոլոր փուլերում: Ով պետք է  իրականացներ մրցույթի հայտարարման ձևաչափը, տեխնիկական առաջադրանքի մշակումը, նոր ճանապարհների որակական չափանիշների հսկողությունը միջազգային ինչ ստանդարտներ պետք է ընտրենք և այդ ստանդարտների տեխնիկական հսկողությունը: Այս բոլոր հարցերում մենք ունենք բացեր: Առաջին հերթին ուշադրություն էինք դարձնում այն հանգամանքի վրա, որ պետք է ձևավորենք մեր ազգային կարողությունները: Երկրորդ, մրցույթի ժամանակ բազմաթիվ խնդիրներ առաջացան հաղթող ընկերության որոշման գործում: Կային տարաձայնություններ Ասիական բանկի մասնագետների հետ: Դրա արդյունքում մենք ստիպված եղանք հստակեցնել պահանջները մրցույթի մասնակիցների նկատմամբ և այս պատճառով գործընթացը ձգձգվեց: Արդյունքում հաղթող ճանաչվեց իսպանական մի հայտնի ընկերություն, որն էլ սկսեց աշխատանքների իրականացումը: Աշխատանքների իրականացման ընթացքում էլ բազմաթիվ խնդիրներ առաջացան և մեր հիմնական բացահայտումները վերաբերում էին ճանապարհների որակին, որովհետև մենք առաջին անգամ կառուցում ենք ժամանակակից ավտոճանապարհ, որտեղ  արագությունը պետք է լինի միջինը 120 կմ/ժ, իսկ դա նշանակում է, որ որակական հատկանիշները ունենալու են էական նշանակություն: Մենք նախապատվությունը տվեցինք այդ որակական չափանիշներին, ինչի արդյունքում էլ շինարարական աշխատանքները սկսվեցին մեկ տարի ուշացումով: Այսօր մենք կարող ենք մեր քաղաքացիներին և ձեզ զեկուցել, որ շինարարական աշխատանքները 2013թ. արդեն սկսվել են և 2014թ. ակնկալում ենք մեծածավալ աշխատանքներ այդ ուղղությամբ:

          «Առավոտ.am» –     Հաշվի առնելով այն, որ քիչ առաջ ռուսերեն տրված հարցին դուք, բարեբախտաբար, հայերեն պատասխանեցիք, ուզում եմ հիշեցնել, որ «Լեզվի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պաշտոնատարների պաշտոնական լեզուն հայերենն է, բայց, մասնավորապես, սեպտեմբերի 3-ի Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է ռուսական կողմ, լինի ուղղակի հուշարձանի բացում, թե համատեղ ասուլիս, Դուք խոսում եք ռուսերեն: Պարոն վարչապետ, ինչո՞ւ եք անտեսում «Լեզվի մասին» օրենքի այդ դրույթը: Շնորհակալություն:

          ՀՀ վարչապետ  Տիգրան Սարգսյան Շնորհակալություն հարցի համար: Խոստանում եմ, որ այսուհետև ավելի ուշադիր կլինեմ այդ հարցի վերաբերյալ: Համաձայն եմ ձեր դիտարկումների հետ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ մեկ հանգամանքի վրա ձեր ուշադրությունը հրավիրել. ձեր հիշատակած միջոցառումից առաջ ես բազմաթիվ հրապարակային ելույթներ եմ ունեցել անգլերեն,  և որևիցե մեկը ինձ դիտողություն չի արել, թե ինչու եմ իմ հրապարակային ելույթներն անգլերեն կառուցում: Ես զգում եմ, որ ռուսերենի նկատմամբ կա առանձնահատուկ մոտեցում: Դա օբյեկտիվ է և հասկանալի, որովհետև անգլերենի տարածվածությունը այդքան մեծ չէ մեր հանրության մեջ և կարծես թե անգլերենի իմացությունից վտանգ մեր հասարակությունը չի զգում այն  պարագայում, որ Սովետական տարիներին ակնհայտ էր, որ ռուսերենը գերիշխում էր և շատ տեղերում  հայերենը զիջել էր իր դիրքերը, և այդ հիշողությունը, իհարկե, պահպանում է զգոնությունը, որ մենք պետք է ուշադիր լինենք մեր մայրենիի նկատմամբ և ես նույնպես ապագայում ավելի ուշադիր կլինեմ այդ հարցին:

          -«Ազատություն» ռադիոկայան – Պարոն վարչապետ, դեռևս այս տարվա մարտին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նախագահը նշել էր, որ եթե 2013-17թթ. ընթացքում ամեն տարվա կտրվածքով կառավարությունը չապահովի 7 տոկոսի տնտեսական աճ, պետք է հրաժարական տա: Ձեր կառավարությունը, ձեր գլխավորությամբ, ինչպե՞ս է  արձագանքում այս հայտարարությանը: Շնորհակալություն:

          ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շնորհակալություն: Այս հարցն այսօր լրատվական միջոցներում շատ է քննարկվում, տարբեր մեկնաբանությունների,  քաղաքական տարբեր գնահատականների տեղիք է տալիս: Կարծում եմ, առաջին հերթին հենց հանրապետության նախագահն այս հարցին տվել է իր հստակ պատասխանը և բացատրությունը: Մեր քաղաքական թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի խիստ թիրախային ցուցանիշ: Դրա նպատակն այն է, որպեսզի կառավարության անդամներն առավելագույնն անեն մեր երկրի տնտեսական աճն ապահովելու գործում: Եթե ուշադրություն եք դարձրել, այն ցուցանիշները, որ մենք ներկայացրել ենք Ազգային Ժողովին պետական բյուջեի նախագիծը ներկայացնելու ժամանակ, մակրոտնտեսական ցուցանիշները հիմնավորելով, մի փոքր շեղվում են քաղաքական թիրախից, որովհետև մենք ունենք մի կողմից կոնկրետ ցուցանիշներ, որոնք միջին ժամկետ ծախսային ծրագրի հիմքում են ընկած, մեր մակրոտնտեսական ցուցանիշների հիմքում, որոնց հիման վրա մենք մշակում ենք պետական բյուջեն և դա տնտեսական հարթության մեջ գտնվող վարժություններ են: Մյուս հարթությունը քաղաքականն է, որտեղ մեր թիմի ղեկավարը մեր առջև դրել է ավելի բարձր քաղաքական թիրախներ: Հասկանալի է, որ այդ թիրախներին հասնելու համար մենք առավելագույն ջանքեր պետք է գործադրենք և պետք է հետագայում ներկայացնենք հաշվետվություն, թե որոնք են այդ ցուցանիշներին հասնելու մեր գործադրած ջանքերը, որոնք են օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են այդ ցուցանիշների վրա և, բնականաբար, այդ հաշվետվությունը մենք կներկայացնենք  նաև հանրությանը. կոնկրետ 2013թ. ցուցանիշը ինչպիսին է լինելու, որոնք են հիմնական այն ոլորտները, որոնք ապահովել են աճի բարձր ցուցանիշները, որոնք են այն ոլորտները, որտեղ դեռևս մենք ունենք ավելի վատ ցուցանիշներ. կփորձենք ձեզ հետ միասին  մանրամասն վերլուծել օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքները, որոնք խանգարում են կառավարությանը ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշներ ապահովելու գործում:

«Արմենպրես» լ/գ – Պարոն վարչապետ, Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը, կարելի է ասել, տարվա տնտեսական կարևորագույն իրադարձություններից էր: Սակայն այդ իրադարձության տնտեսական օգուտների մասին հնչել են, կարելի է ասել, միայն էքսպերտային գնահատականներ: Դուք առավել առարկայական կներկայացնե՞ք, թե ինչ կտա այդ որոշումը Հայաստանի տնտեսությանը գլոբալ առումով և շարքային քաղաքացուն ինչ օգուտ կարող է դա բերել: Եվ զարգացումներն այդ իմաստով. ի՞նչ կարելի է ակնկալել «ճանապարհային քարտեզի» հաստատումից, որո՞նք են լինելու հաջորդ քայլերը: Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մաքսային միությանն անդամակցության որոշումն ընդունելիս մենք քաջ գիտակցում ենք, որ սա բազմագործոն երևույթ է: Այսինքն՝ կան բազմաթիվ գործոններ, որոնք կունենան դրական ազդեցություն մեր տնտեսության վրա, սոցիալական, մշակութային կյանքի, կենսամակարդակի վրա: Կան գործոններ, որոնք կունենան բացասական ազդեցություն, և բնականաբար, կառավարությունն իրականացրել է այդպիսի մեծածավալ վերլուծական աշխատանք: Դա նաև եղել է բանակցությունների առարկան Մաքսային միությանն անդամակցող երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ բոլոր գործոնների վերլուծությունը մեզ բերել է այն եզրահանգման, որ Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից, մեր տնտեսության շահերից և մեր քաղաքացիների շահերից: Առաջին հերթին մենք հնարավորություն ենք ունենում մուտք գործել մի մեծ շուկա, որտեղ հայկական ապրանքները և ծառայությունները կարող ենք իրացնել: Դա նաև նշանակում է, որ մեր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելացնելու իրենց հզորությունները և վստահ լինելու, որ վաղը-մյուս օրը իրենք խոչընդոտ չեն ունենալու այդ շուկայից օգտվելու համար: Հարցը, որ մեզ մշտապես տալիս են, հետևյալն է. ինչո՞ւ այդ որոշումը չենք կայացրել երեք տարի առաջ, երբ Մաքսային միությունը ձևավորվում էր: Մեր ընդհանուր ըմբռնումն այն էր, որ միասնական տարածքի բացակայությունը Մաքսային միության երկրների հետ լրջագույն խոչընդոտ է Մաքսային միությանն անդամակցելու հարցում: Ընդ որում, այդ ընկալումն ունեին ինչպես մեր ռուս գործընկերները, այնպես էլ մենք: Հետագայում այդ երեք տարիների փորձը և մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ մեզ բերեցին և կանգնեցրին մի խնդրի առջև: Երբ մենք միջկառավարական հանձնաժողովում մեր ռազմավարական գործընկերոջ հետ հաստատում էինք սոցիալ-տնտեսական համագործակցության նոր ծրագիրը, այդ ծրագրում հայտնվեցին բազմաթիվ կետեր, որտեղ հղում էր կատարվում Մաքսային միությանը, և Ռուսաստանի Դաշնությունը չէր կարող միակողմանի իր վրա պարտավորություններ ստանձնել այդ համագործակցության բնագավառում: Երբ մենք մեր գործընկերներին ասում էինք՝ չէ՞ որ սա երկկողմ համաձայնագիր է, և մենք չենք ուզում, որ դրա իրականացումը պայմանավորված լինի այլ երկրներից համաձայնություն ստանալու հետ, մեր ռուս գործընկերները հիշատակում էին միջազգային պայմանագրերը, որոնք նրանք ընդունել են, որ այդ իրավասություններն այլևս իրենց չեն պատկանում: Դա ստեղծում էր մեզ համար լրջագույն խնդիրներ, և պարզվում էր, որ որքանով Մաքսային միությունը կհզորանա և կուժեղանա, այնքանով պատնեշ է ստեղծվելու Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների միջև: Այդ պատնեշի հաղթահարումն էլ ենթադրում էր լրացուցիչ նոր գործիքների ստեղծում: 2012 թվականի օգոստոսին Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո եղավ քաղաքական հայտարարություն՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունների ինտեգրացիոն գործընթացները և հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի միասնական տարածք Մաքսային միության հետ, հանձնարարվեց ՀՀ կառավարությանը և ՌԴ կառավարությանը ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի նոր գործիքակազմ, որը հաշվի է առնում այս հանգամանքը: Այսինքն՝ սա առաջին արձագանքն էր այն խնդիրներին, որոնք առաջանում էին երկկողմ հարաբերություններում: Աշխատանքային խումբն ստեղծվեց, էկոնոմիկայի նախարարներն էին ղեկավարում այն, և օրակարգում հենց այս հարցերն էին. ինչպե՞ս  մենք կարող ենք հայկական բիզնեսի համար ստեղծել այնպիսի հնարավորություններ, որ նրանք չհանդիպեն խոչընդոտների իրենց ապրանքներն ու ծառայությունները Ռուսաստանում իրացնելիս: Այդ քննարկումները բավական երկար տևեցին, և հիմնական խոսակցությունը մաքսազերծման գործընթացների մասին էր, տեխնիկական կանոնակարգերի, անվտանգության կանոնների, լիցենզավորման գործընթացների. այս հարցերի մեծամասնությունն այլևս Ռուսաստանի Դաշնության կառավարությունը չէր կանոնակարգում և չէր կարգավորում, որից հետո  ակնհայտ դարձավ, որ մենք պետք է քննարկենք, որ եթե այդ կանոնները մենք միակողմանի հաստատենք Հայաստանի Հանրապետությունում, ապա ինչ միջավայր կարող է ստեղծվել: Դրանից հետո մենք սկսեցինք Մաքսային միության կանոնների ներդրմանն առնչվող բացասական կողմերի շուրջ քննարկումը: Առաջին և կարևորագույն խնդիրը, որ մեզ մտահոգում էր, մաքսատուրքերի բարձր մակարդակն էր: Հայաստանը վերջին 20 տարվա ընթացքում իրականացրել է լիբերալ քաղաքականության սկզբունքներով մաքսային օրենսդրության ստեղծում և ներդրում, և մեր դրույքաչափերը շատ ցածր էին: Միջին կշռված դրույքաչափերը երրորդ երկրներից ապրանքների ներմուծման պարագայում մեզ մոտ կազմում էր 2.5 տոկոս, երբ որ Մաքսային միությունում այն 7 տոկոս էր: Դա նշանակում էր, որ որոշ ապրանքատեսակների մաքսատուրքերը մենք պետք է բարձրացնենք, իսկ դա նշանակում է գնաճային ճնշումներ, իսկ գնաճային ճնշումները, ինչպես մենք գիտենք, զսպում են տնտեսական աճը: Եվ սա թիվ մեկ պրոբլեմն էր, որը մենք քննարկում էինք մեր գործընկերների հետ, որ եթե մենք գնանք այդ ճանապարհով, ապա մեզ անհրաժեշտ է լինելու լրացուցիչ օժանդակություն, որպեսզի այդ անցումն այդ միասնական կանոններին քիչ ցավ պատճառի մեր տնտեսությանը և տնտեսական անկման չհանգեցնի: Մանավանդ որ 2013 թվականին մենք տեսանք դրա առարկայական հետևանքները, թե գազի, էլեկտրաէներգիայի գների բարձրացումն ինչ բացասական ազդեցություն է թողնում տնտեսական աճի վրա: Մենք 2013 թվականին արձանագրեցինք, որ միայն այդ երկու ապրանքատեսակների գների բարձրացումը մեր տնտեսության վրա թողնում է շուրջ 1 տոկոսանոց զսպում: Դա նշանակում է, որ սա ցավոտ կետերից էր, որ մենք պետք է բանակցեինք մեր գործընկերների հետ: Փառք Աստծո, մեր բանակցությունների ընթացքում գտանք ընդհանուր եզրեր, թե ինչպես մեր գործընկերները կարող են մեզ օժանդակել այս խնդիրը լուծելու հարցում:

Երկրորդ խնդիրը, որ նույնպես էական էր մեզ համար, ինչպես են ապրանքները Հայաստանի Հանրապետությունից հայտնվելու Մաքսային միության տարածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք չունենք ընդհանուր սահման, իսկ դա նշանակում է, որ ապրանքների արտահանման ժամանակ մեր բիզնեսմենները հանդիպելու են մաքսավորին, և մաքսազերծման գործընթացներ են տեղի ունենալու: Սա երկրորդ կարևորագույն հանգամանքն էր, որը մեզ հնարավորություն չէր տալիս երեք տարի առաջ հայտարարել, որ տրամաբանական է դառնալ Մաքսային միության անդամ: Այստեղ էլ մեզ ներկայացվեց այն նոր գործիքակազմը, որը կիրառվում էր, մասնավորապես, Կալինինգրադի համար, թե այդ ապրանքները տրանզիտով ինչ եղանակով են հատում հարևան պետության սահմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտը չունենա որևիցե խնդիր մաքսային ծառայությունների հետ, և հեշտացված ընթացակարգ լինի: Այդ ընթացակարգերի քննարկումներն էլ մեզ ցույց տվեցին, որ այստեղ էլ կունենանք բավական դրական ազդեցություն, ավելի հեշտացված ընթացակարգեր կգործեն մեր ապրանքաշրջանառության բնագավառում, քան այսօր գործում են: Սա էլ երկրորդ կարևորագույն խոչընդոտն էր: Այս խնդիրների լուծումները մենք գտանք, և դա արդեն  հնարավորություն տվեց մեզ ավելի լիաթոք սկսել բանակցություններն այլ գործիքների վերաբերյալ, այն դրական միտումներով, որ կարող ենք ունենալ Մաքսային միությանն անդամակցելով: Մեր քաղաքացիների համար դա առաջին հերթին պետք է զգացվի նրանով, որ Մաքսային միությանն անդամակցելն ստեղծում է կայուն տնտեսական աճի հիմքեր, երկրորդը՝ որ ըստ մեր պայմանավորվածությունների՝ մեծածավալ ուղղակի ներդրումներ են լինելու, և դուք երևի տեղյակ եք, որ ընդամենը օրերս ստորագրվեց մի կարևորագույն համաձայնագիր «Ռոսնեֆտ»-ի հետ, որը ենթադրում է մեծածավալ ներդրումներ Հայաստանում, և դա էլ հենց Մաքսային միությանն անդամակցելու արդեն առաջին արդյունքն է, որովհետև այդ նախագիծը չէր կարող իրականություն դառնալ առանց Մաքսային միությանն անդամակցելու, որովհետև հիմնական շուկան, որտեղ իրացվելու է արտադրանքը, որն արտադրվելու է Հայաստանում, հենց Մաքսային միության տարածքն է: Բնականաբար, նման մեծածավալ ներդրումները, որոնց կարիքը Հայաստանի Հանրապետությունն ունի, շարունակվելու են: Բնականաբար, դա աշխատատեղերի ստեղծում է, տնտեսական աճն է, սոցիալական վիճակի բարելավում է նշանակելու մեր քաղաքացիների համար: Շնորհակալություն:

«Հ2» հ/ը – Պարոն վարչապետ, շատ է գրվում և խոսվում առկա դժգոհության մթնոլորտի մասին: Չգիտեմ, որքանով է ճիշտ, խոսում են, թե փոխնախարարի և ավելի ցածր պաշտոնյաների մակարդակով նույնիսկ դժգոհություն կա: Ուզում եմ հասկանալ, արդյոք Հայաստանի կառավարությունը և անձամբ Դուք համակարծիք եք այս տեսակետին. եթե այո, ի՞նչ եք մտածում վստահության վերականգնման ուղղությամբ, որովհետև այդ ֆոնին մի տեսակ արված լավն էլ չի երևում, ստվերվում է: Շնորհակալություն:

 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան- Համաձայն եմ Ձեզ հետ, որ լավատեսությունն այսօր իր տեղը զիջել է, ցավոք սրտի, հոռետեսական գնահատականներին: Այստեղ, կարծում եմ, զանգվածային լրատվության միջոցներն էլ, իհարկե, անելիք ունեն: Առաջին հերթին մենք պետք է հասկանանք, թե օբյեկտիվ պատճառները որոնք են, որ ծնում են դժգոհություն: Մենք պարտավոր ենք անկեղծ խոսել առկա արատավոր երևույթների մասին, որպեսզի կարողանանք հաղթահարել դրանք: Եթե իշխանությունը հրապարակային խոստովանում է, որ այդպիսի պրոբլեմներ կան, այդպիսի երևույթներ կան, և այդ երևույթների դեմ պայքարելու միակ ձևը դրանց մասին բացահայտ խոսելն է, դա ամենևին չի նշանակում, որ մեր կյանքում չկան դրական տեղաշարժեր, դրական երևույթներ, որոնք մեր ուշադրությունից վրիպում են: Երկրորդ հանգամանքը կա, որ իրավիճակն այդքան վատ չէ, որքան ներկայացնում են զանգվածային լրատվության միջոցները: Սա նշանակում է, որ մենք կոմունիկացիայի խնդիր ունենք, և 2014 թվականին մենք պետք է երկխոսության ճանապարհով գտնենք այդ խնդիրների լուծման ուղիները: Այս փաստն արձանագրվեց հերթական հարցումներից հետո, որը մենք եռամսյակը մեկ անգամ ներկայացնում ենք մեր կայքէջում, և որը դառնում է նաև Ազգային ժողովի քննարկման առարկա: Հիշում եք, որ մեր ընդդիմախոսները մեջբերումներ են անում այդ հարցումների արդյունքներից, թե քաղաքացիներն ինչպես են գնահատում կառավարության գործունեության արդյունավետությունը, որ ոլորտներն են նրանք համարում առավել կոռումպացված, որ ոլորտներում ենք մենք ետնահանջ արձանագրում: Այս բոլոր հետազոտության արդյունքները հրապարակային ենք մենք դարձնում: Հենց այդ արդյունքների մեջ էլ արձանագրվել է հետևյալ փաստը. երբ մեր քաղաքացիները գնահատում են իրենց կենսամակարդակը, իրենց տնտեսական վիճակը, իրենց բարեկամների վիճակը ընթացիկ տարում, նրանք արձանագրում են դրական միտումներ: Բայց երբ մեր քաղաքացիներին հարցնում են՝ իսկ ձեր համայնքում, ձեր քաղաքում կամ երկրում ինչպիսի՞ն է վիճակը, ապա գնահատականները միանշանակ բացասական են: Իսկ դա նշանակում է, որ կա խզվածություն: Չի կարող այդպես լինել, որ հարցվողների ճնշող մեծամասնությունը գտնում է, որ իր վիճակը լավացել է, բայց երկրի վիճակը՝ վատացել: Սա նշանակում է, որ մենք կոմունիկացիայի բնագավառում ունենք լրջագույն խնդիր, որ ձեզ հետ պետք է աշխատենք: Եվ կա երրորդ հանգամանքը, որը բնորոշ է անցումային երկրներին. մեր քաղաքացիների սպասումները կառավարությունից շատ բարձր են, և երբ մենք չենք կարողանում բավարարել այդ բարձր սպասումները, բնականաբար, լինում է հիասթափություն և այդպիսի բացասական տրամադրվածություն: Մեզ բոլորիս պակասում է լավատեսությունը:

«1in.am» լ/կ – Պարոն վարչապետ, Դուք Ձեր պաշտոնավարման առաջին շրջանի առաջին տարիներին հայտարարեցիք, թե պայքարելու եք օլիգոպոլիաների դեմ, նույնիսկ որոշակի օրինագծեր ներկայացրիք Ազգային ժողով՝ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի ստեղծումը, շքեղության հարկի հետ կապված օրինագիծը, հայտարարագրման մասին օրինագիծը: Բայց կարծես թե Ձեր այդ պայքարը չհաջողվեց, և միջազգային կառույցներն էլ են նաև փաստում, որ մեր տնտեսության հիմնական խանգարող հանգամանքներից է օլիգոպոլիաների, մոնոպոլիաների առկայությունը: Ու նաև մեկ քաղաքական հարց. կարծիք կա, որ ընտրություններից անմիջապես հետո սկսվում են հաջորդ ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Այս առումով շատ ակնհայտ են նորից Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների առճակատումը և Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի մասին քննարկումները: Այդ մասով շեշտվում է նաև Ձեր՝ թեկնածու լինելու հանգամանքը, Ռոբերտ Քոչարյանի՝ նորից քաղաքականություն մուտք գործելու հանգամանքը: Այդ մասով ի՞նչ քննարկումներ կան Հանրապետական կուսակցությունում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Մեր կառավարության ծրագրում մատնանշված է մի կարևորագույն քաղաքական դրույթ. ո՞ր դեպքում մենք կհամարենք, որ մեր հինգ տարվա գործունեության ծրագիրն ավարտվել է հաջողությամբ: Այդ կետը վերաբերում է հենց մրցակցային դաշտին, վերաբերում է օլիգոպոլիաներին: Եթե այս հինգ տարվա ընթացքում մեզ չհաջողվի էական փոփոխություն արձանագրել այդ բնագավառում, ապա մենք կհամարենք, որ ունենք լրջագույն բացթողում: Իսկ օլիգոպոլիաների նկատմամբ այդ պայքարը հեշտ պայքար չէ, որովհետև Սովետական Միության փլուզումից հետո մեր տնտեսական համակարգն ամբողջությամբ փլուզվեց, և այն ոլորտները, որտեղ տեղի ունեցան վերականգնում, աճ, գտնվում են մի փոքր խմբի վերահսկողության և սեփականության ներքո: Սոցիալական բևեռվածությունն այսօրվա մեր կյանքում ունի էական ազդեցություն բոլոր երևույթների, այդ թվում նաև տնտեսական երևույթների վրա: Դրա համար էլ մենք ասում ենք՝ այո, օլիգոպոլիաների խնդիր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում, և դա հաղթահարելու ռազմավարությունն այն է, որ, մի կողմից, մենք պետք է օլիգոպոլիաները դնենք որոշակի չափանիշների ներքո, հսկողության տակ, և օրենքները տարեցտարի նրանց նկատմամբ պետք է խստացնենք, մյուս կողմից՝ պետք է ստեղծենք փոքր և միջին բիզնեսի զարգացման ավելի լայն  դաշտ: Մենք որպես պետություն ապագա կարող ենք ունենալ, եթե Հայաստանում ձևավորվի միջին խավ՝ փոքր և միջին բիզնեսի զարգացման ճանապարհով: Եթե այս խնդիրը չլուծենք, մենք կվտանգենք մեր պետության ապագան: Սա այն քաղաքական թիրախն է, որ մեր ծրագրում արտացոլված է: Ունենք հաջողություն օլիգոպոլիաների դեմ պայքարում, թե չունենք, դուք ավելի լավ կարող եք դատել: Երբեմն այդ պայքարը թեժանում է, և մենք դա միանգամից տեսնում ենք, մասնավորապես, այն զանգվածային լրատվության միջոցների հարձակումներից, որոնք ֆինանսավորվում են օլիգարխների կողմից: Եվ մենք տեսնում ենք, որ երբ հարձակումները կառավարության վրա ուժեղանում են, դա նշանակում է, որ ինչ-որ ցավոտ կետի ենք կպել, և այդտեղ պետք է ռեֆորմները հասցնենք տրամաբանական ավարտին: Երբեմն տեսնում ենք, որ հանդարտություն է իշխում, ուրեմն նշանակում է, որ ինչ-որ բան սխալ է, ուրեմն ինչ-որ տեղ մենք մեր աշխատանքում թերացել ենք, եթե տեսնում ենք, որ այդ ուժերի կողմից քննադատություն չկա կառավարության, վարչապետի հասցեին: Արմատական լուծումը պետք է լինի հետևյալը. էթիկայի հանձնաժողովի ստեղծումը մեկ նպատակ է հետապնդում, որ քաղաքականությամբ զբաղվելը չլինի տնտեսապես ձեռնտու, որ մարդիկ չգան քաղաքական դաշտ միայն մի նպատակով՝ հովանավորելու իրենց բիզնեսը: Ինչպե՞ս պետք է մենք այս խնդիրը լուծենք: Առաջին, պետք է հստակ չափանիշներ լինեն, որոնք չկային, ցավոք սրտի, Հայաստանում, թե ինչպես ենք մենք իրացնում սահմանադրական այն դրույթը, որ նախարարները և պատգամավորները իրավունք չունեն զբաղվելու բիզնեսով: Այդ նորմը Սահմանադրության մեջ կար, բայց օրենսդրական մեխանիզմներ, թե ինչպես ենք այդ նորմն իրացնելու, չկային: Առաջին քայլը մենք կատարեցինք՝ ընդունելով օրենք «Էթիկայի հանձնաժողովի մասին» և թիրախավորելով 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց: Նախկինում հայտարարագրեր ներկայացնում էր շուրջ 18 հազար պետական ծառայող, և այդ համակարգն անարդյունավետ էր, որովհետև ո´չ հասարակությունը, ո´չ պետական մարմինները չէին կարող վերահսկել, թե այդ 18 հազար պաշտոնյաներն իրենց եկամուտների հայտարարագրերը ճիշտ են ներկայացրել, թե ոչ: Դրա համար մենք որոշեցինք հրաժարվել այդ հին մոդելից և սկսել 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանցից: Ավելին, մենք որոշում կայացրեցինք, որ այդ հայտարարագրերը լինելու են հրապարակային, որպեսզի դուք հնարավորություն ունենաք վերահսկել վարչապետին. երբ նա դարձավ վարչապետ, ինչ եկամուտ ուներ, և ինչ՝ երբ ավարտվեց նրա վարչապետության շրջանը: Կարևորագույն գործիքը և գործոնը, որ ազդելու է մեր քաղաքական դաշտի վրա, հրապարակային վերահսկողությունն է քաղաքական գործիչների նկատմամբ և առաջին հերթին հենց այդ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Այդ համակարգը ներդրել ենք, և մենք ապագա երեք տարիների ընթացքում մտադիր ենք ուժեղացնել էթիկայի հանձնաժողովը, հստակեցնել նրա գործառույթները, նրան տրամադրել լրացուցիչ գործիքներ և հնարավորություններ, որպեսզի նա կարողանա արձագանքել հրապարակային մեղադրանքներին, ահազանգերին, որ գալիս են զանգվածային լրատվության միջոցների կամ քաղաքական գործիչների կողմից, և հրապարակային հանրությանը ներկայացնի տեղեկություն, թե արդյոք այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: Այս ճանապարհով մենք մտադիր ենք գնալ առաջ և պետք է լինենք վճռական: Այստեղ, իհարկե, մեզանից պահանջվելու է քաղաքական կամքի դրսևորում:

Ինչ վերաբերում է 2017, 2018 թվականների ընտրություններին, ապա ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր քաղաքական թիմն այդ հարցը չի քննարկել, մեր օրակարգում այդ հարցը չի եղել, և երբ մեր թիմն այդ հարցը կքննարկի, բնականաբար, մենք ձեզ տեղյակ կպահենք արդյունքների մասին:

Առաջին լրատվական – Շնորհակալություն հարց տալու հնարավորության համար: Մի փոքր խոսենք գազային համաձայնագրերից, այդ առնչությամբ՝ հարցերի մի խումբ. առաջին՝ ինչու մենք չենք բանակցում Իրանի հետ՝ հաշվի առնելով դեսպանի հայտնի հայտարարությունը, երկրորդ՝ ինչու երկու տարի շարունակ կառավարությունը պնդում էր, որ գազի սակագինը չի ավելացել, երրորդ՝ ով և ինչպես է որոշել, որ ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասն արժե 150 մլն դոլար և ինչով է պայմանավորված Գազպրոմին ինչ որ արտոնություններ տալը: Շնորհակալություն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան- Շնորհակալություն: Վերջին օրերին այս թեմայի քննարկման պակաս չի եղել: Առաջին, ուզում եմ ասել, որ գազի պայմանագրերը հաջողված պայմանագրեր են, որովհետև դրանք ստորագրելով Հայաստանի Հանրապետությունը ստացել է արտոնյալ պայմաններով գազ ստանալու հնարավորություն: Առաջին հերթին դա նշանակում է, որ մեր քաղաքացիները և մեր տնտեսություն վարող սուբյեկտները երաշխավորված են նրանից` որ այն թանկացումները, որոնց առնչվում էին Մոլդովան, Ուկրաինան, Բելառուսը:  Մենք երաշխավորված ենք, որ գազի գների էական տատանումները Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու և այս պայմանագրերը արձանագրել են խաղի կանոնները: Ցավոք սրտի, այս համաձայնագրերի քննարկման ժամանակ շատ մեծ էր սպեկուլյացիան, որի պատճառով էությունը մի կողմ դրվեց: Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այս պայմանագրերի քաղաքական բովանդակությունը: Չեմ կարծում որ իրավաբանական պայմանագրի դրույթների քննարկումը կարող է էական նշանակություն ունենալ մեր քաղաքացիների կամ բիզնեսի համար: էական նշանակություն ունի բովանդակությունը. ինչի շուրջ ենք մենք բանակցել մեր ռուս գործընկերների հետ և ինչ համաձայնությունների ենք հանգել: Առաջին և կարևորագույն համաձայնությունը եղել է հետևյալը. մոտակա հինգ տարիների ընթացքում գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու է հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության գազի գինն իր ներքին սպառողի համար: Դա նշանակում է, որ 30 տոկոսանոց մաքսատուրքերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների համար չեն կիրառվելու: Սա մեր բանակցության բուն առարկան էր: Սա մեկ: Երկրորդ՝ ինչպես էր բանակցվում սակագինը և ինչու այս երեք տարիների ընթացքում մենք չէինք կարողանում հայտարարել մեր քաղաքացիներին, թե վերջիվերջո այս սակագինն այդ երեք տարիների համար ինչպիսին էր: Այն պարզ պատճառով, որ Գազպրոմ ընկերության կողմից մեզ առաջարկված սակագները մեզ համար անընդունելի էին և այն բեռը, որ պետք է դրվեր մեր քաղաքացիների, տնտեսվարող սուբյեկտների վրա, այնպիսի բեռ էր, որ մենք ի վիճակի չէինք լինելու այդ բեռի տակից դուրս գալ, որովհետև 1000 խմ մետր գազի համար 180-ից հասնել 270 դոլարի մեզ համար, մեր տնտեսության համար կլիներ ուղղակի կործանարար: Իսկ մեզ առաջարկվում էր հենց այդ գինը ժամանակի ընթացքում: Ամեն տարի գազի գինը պետք է բարձրանար՝ հասնելով 310, 340 դոլարի սահմանի վրա, որը հասկանալի է՝ մեզ համար անընդունելի էր: Բանակցությունների այդ երեք տարիների ընթացքում քննարկվել են բազմաթիվ ձևեր, եղանակներ, մեթոդներ, թե ինչպես կարելի է այս խնդիրը լուծել, որպեսզի մեր սպառողների վրա գազի էական թանկացումներ չլինեն: Այդ բանակցությունները հնարավոր եղավ ավարտել միայն այս տարի և մենք բոլոր հարցերի շուրջ եկանք համաձայնության: Հասկանալի է, որ Գազպրոմի և ՀայՌուսգազարդի հարաբերություններում առաջացել էին իրավական խնդիրներ, քանի որ Ռուսաստանի Գազպրոմը ՀայՌուսգազարդին մատակարարել էր այն գներով, որոնք իրենք որպես երկու տնտեսվարող սուբյեկտներ իրար հետ պայմանավորվել էին, բայց այդ պայմանավորվածություններին դեմ էր կառավարությունը: Դա էր պատճառը, որ կառավարությունը որոշում ընդունեց և կարգավորող հանձնաժողովին՝ Ռոբերտ Նազարյանին, խնդրեց, որպեսզի այդ սակագները կիրառվեն 30 տոկոսանոց զեղչով, քանի որ մենք բանակցությունների ընթացքում արդեն համաձայնության էինք գալիս, որ մեր նկատմամբ կիրառվելու են որոշակի զեղչեր: Այդ տարիների ընթացքում այն պարտքերը, որ կուտակել էր ՀայՌուսգազարդը Գազպրոմի նկատմամբ դարձավ խնդիր, որը պետք է մենք լուծեինք: Քաղաքական համաձայնությունն այն էր, որ այդ խնդրի 50 տոկոսն իր վրա վերցրեց Ռուսաստանը, 50 տոկոսը՝ մենք: Իհարկե, ցանկալի էր, որ մենք այդ լուծումն այնպես տայինք, որ մեր կանխիկ հոսքերի, բյուջետային ծախսերի վրա չազդեր, և խոսք գնաց այդ 20 տոկոս բաժնետոմսերի մասին: Տնտեսագետները, որոնք առնչվում են նման գործարքների հետ  կարող են հանրությանը ներկայացնել, թե ինչ մեթոդներ կան ընդհանրապես բաժնետիրական ընկերությունների շուկայական գինը որոշելու պարագայում: Որպես հիմք կարելի է վերցնել ՀայՌուսգազարդի շահույթը, գնահատել, թե տարեկան ինչքան մաքուր շահույթ է ստացել այդ ընկերությունը, պայմանավորվածության գալ, թե այդ շահութաբերության մակարդակը քանի տարվա հիմքով պետք է ձևավորի շուկայական գինը և բազմապատկենք և ստանանք այդ ընկերության շուկայական գինը: Կարելի է հիմքում ընդունել այլ մեթոդ՝ գնահատել ընկերության ակտիվները, հրավիրել մասնագետների, որոնք կտան ակտիվների բալանսային արժեքը, ակտիվներից հանել պարտավորությունները, ստանալ կապիտալը, այդ մեթոդով գնահատել: Կան բազմաթիվ մեթոդներ, բայց բոլոր մեթոդները, որոնք մենք կիրառել ենք, ցույց են տվել, որ 150 մլն դոլարը 20 տոկոսի համար մեզ համար մեղմ ասած շատ ընդունելի տարբերակ է: Դրա համար մենք համաձայնեցինք, որ կարող ենք այդ 20 տոկոսը զիջել, մանավանդ հաշվի առնելով այն առանձնահատկությունը, որ ՀայՌուսգազարդի շահութաբերության մակարդակը բարձր չէ, բայց մոտակա տարիների ընթացքում ներդրումային մեծածավալ աշխատանք պետք է կատարվի, որովհետև ֆիզիկական մաշվածության աստիճանը բավականին բարձր է, դա նշանակում է, որ այդ 20 տոկոսից մենք դիվիդենտ չենք կարող ակնկալել, քանի որ այդ դիվիդինետներն ընկերությունը ներդնելու է և պետք է ներկայացնի նոր ներդրումային ծրագրեր, իսկ այդ դաշտն ամբողջությամբ գտնվում է կարգավորման ոլորտում, այսինքն գները կարգավորվում են պետության կողմից, կարգավորումը գտնվում է կարգավորող հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում: Այդ առումով այդ 20 տոկոսի զիջումը մեզ համար որևէ վտանգ չի ներկայացնում, որովհետև բոլոր որոշումները, որոնք կայացվում են ՀայՌուսգազարդի կողմից, մեզ համար վերահսկելի են և մեզ հետ պարտադիր պետք է համաձայնեցվեն: Այս ընկալումները հանգեցրին հենց այն եզրակացությանը, որ սա մեզ համար ընդունելի և լավագույն որոշումն է, մանավանդ, որ մեր ռուս գործընկերները համաձայնեցին, որ իրենց վրա են վերցնում 150 միլիոնի պարտքի ծածկումը, ինչը և իրականացվեց այս համաձայնագրով, որն Ազգային ժողովը վավերացրեց, որովհետև այնտեղ գրված է, որ ապրիլի 1-ից կիրառվում են գազի մատակարարման այդ նոր գները, ինչը նշանակում է, որ այն 150 մլն-ը, որը ՀայՌուսգազարդն իր բալանսում կուտակել է, ռուսական կողմը դուրս կգրի: Դա նշանակում է, որ այդ խնդիրն արդեն լուծում է Ռուսաստանի Դաշնությունը: Արդյունքում մենք ինչ ստացանք. երեք տարվա բանակցությունների ընթացքում կուտակված պարտքի հարցը լուծեցինք, երկրորդ՝ ապագա հինգ տարիների համար ունենք երաշխավորված մեխանիզմ՝ ինչպես է գազի գինը Հայաստանի Հանրապետությունում ձևավորվելու: Այստեղ անակնկալ որևէ դեպք ապագայում չի լինելու:

Ինչու 30 տարով. այն պարզ պատճառով, որ այս ոլորտը կարգավորվող ոլորտ է: Ընդհանրապես, կարգավորվող ոլորտներում ներդրողների հետ խոսակցությունը վարվում է 30-35 տարվա կտրվածքով, որովհետև այդ ընկերությունների շահութաբերության մակարդակը պայմանավորված է լինելու Հայաստանի Հանրապետության իշխանությունների գործելակերպով. ինչպիսին կլինի շահութահարկը, գույքահարկը 10, 20, 30 տարի հետո, ինչպիսի բնապահպանական նոր նորմեր 30 տարիների ընթացքում մենք կարող ենք սահմանել և այլն: Մարդիկ ասում էին, որ եթե դուք ուզում եք, որ մենք մեզ՝ որպես ներդրողներ, հարմար զգանք ձեր երկրում, մեզ համար 30 տարվա դաշտ ստեղծեք, որ մենք երաշխավորված լինենք, որ անակնկալներ այդ դաշտում մեզ չեն սպասվում, որպեսզի կարողանանք ներդրումներ կատարել: Նմանատիպ բանակցություններ մենք իրականացրել ենք և ավարտել ենք ամերիկյան ընկերության՝ Կոնտուր Գլոբալի հետ, որը ցանկություն ունի գնելու Որոտանի համալիրը: Նույն բանակցություններն են, նույն տրամաբանությամբ: Առնվազն 30 տարվա կտրվածքով մարդիկ ուզում են պատկերացնել, թե իրենց ներդրումները, եթե կատարեցին այդ կարգավորվող դաշտում, իրենց եկամտաբերությունը երաշխավորված ունենալու են, թե ոչ: Սա էլ այդ 30 տարվա ժամկետայնությունը, որը շատ տրամաբանական է և կարծում եմ մենք ինչ որ նորամուծություն այս բնագավառում չենք իրականացրել:

Իրանի հետ կապված բանակցությունները վերջին երեք տարիների ընթացքում, եթե Իրանի դեսպանն այդքան անկեղծացել է և այդպիսի հայտարարություններ էր անում, հետևյալն է: Վերջին երեք տարիների ընթացքում Իրանը մշտապես խնդիր է դնում, որ այն բանաձևը, որը գործում է այսօր՝ մեկը երեքի, որ մենք գազ ենք ստանում և նրանց էլեկտրաէներգիա ենք մատակարարում, պետք է վերանայել, որ իրականում գազի գինն անհրաժեշտ է ավելացնել: Այլ ազդակ Իրանի կողմից մենք չենք ստացել: Ավելին, մենք շատ լավ գիտենք ինչպես են գները ձևավորվում Իրանում և ինչ գներով են նրանք վաճառում գազը: Այնպես որ սա ավելի շուտ պետք է դիտարկել որպես դիվանագիտական վրիպակ, որը ցավոք սրտի մեկ-մեկ հանդիպում է և դա ամենևին չպետք է պատճառ դառնա, որպեսզի մենք ստվեր գցենք մեր բարի հարաբերությունների վրա, որոնք այսօր առկա են Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև:

ԱՐ հեռուստաընկերություն – Պարոն վարչապետ, քաղաքակիրթ աշխարհում հայտնի է, որ այսօր նկատելի են հակածխախոտային տրամադրություններ և կարծեք թե Հայաստանն այս իմաստով բացառություն չէ: Դուք ևս մի առիթով կառավարության նիստի ժամանակ տարակուսանք հայտնեցիք, որ քաղաքացիական հասարակությունը և հասարակական սեկտորը բավականին պասիվ են մեզ մոտ: Մեզ մոտ էլ ծրագրեր իրականացվում են բայց ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հակասության վրա: Կարծեք թե օրենքով Հայաստանում արգելված է ցանկացած տեսակի ծխախոտի գովազդը, այդ թվում արտաքին գովազդը, բայց միևնույն ժամանակ Երևանի ցանկացած կրպակում, այդ թվում Հայմամուլի կրպակում, առատորեն ներկայացված է ծխախոտի տեսականին: Ցանկացած մեծ ու փոքր խանութներում, սուպերմարկետներում ամենապատվավոր տեղը վերապահված է ծխախոտին: Հնարավոր համարու՞մ եք արդյոք, որ օրենքով կարգավորվի այս դաշտը, և ինչպես աշխարհում արդեն փորձը կա Հայաստանում ևս մենք անցնենք ծխախոտի փակ վաճառքին, այսինքն 100 տոկոսով արգելենք ծխախոտի ցուցադրությունը ցանկացած վայրում գոնե դեռահասներին ծխելու գայթակղությունից զերծ պահելու համար, հատկապես, որ շատ բարձր թվեր ունենք ծխողների իմաստով: Եվ եթե կարելի է` երկրորդ հարցը, որը դարձյալ դեսահասներին է վերաբերում: Հաշվի առնելով Մաքսային միությանն անդամակցելու մեր քաղաքական որոշումը, արդյոք հնարավոր է, որ վերանայում կատարվի կրթական համակարգում և 12-ամյա կրթությունը փոխարինվի 11-ամյա կրթությամբ, այնպես ինչպես որ կա Ռուսաստանի Դաշնությունում: Եվ կուզեի Ձեր գնահատականն ավագ դպրոցների ներդրման և այս եռաստիճան կրթական համակարգի վերաբերյալ: Շնորհակալ եմ:

Վարչապետ Տիգրան Սարգսյան- Շնորհակալություն հարցերի համար: Առաջին հարցին ուզում եմ պատասխանել, որ Ես Ձեզ հետ համամիտ եմ: Ես ինքս փորձում եմ իմ շրջապատում պայքարել ծխելու դեմ, ես կարևորում եմ սա, որպեսզի յուրաքանչյուր մարդ, որը գիտակցում է և հասկանում, թե դա ինչ վտանգ է ներկայացնում իր կենցաղավարության մեջ սկսի պայքարել այս արատավոր երևույթի դեմ: Պետք է ցավով նշեմ, որ հայ հասարակության մեջ ծխելու դեմ այդպիսի ակտիվ պայքար չկա և մենք աշխարհում զբաղեցնում ենք առաջին տեղերից մեկը մեկ շնչին ընկնող ծխախոտի և ալկոհոլի օգտագործման առումով: Եվ դա շատ վատ է, որովհետև առաջին հերթին  հարվածում է մեր քաղաքացիների առողջությանը: Պատահական չէ, որ օնկոլոգիական, սրտանոթային հիվանդություններով էլ Հայաստանն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Սրանք փոխկապակցված երևույթներ են և մենք ձեզ հետ պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Առաջին հերթին պետք է այնպես անենք, որպեսզի մեր քաղաքացիները հասկանան դրա վտանգը և օրեցօր ավելանա այն մարդկանց քանակը, որը դեմ է այդ արատավոր երևույթին: Եթե լինի ակտիվիստների հասարակական խումբ, որը կկարևորի այս խնդիրը, մեզ համար ավելի հեշտ կլինի այսօր առաջ գնալ: Դուք ճիշտ նշեցիք, որ մենք օրենքն ընդունել ենք, ցավոք սրտի օրենքում չկան մեխանիզմներ, թե ինչպես պետք է պայքարենք, օրինակ, հասարակական վայրերում օրենքը խախտողների դեմ: Այս հարցը դարձել է բուռն քննարկումների առարկա, այդ թվում նաև նախարարական կոմիտեներում, և մենք մշակել ենք այդպիսի օրենսդրական փաթեթ: Առաջին վիճահարույց խնդիրն այն էր, թե ում վրա ենք պատասխանատվությունը դնում բացահայտելու օրենքի խախտումը, այդ թվում պատժելու, որովհետև քանի որ սա տարածված երևույթ է և առաջին փուլում մենք ունենալու ենք լրջագույն խնդիրներ հասկանալի է, որ մեծ պատասխանատվության բեռ է դրվելու այն մարմնի վրա, ում վրա դրվելու է վերահսկողական մեխանիզմը: Սա համար մեկ խնդիրն է. դա պետք է անի ոստիկանությո՞ւնը, թե դրա պատասխանատվությունը մենք պետք է դնենք տարբեր հասարակական օբյեկտների սեփականատերերի վրա, կամ մենեջմենթի վրա: Սա այդ օրենքի բանավիճային կետերից է: Բայց ես Ձեզ հետ համաձայն եմ, այս օրենքը պետք է անպայման մշակենք և ուղարկենք Ազգային Ժողով: Պետք է խնդրեմ Զանգվածային լրատվական միջոցներին, որպեսզի մեզ աջակցեն այս հարցում, որպեսզի մենք պայքարենք այդ արատավոր երևույթների դեմ:

12-ամյա, 11-ամյա, ավագ դպրոցներ. արդեն բավականին երկար ժամանակ է այս հարցը բուռն քննարկումների առարկա է: Ավագ դպրոցների հայեցակարգը եթե չեմ սխալվում 10 տարի առաջ ներկայացվեց հանրության դատին: Տրամաբանությունը, որ ընկած է այս հայեցակարգի հիմքում, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը չի կարող կրթական բարձր մակարդակ ապահովել բոլոր միջնակարգ դպրոցների, հաշվի առնելով այն միջնակարգ դպրոցների քանակը, որը մենք ունենք: Ունենք 1400-ից ավելի դպրոց, և այդ 1400 դպրոցներում էլ կրթական այնպիսի չափանիշներ ներդնել, որ երեխան դպրոցն ավարտելուց հետո կարող է միանգամից ընդունվել բուհ, այնպիսի ծախսեր է ենթադրում, որ մենք ի վիճակի չենք: Նաև եվրոպական փորձն էր վկայում, որ անհրաժեշտ է ստեղծել ավագ դպրոցների համակարգ, այդ ավագ դպրոցները պետք է զինված լինեն համապատասխան լաբորատորիաներով, ունենան համապատասխան կարողություններ, բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներ, և այնպիսի կրթական նորմեր, որոնք պահպանելու դեպքում մենք կարող ենք հստակ երաշխավորել. եթե երեխան ավարտել է ավագ դպրոցը, ապա նա ավտոմատ պետք է կարողանա բուհ ընդունվել: Դրա համար մենք որդեգրեցինք նաև հետևյալ սկզբունքը, այն է, որ բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, ավարտելը՝ դժվար: Այսինքն, եթե երիտասարդն ավարտել է ավագ դպրոցը, ապա ինքն ավտոմատ պետք է դառնա ուսանող: Դեռևս ավագ դպրոցի ռեֆորմը չի հասցվել իր տրամաբանական ավարտին, որովհետև մեզնից պահանջվում լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումներ՝ առաջին հերթին ավագ դպրոցները կարգի բերելու համար, սկսած շենքային պայմաններից, ավարտված այն լաբորատորիաներով, որոնք խիստ անհրաժեշտ են, որ ավագ դպրոցներն ունենան, ինչպես նաև որպեսզի մենք կարողանանք բարձրացնել ուսուցիչների մակարդակը: Այդ պարագայում մենք նոր կարող ենք գնահատել ավագ դպրոցի մոդելը լավն է, թե ոչ, որովհետև այսօր ստեղծված իրավիճակը համեմատում են Խորհրդային միության տարիների դպրոցական համակարգի հետ: Կարծում եմ՝ դրանք անհամադրելի են: Այս ճանապարհով պետք է գնանք: ԱՊՀ երկրների շրջանակներում ազգային օրենսդրությունները առանձնահատկություններ ունեն: Բելառուսում մի օրենսդրություն, Հայաստանում` մեկ այլ, Ռուսաստանում` այլ: Դուք հիշում եք, որ մենք մեծ կոնֆերանս անցկացրինք, ԱՊՀ երկրների նախարարները ժամանել էին Հայաստան, մենք ներկայացրինք հայկական փորձը, իրենք իրենցը: Համոզված եմ, որ այդ համագործակցությունը հնարավորություն կտա բացահայտել ինչ-որ թերություններ և գտնել դրանք շտկելու եղանակներ: Որոշ բաներ մեր փորձից իրենք են ընդօրինակում, ամեն դեպքում այդ համագործակցությունը դրական արդյունք կտա:

Շարունակելի

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Պատահական չէ, որ գործող վարչապետը արժանացել է՝ Հայոց Օստապ Իբրահիմ Սուլեյման Բերտամարիյա Բեյի տիտղոսին, առանց՝ Իլֆի ու Պետրովի օգնության։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031