Իջեւանցի փաստաբան Ռադիկ Պապյանը հանդիսանալով քրեական գործով մեղադրյալ Էդվարդ Քոսակյանի շահերի պաշտպան, վերջինիս նախնական կալանքից ազատելու պատրվակով Է. Քոսակյանի հորը` Սերժիկ Քոսակյանին համոզել, դրդել է կաշառք տալ իր ծանոթ պաշտոնատար անձանց եւ խաբեությամբ հափշտակել է վերջինիս 3000 ԱՄՆ դոլարը: Ռ. Պապյանը չարաշահելով Ս. Քոսակյանի վստահությունը, իր ծանոթ պաշտոնատար անձանց կաշառք տալու և պաշտպանյալ Է. Քոսակյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով Ս. Քոսակյանից պահանջել է 5000 ԱՄՆ դոլար գումար, ապա վստահությունն ամրապնդելու նպատակով 2011թ. փետրվարի 28-ին Էդվարդ Քոսակյանին է վերադարձրել վերջինիս անձնագիրը, հավաստիացնելով, որ քրեական գործը կարճվել է: Է. Քոսակյանը ստանալով իր անձնագիրը, Բագրատաշենի մաքսային անցակետով լքել է ՀՀ-ի տարածքը, որի համար վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Գիտակցելով, որ Ռ. Պապյանը նպատակ է հետապնդում խարդախությամբ հափշտակել իր 5000 ԱՄՆ դոլարը, Սերժիկ Քոսակյանը հրաժարվել է վերջինիս գումար տալ:
2012թ. սեպտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Ռադիկ Պապյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 34-178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Դատարանը վճռել է վերը նշված 2 հոդվածներով Ռ. Պապյանին դատապարտել 500 000-ական դրամ տուգանքի եւ ՀՀ Անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշման կիրառմամբ՝ նրան ազատել այդ տուգանքներից: Դատարանը վճռել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ռ. Պապյանին դատապարտել 3 տարի ժամկետով ազատազրկման եւ կիրառել համաներում հայտարարելու մասին ՀՀ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշումը ու նշանակված ազատազրկման ձևով պատժի չկրած մասը կրճատել մեկ քառորդով: Ռ. Պապյանը բողոքարկել էր այդ դատավճիռը՝ պահանջելով իրեն անպարտ ճանաչել: 2012թ. դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը(նախագահող դատավոր Ս. Համբարձումյան) որոշել է վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել: Դատարանը վճռել է, որ փաստաբանի կատարած արարքները պետք է որակվեին միայն ՀՀ քր. Օր.-ի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ առանց 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով(կաշառք տալուն դրդելու փորձ) լրացուցիչ որակման: Դատարանը վճռել է վերոհիշյալ 2 հոդվածներով Ռ. Պապյանին դատապարտել 500 հազարական դրամ տուգանքի, սակայն ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ԱԺ 2011թ. մայիսի 26-ի որոշմամբ նրան ազատել պատժից: Քրեական գործով դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել: 2013թ. ապրիլի 18-ին ՀՀ վճռաբեկ դատարանը (նախագահող՝ Դ. Ավետիսյան) որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել եւ օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2012թ. սեպտեմբերի 14-ի դատավճռին: Արդեն 8 ամիս Ռ. Պապյանն իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Նշենք, որ նա նախկինում եղել է Իջեւանի տարածաշրջանում Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանը:
2012թ. դեկտեմբերի 14-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Ռադիկ Պապյանի կնոջը՝ Իջեւանի զինկոմիսարիատի ֆինանսատնտեսական բաժանմունքի նախկին պետ Հրանուշ Ներկարարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով դատապարտել է 4 տարվա ազատազրկման եւ համաներման մասին որոշումը կիրառելով՝ պատժաչափի չկրած մասը նվազեցրել քառորդ մասով: Հ. Ներկարարյանը խարդախությամբ, կենսաթոշակառուների թոշակների վճարման տեղեկագրերում կեղծ ստորագրություններ դնելով՝ յուրացրել է 10 միլիոն 732 հազար դրամ: Ներկարարյանը դիմել է Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարան, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը մնացել է անփոփոխ:
Հ. Ներկարարյանն այժմ իր պատիժն է կրում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Հավելենք՝ մինչ ընթանում էր Ռ. Պապյանի դատավարությունը, նա բաժանվել է Հրանուշ Ներկարարյանից եւ ամուսնացել Դիլիջան քաղաքից մի աղջկա հետ:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ